Հայի բախտ

Գերմանիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը միանշանակ ընկալում չունեցավ: Գլուխը քարը, թե ռուսական հեռուստաընկերությունների թոք-շոուներում աննկուն թուրքատյաց մշտական մասնակիցները մեղմեցին իրենց ելույթները: Եթե ընդհանրացնենք ռուս քաղաքական ու պետական գործիչների ելույթները, կստացվի հետևյալ պատկերը՝ «Հանցագործ Արևմուտքը հարձակում է սկսել Թուրքիայի դեմ: Այն նույն Թուրքիայի, որի հետ Ռուսաստանը բարեկամական փառահեղ հարաբերություններ ուներ մինչև ռուսական ինքնաթիռի խոցումը: Հիմա, եթե Թուրքիան ներողություն խնդրի իր սխալի համար, ՌԴ-ն կկանգնի իր բարեկամի կողքին»: Քաղաքականությունը, մեղմ ասած, տարօրինակ երևույթ է: Այդ ոլորտում գերիշխողը միշտ էլ շահն է: Ազգային ու պետական շահը: Բայց չգիտես ինչու, մենք՝ հայերս, շարունակում ենք բարոյական արժեքներ փնտրել այդ ոլորտում: Հետևաբար՝ մեզանից շատերի համար համարյա անսպասելի էր ամենահանրահայտ թուրքատյաց գործչի՝ Ժիրինովսկու դիրքորոշումը ռուսական պետական հեռուստատեսության կիրակնօրյա եթերում:

Բայց իսկապես ՌԴ քաղաքական շրջանակները, կեսբերան ներողության սպասումով, պատրաստ են պաշտպանել Թուրքիային Արևմտյան երկրների հարձակումից: Հարավային գազատարն էլ կյանքի կկոչեն, ատոմակայանի շինարարության ծրագիրն էլ: Հստակ հասկանալով, որ դրանով Թուրքիային համարյա միջուկային պետության կարգավիճակ կտան: Այդպիսին է քաղաքականությունը: Ուր ամեն պետության ղեկավարություն իր ընկալումների ու պատկերացումների շրջանակում փորձում է առաջ տանել իր պետական շահը: Մեր քաղաքական գործիչները դեռ չեն արձանագրել, կամ էլ պարզապես դեռ չեն հասցրել նկատել ու վերլուծել կատարված փոփոխությունները:

Հատկապես, որ շեղող հրաշալի պատճառ կա: Խոսքը Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակի մասին է: Նամակ` գրված Թուրքիայի նախագահին: Բուն նամակը Հայաստանում հավանաբար ոչ ոք չի կարդացել: Նամակի տեքստը Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքում տեղադրված չէ: Ավելին, կայքում որևէ լուր չկա, որ պատրիարքական փոխանորդը պաշտոնական նամակ է առաքել: Հայ հասարակությունը նամակի բովանդակությանը հիմնականում ծանոթ է Կոստանդնուպոլսի հայկական «Ակոս» թերթի հրապարակումից, որի մեջ մեծ մեջբերումներ են արված նամակից:

«Ակոս» շաբաթաթերթի խմբագրությունը քաղաքավարության կանոնները պահելով՝ պատրիարքական փոխանորդին նամակ է առաքել, խնդրելով լսել թուրքահայ համայնքի այն անդամների ձայնը, «որոնք համաձայն չեն այդ (թուրքահայ համայնքի անունից գրված.- Ա.Գ.) նամակի բովանդակության և ոճի հետ»: Ոճն իսկապես տարօրինակ է: Բարձրագույն հայ եկեղեցական պաշտոնյան անդրադառնալով Բունդեստագի որոշմանը` գրում է. «Հայ ազգն օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից»:

Իսկապես անհասկանալի է, թե ինչ զգացում կարող է ունենալ հայ մարդը` գրելով. «Դժբախտաբար հայ ժողովրդին բաժին հասած այս պատմական ցավը Թուրքիայի պետությանը և ժողովրդին մեղադրելու կամ պատժելու գործիք է համարվում»: Նամակը, որ պաշտոնապես չի հրապարակվել պատրիարքարանի կայքում, վիրավորանք ու անհամաձայնություն ծնեց, բնականաբար, առաջինը` հենց թուրքահայ համայնքում: Իսկ Հայաստանում այն պարզ զայրույթ առաջացրեց: ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական ելույթում հայտարարեց, որ «Նման խայտառակ նամակ է եղել, սա բոլորի ամոթն է, սրանից շատ արագ պետք է հետևություն անել»:

Պատգամավորը նույնիսկ պատրիարքական փոխանորդին կարգալույծ անելու առաջարկ հնչեցրեց: Նամակը հավանաբար անսպասելի էր նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի համար: Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը մեկնաբանելով նամակը՝ ասաց. «Չեմ բացառում հարկադրանքը»: Իսկապես Կոստանդնոպոլսի Հայոց պատրիարքարանի եկեղեցականները միշտ էլ գտնվում են պետության խիստ հսկողության ներքո:

Ի վերջո, բավական է հիշել «գործող» պատրիարքի հետ կատարվածը: 1998թ. պատրիարք ընտրված Ս. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հանդեպ Թուրքիայում մի քանի անգամ մահափորձ կազմակերպվեց, իսկ տարիներ առաջ թուրքական հոսպիտալում բուժման կուրս անցնելուց հետո նա առ այսօր գործունակ չէ և տառապում է տկարամտությամբ: Պատրիարք հոր առողջական այս վիճակի պատճառով, Թուրքիայի իշխանությունների համաձայնությամբ՝ պատրիարքական փոխանորդ է ընտրվել արքեպիսկոպոս Աթեշյանը:

Իր փոխանորդության շրջանում սրբազանը երբեք աչքի չի ընկել որևէ համարձակ ձեռնարկով և մշտապես երկրորդել է Թուրքիայի քաղաքական առաջին դեմքերին: Իհարկե, կարելի է պարզ մարդկային արդարացում հորինել` արդարացնելու փոխանորդի նամակը: Խոսել Թուրքիայի` 70-200 հազարանոց հայ համայնքի անվտանգության մասին: Հիշատակել նաև այդ երկրում աշխատանք գտած ՀՀ քաղաքացիներին: Բայց նույնքան հասկանալի է նաև նամակից դժգոհողների զայրույթն ու տարակուսանքը: Ի վերջո, դարեր շարունակ Հայ Եկեղեցին սերունդներ է դաստիարակել՝ անընդհատ հիշատակելով Ղևոնդյանց քահանաների օրինակը:

Ու այդ դասը շատերն են ճիշտ յուրացրել: Ընդունեք, որ «Ակոս» թերթի խմբագրակազմը շատ ավելի իրավունք ունի իրեն Ղևոնդյանց ժառանգ համարելու, քան պատրիարքական փոխանորդը:

Տեսանյութեր

Լրահոս