Բաժիններ՝

«Դանդաղ շտապելով՝ գնալու ենք առաջ». Հովիկ Աբրահամյան

«Ոչ կառավարական կազմակերպություններին անցած տարի պետական միջոցների հատկացումների չափն անցել է 9 մլրդ դրամից: Առնվազն 1 միլիարդ դրամ` մոտ 2 մլն դոլար, ուղղված է եղել բավականին կասկածելի նպատակի` ապահովել իշխող ՀՀԿ-ի քաղաքական հենարանի սնուցումը: Եվ դա արվել է բավականին բարեպաշտ անվանումների տակ, օրինակ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որ ստացել է 129 մլն դրամ, ընդամենն ապահովում է բուհերում ՀՀԿ երիտթևի ազդեցությունը բուհական համակարգում»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա` բավականին լուրջ գումարներ են տրամադրվել մարզային ուսանողական միջոցառումների համար, իսկ ոչ ավել, ոչ պակաս, 777 մլն դրամ հատկացվել է արտադպրոցական դաստիարակության հ/կ-ների կողմից Հանրապետական պիոներիայի հետ աշխատանքի համար: Լ.Զուրաբյանը հարցրեց, թե արդյոք ավելի լավ չէ՞ր այդ գումարը ծախսել բանակի համար անհրաժեշտ ջերմադիտակների ձեռքբերման համար, որը հնարավորություն կտար մոտ 800 ջերմադիտակ ձեռք բերել:

«Արդյոք ժամանակը չէ՞ դադարեցնել պետբյուջեի միջոցների օգտագործումը իշխող կուսակցության ամրապնդման նպատակով»,- հարցրեց պատգամավորը:

«Հիմնադրամի հետ կապված ՀՀԿ-ն այդ անհրաժեշտությունը չունի, որ բյուջեից ծախսեր անի կուսակցության PR-ի նպատակով»,- հակադարձեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` խոստանալով գրավոր մանրամասներ ներկայացնել գումարների ծախսի մասին: Նա վստահեցրեց, որ կառավարությունը գնում է ծախսերի արդյունավետության ճանապարհով, ու թեև շատ քաղաքական գործիչներ կան, որ չեն ուզում հավատալ, բայց իրենք կոնկրետ քայլերով կհամոզեն:

Կարդացեք նաև

«Այն ծրագիրը, որ մենք դրել ենք մեր առջև, մենք դրանք քայլ առ քայլ իրականացնում ենք: Ուղղակի պետք չէ ակնկալել, որ մեկ հարվածով բոլոր խնդիրները լուծվելու են: Դրա համար ժամանակ և ռեսուրս է պետք, և մենք հետևողական, դանդաղ շտապելով՝ գնալու ենք առաջ: Արդյունքները կտեսնեք շուտով»,- ասաց Հ.Աբրահամյանը` հավելելով, որ նախարարություններում կրճատումներ են կատարվում` փոխնախարարների մակարդակով:

Լ.Զուրաբյանի դիտարկմամբ` պետք է հասկանալ, որ Հայաստանի կենսական նպատակն անվտանգությունն է, բայց հ/կ-ներն ամբողջ աշխարհում ոչ կառավարական են և ֆինանսավորվում են ոչ թե՝ կառավարության, այլ՝ բարեգործների կողմից:

Ըստ նրա` այն պահից, երբ կառավարությունը սկսում է ֆինանսավորել ոչ կառավարական կազմակերպություններին, դա նշանակում է, որ նրանք կառավարական են. «Սա բերում է նրան, որ իշխող կուսակցությունը չարաշահում է ՈԿԿ-ների ֆինանսավորումը սեփական քաղաքական նպատակով: Հուսով եմ, որ այս արատավոր պրակտիկան կդադարեցվի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս