
Գերմանիայի հարցերով Թուրքիայի հավատարմատարը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի պատճառով

Գերմանիայի հարցերով Թուրքիայի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է Գերմանիայի ԱԳՆ՝ քննարկելու Անկարայի ռեակցիան Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու առնչությամբ: Այս մասին հայտնում է գերմանական DPA գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական շրջանակներին:
«Զրույցը վերաբերել է վերջին օրերի իրադարձություններին ու Հայոց ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագի ընդունած բանաձևին»,- հայտնել են Գերմանիայի ԱԳՆ-ից:
«Խոսակցության ժամանակ գերմանացի դիվանագետները մատնանշել են Գերմանիայի և Թուրքիայի միջև ավանդական սերտ ու վստահելի հարաբերություններն ու հասկացրել, որ գերմանացի պատգամավորների հասցեին վերջին արտահայտությունները չեն համապատասխանում դրան ու չհասկացվածություն են առաջացնում»,- գրում է գործակալությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ հայտարարել է, որ չի հասկանում Անկարայի քննադատության պատճառը: «Կապված բանաձևի հետ, որն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագը, հայտնի է, որ գոյություն ունի երկու տարբեր կարծիք՝ Գերմանիայի Բունդեսթագի մեծամասնության և թուրքական կողմի: Ես անձամբ, կապված դրա հետ, կշարունակեմ հանդես գալ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ բանակցությունների օգտին: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն ազատ ընտրված պատգամավորներ են, առանց բացառության, և դժգոհություններն ու հայտարարությունները, որոնք հիմա անում է թուրքական կողմը, անհասկանալի եմ համարում»,- հայտարարել է Մերկելը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքները՝ ուղղված ծագումով թուրք գերմանացի պատգամավորներին:
«Շատերն ասում են, որ նրանք թուրքեր են: Ներողություն, ի՞նչ թուրքեր: Նրանց արյունը հարկավոր է ուղարկել հետազոտության՝ լաբորատորիա»,- հայտարարել էր Էրդողանը: