Վահրամ Բաղդասարյանը՝ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու և Սամվել Բաբայանի վերադարձի մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավապահ մարմինները կքննեն Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքը և որոշում կկայացնեն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Ես դեռ այդ դեպքի մանրամասներին տեղյակ չեմ: Դա կարող է սադրանք լինել, տարբեր դրսևորումներ կարող են լինել: Բայց չեմ կարծում, որ Արցախի իշխանությունները կարող էին հանդես գալ նման նախաձեռնու թյամբ: Անգամ ծիծաղելի եմ համարում նման խոսակցությունները: Արցախի իրավապահ մարմինները կքննեն դեպքը, որոշում կընդունեն, մենք էլ կհետաքրքրվենք և կճշտենք մանրամասները»,- ասաց Բաղդասարյանը:
Հարցին՝ հնարավո՞ր համարում է, որ Սամվել Բաբայանը նշանակվի ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես ողջունում եմ ազգային հերոսների և պատկառելի անձանց վերադարձը, սակայն պաշտոնով չէ, որ մարդիկ պետք է իրենց պարտքը կատարեն հայրենիքի նկատմամբ: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ցանկացած իրավիճակում, եթե ունի համապատասխան ներուժ և փորձ, պետք է դրանք օգտագործի իր հայրենիքի պաշտպանության համար: Պաշտոնը չէ, որ այս ամենը պարտավորեցնում է, հայրենիքը պաշտպանել պարտավորեցնում է Հայաստանի կամ Արցախի քաղաքացի լինելը»:
Դիտարկմանը, թե Արցախում ընդդիմադիրները ստորագրահավաք են սկսել Սամվել Բաբայանին ԼՂՀ ՊԲ հրամանատար նշանակելու պահանջով, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ստորագրահավաքներով և հավաքներով բանակի ճակատագիր չեն որոշում, նման տիպի հավաքներով պաշտոնների չեն նշանակում:



