«Այս արարքը միայն և միայն օգտագործելու են մեր թշնամիները». Թևան Պողոսյանը՝ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին

«Դատապարտում եմ ցանկացած տիպի բռնություն. այստեղ կապ չունի՝ դու արցախցի ես թե որտեղացի»,- այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին:

Թ. Պողոսյանի կարծիքով՝ ընդհանրապես չի կարելի որևէ հարց բռնությունով լուծել: Նրա խոսքով՝ մեր պատերազմը չի ավարտվել, ու ցանկացած մեկը, ով ուզում է բռնություն գործադրել, լավ կլինի՝ գնա առաջին գծում պաշտպանի իր հայրենիքը և իր էներգիան այնտեղ ծախսի:

«Այսօր առավոտյան ես ոգևորված և ոգեշնչված էի նրանից, որ Արցախում հնարավոր է ազատ գնալ, մարդկանց դիմավորել, տեղում ցույց կազմակերպել, հանպատրաստից երթ կազմակերպել ու ինչ-որ պահաջներ դնել: Դրանք բոլորը ժողովրդավարության նշաններ էին, որոնք իսկապես տարբերում էին Արցախը նույն Ադրբեջանից: Բայց այն, ինչ դրանից մի քանի ժամ հետո տեղի ունեցավ, կոնկրետ բռնությունը Հայկի հանդեպ, իսկապես ցավալի էր, և իսկապես պետք է կոչով դիմել Արցախի իշխանություններին, որ կարողանան շատ արագ և սեղմ ժամկետներում հետաքննություն անել և գտնել բոլոր մեղավորներին ու բոլորին պատժել: Այլ պարագայում այս արարքը միայն և միայն օգտագործելու են մեր թշնամիները՝ ցույց տալու, որ իրենց միջև որևէ տարբերություն չկա: Հասկանալի է, որ այս ծեծը չի եղել ուրիշ այլ խնդիրներից՝ բացի երեկվա Հայկի ակտիվությունից»,- նշեց Թ. Պողոսյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս