Իմ կալանավորումը թանկ կնստի Ադրբեջանի իշխանությունների վրա. Խադիջա Իսմայիլովա
Ադրբեջանցի լրագրող և իրավապաշտպան Խադիջա Իսմայիլովան, դուրս գալով բանտից, BBC-ի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները սխալ են թույլ տվել՝ իրեն ազատազրկելով ու ստիպված են եղել ազատ արձակել բանտից:
Իսմայիլովայի հետ բանտից դուրս գալուց հետո զրուցել է BBC-ի ադրբեջանական ծառայության թղթակից Էլնարա Մամեդովան:
Լրագրողի հարցին, թե ինչ տպավորություն է ստացել բանտից դուրս գալուց հետո, Իսմայիլովան ասել է, թե այն Ադրբեջանը, որը տեսավ ազատազրկումից հետո, այնքան էլ չի տարբերվել այն երկրից, որը մինչ այդ էր:
«Երբ ես կալանավորվեցի, արդեն սկսել էին լայնամասշտաբ բռնաճնշումները իրավապաշտպանների ու լրագրողների դեմ, մի քանի գործընկերներ, երիտասարդ ակտիվիստներ արդեն կալանավորված էին»,- ասել է Իսմայիլովան՝ հավելելով, թե դեռ բանտերում են գտնվում 80-ից ավելի քաղբանտարկյալներ:
«Այսինքն՝ երկրում առանձնահատռուկ փոփոխություններ չկան: Երկրում դեռ գոյություն ունի բռնապետությունը, երկրում դեռևս շարունակվում են կալանավորումները»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ մանաթի դևալվացիայից հետո երկրի տնտեսական վիճակը երևում էր նաև բանտ ուղարկվող կապոցներին նայելիս:
«Այսինքն՝ ճգնաժամը զգացվում էր նաև բանտում: Բոլորը հասկանում էին, թե ինչ է տեղի ունենում երկրում, չնայած այն բանին, որ տեղեկատվության միակ աղբյուրը հեռուստաալիքներն էին, որոնք փորձում են ցուցադրել երկրում տեղի ունեցող իրադարձությունների ավելի ուրախ պատկեր: Սակայն այն, ինչ ցուցադրում են հեռուստացույցով, դա մեկ բան է, իսկ կյանքը բոլորովին այլ բան է, ու այդ տարբերությունը զգացվում է նաև բանտում: Այն ժամանակից ի վեր, երբ դուրս եկա բանտից, փորձեցի գնումներ կատարել, ու գներին նայելիս կարելի է նկատել՝ կա բավական լուրջ ինֆլյացիա, բավական լուրջ տնտեսական անկում ու դա ազդում է սովորական քաղաքացիների կյանքի վրա»,- ասում է նա:
Հարցին, թե արդյոք խոսել է իր փաստաբան Ամալ Քլունիի հետ, Իսմայիլովան ասել է, որ վերջինս իրեն զանգել է բանտից ազատվելուց հետո:
«Նա, իհարկե, շատ ուրախ էր, որ ազատ եմ արձակվել: Դրանից հետո մենք խոսել ենք ևս մի քանի անգամ, պլանավորում ենք մեր հետագա քայլերը՝ դիմելու ՄԻԵԴ-ին, քանի որ ոչ բոլոր մեղադրանքներն են հանվել իմ վրայից, մենք լրջորեն մտադիր ենք հասնել արդարացման Եվրոպական դատարանում»,- պատմել է Խադիջան՝ հավելելով, թե պետք է անի ամեն ինչ, որ Ադրբեջանի կառավարությունը պատասխանատվություն կրի այն բանի համար, որ իրեն այդքան ժամանակ պահել է բանտում: Վերջինս նաև տեղեկացրել է, որ Ամալ Քլունին իր շահերն է ներկայացնելու ՄԻԵԴ-ում:
«Հենց ստանամ Գերագույն դատարանի որոշումը, կկազմենք բողոքը՝ արդեն կոնկրետ մեղադրանքներով ու դատարանի որոշման հիման վրա: Ամալ Քլունին իմ շահերը կպաշտպանի մի շարք այլ փաստաբանների հետ, որոնք իմ շահերը պաշտպանել են ինչպես տեղի դատարաններում, այնպես էլ Եվրոպական դատարանում»,- ասել է նա:
Հարցին, թե ինչն է ստիպել Ադրբեջանի իշխանություններին ստիպել ազատել իրեն, Խադիջա Իսմայիլովան պատասխանել է, որ «Ադրբեջանի իշխանությունները մեծ սխալ են գործել»:
«Ինձ կալանավորելու նպատակն այն էր, որ քիչ քննադատություն լիներ՝ նրանք չհասան իրենց նպատակին: Նրանք չհասան նաև իրենց մյուս նպատակին՝ որպեսզի քիչ հետաքննություններ լինեին կոռուպցիայի մասին: Հետաքննությունների թիվն ավելացել է: Համաշխարհային հանրության ուշադրությունը Ադրբեջանում կոռուպցիայի հարցի վերաբերյալ, ավելացել է: Իմ կալանավորումը դրա պատճառներից էր: Տարօրինակ է, որ Ադրբեջանի կառավարությունը հաշվի չէր առել այդ ռիսկերը, քանի որ ինձ բանտում պահելը նրանց վրա թանկ նստեց, քան իմ ազատությունը: Ստիպված եղան ազատ արձակել: Հարկավոր է ստիպել կառավարությանը թանկ վճարել այն բանի համար, որ նրանք անօրինական կալանավորում են մարդկանց: Ոչ միայն այստեղ՝ Ադրբեջանում, այլև ամենուր»,- ասում է նա:
Հիշեցնենք, որ Իսմայիլովան բանտում անցկացրել է մեկուկես տարի ու պայմանականորեն ազատ է արձակվել մայիսի 25-ին:
«Ազատություն» ռադիոկայանի Բաքվի ծառայության նախկին աշխատակիցը անցած տարվա սեպտեմբերին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտվել էր 7,5 տարվա ազատազրկման: Նրան կալանավորել էին 2014թ. դեկտեմբերի սկզբին:
Լրագրողին դատարանը մեղավոր էր ճանաչել զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու ու իշխանությունը չարաշահելու մեջ: Անձամբ լրագրողը պնդում էր, որ իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն են:
Խադիջա Իսմայիլովան մշտապես եղել է Ադրբեջանի կառավարության թիրախում իր լրագրողական գործունեության պատճառով: Նա մի շարք լրագրողական հետաքննությունների հեղինակ է, որտեղ բացահայտել է Ադրբեջանի իշխանական վերին օղակներում կաշառակերությունն ապացուցող փաստեր: