«Թուրքիայում հետապնդում են Բունդեստագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին կողմ քվեարկած թուրք 11 պատգամավորներին»

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ թեև օրեր առաջ սխալ կանխատեսում էր արել Բունդեստագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման մասով, սակայն հիմա էլ առանձնապես ոգևորվել, ըստ նրա, պետք չէ:

Հիշեցնենք, որ բանաձևի ընդունումից առաջ թուրքագետը ասել էր, որ Գերմանիան այն պետությունն է, որն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ եղել է Թուրքիայի դաշնակիցը և ինչ-որ տեղ մասնակից է այդ երկրի ցեղասպան գործողություններին, ու մտահոգություն հայտնել, թե գուցե բանաձևը չընդնունվի:

Այսօրվա ասուլիսին էլ նա շեշտեց, որ Գերմանիան հայտնի է ոչ միայն իր ժողովրդավարությամբ, այլև Թուրքիայի հետ բազմավեկտոր համագործակցությամբ ու հանցակցությամբ.

«Թուրք-գերմանական համագործակցությունը տարբեր ոլորտներում ակնհայտ է եղել, ու ցավոք, շատ հաճախ եղել է հայկական շահերին հակառակ: Եկեք չմոռանանք, որ, ի վերջո, Գերմանիան այն պետությունն է, որը ապաստան է տվել Թալեաթին, Էնվերին, Ջեմալին ու մյուս երիտթուրք հանցագործներին, ընդ որում՝ կիսապաշտոնական մակարդակով: Գերմանիայի ապաշխարելն, իրոք, ունի բավականին հետաքրքիր ու բազմավեկտոր նշանակություն: Իրավական հետևանքների մասով վատատես եմ ու կարծում եմ, որ այս հարցը բարոյական, քաղաքական մեսիջների հարթությունում է տեղավորվում»:

Ըստ նրա՝ բանաձևի ճանաչման կապակցությամբ այն էյֆորիան, որ տիրում է տարբեր շրջանակներում անտեղի է.

«Սա այնպիսի տեքստ է, որից ամեն կողմ փորձում է իր համար որոշակի օգուտներ քաղել կամ տեսնել: Եթե խոսենք հայկական օգուտների մասին, ապա կարող ենք ֆիքսել մի կարևոր փաստ՝ Հայոց ցեղասպանության խնդիրը առնվազն երկու-երեք օր գտնվում է միջազգային մամուլի, հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում, ինչը լայնացնում է Հայոց ցեղասպանսության ճանաչման ընկալման աշխարհագրությունը ու շատ հետաքրքիր քննարկումների առիթ դառնում հենց Թուրքիայում: Հետաքրքիր է, որ թուրքական մամուլը չնայած՝ առաջնորդվում է ժխտման տենդենցներով, բայց այնուամենայնիվ, այնտեղ նույնպես Հայոց ցեղասպանության խնդիրը ուղղակի թե անուղղակի արծարծվում է: Միևնույն ժամանակ, այս հարցն ի ցույց է դնում թուրքական պետական մոտեցումների անհամաչափությունը եվրոպական կամ համամարդկային արժեքներին»:

Թե ինչո՞ւ հենց հիմա, և ինչո՞ւ՝ Գերմանիան, թուրքագետի կարծիքով պայմանավորված է Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունների բարդ փուլով.

«Եվրոպային անհրաժեշտ են զսպող մեխանիզմներ ու կարծում եմ՝ ամենևին էլ պատահական չէ միգրանտական խնդրի ծավալման համատեքստում ընդունված այս որոշումը: Ինձ համար, որպես թուրքագետ, շատ հետաքրքիր է, որ բանաձևին կողմ է քվեարկել թուրք 11պատգամավոր և հիմա Թուրքիայում տեղի է ունենում այդ պատգամավորների հետապնդում: Այսինքն՝ գտնում են գյուղերը, ընտանիքներին, և Թուրքիայում նկարներով ու հասցեներով տարածված են այդ 11 թուրք պատգամավորների մասին տեղեկություններ»:

Նա նկատեց նաև, որ Թուրքիայի նոր վարչապետը չկարողացավ միջազգային խաղի կանոններին համապատասխան Թուրքիայի ուրացման քաղաքականությունն առաջ տանել:

Ռ. Մելքոնյանի խոսքով՝ բանաձևի ընդունման փաստն, ամեն դեպքում, շատ կարևոր է. «Սա քաղաքակիրթ Եվրոպայի միասնական կարծիքն էր»:

Տեսանյութեր

Լրահոս