«Ցավալի է, որ Հայոց ցեղասպանության խնդիրը ևս մեկ անգամ դառնում է միջազգային քաղաքական առևտրի առարկա». Ռուբեն Մելքոնյան

«Գերմանիայի Բունդեստագի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը 2 հետաքրքիր տարր է պարունակում: Առաջինն այն է, որ շեշտվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Ցեղասպանությունը: Այս հանգամանքը հատկանշական է նրանով, որ 100 և ավելի տարի անց Ցեղասպանությունը չի մոռացվել: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ բանաձևում ընդհանրական ձևակերպում է արված. նշվում է, որ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացվել է Ցեղասպանություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ նկատելով, որ Հայոց ցեղասպանության բացառիկությունը մի փոքր ստվերվում է, քանի որ «հայերի և այլ ժողովուրդների» ձևակերպումը կա. «Բայց եթե ընդհանրական նայենք, դրական շեշտադրումներ կարող ենք տեսնել»:

Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին ու բանաձևն ընդունելու հավանականությանը, ապա թուրքագետը նկատեց հետևյալը. «Թուրքական արձագանքները ստանդարտ են, բայց միևնույն ժամանակ՝ ես նկատում եմ հին մեթոդներին վերադարձ: Սա Թուրքիայի արտաքին քաղաքականությանը նետված մարտահրավեր է Դավութօղլուի հեռանալուց հետո: Այսինքն՝ սա առաջին արտաքին մարտահրավերն է լինելու, որին թուրքական դիվանագիտությունը փորձելու է դիմագրավել՝ առանց Դավութօղլուի: Թուրքիայի նոր վարչապետի համար առաջին միջազգային քննությունն է լինելու՝ որքան էլ Բինալի Յըլդըրըմի հռետորաբանությունը Հայոց ցեղասպանության հարցում բավական հնաոճ է»:

Իսկ բանաձևի ընդունման շանսերի վերաբերյալ նշեց, որ չպետք է մոռանալ Գերմանիայում թուրքական հզոր համայնքի մասին, որի զգալի մասն ընդգրկված է պետական ամենատարբեր մարմիններում. «Այս հանգամանքն անտեսել հնարավոր չէ, այնպես որ, ընդունման գործընթացին վնասող գործառույթներից մեկն էլ կարող է թուրքական համայնքի կողմից տարվող աշխատանքը լինել: Բայց եթե անգամ հայանպաստ բանաձևը Բունդեստագում չանցնի, գոնե կստիպի մեկ անգամ ևս լայնորեն քննարկել Հայոց ցեղասպանության թեման: Չմոռանանք նաև, որ Գերմանիան այն պետությունն է, որն Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ եղել է Թուրքիայի դաշնակիցը և ինչ-որ տեղ մասնակից է այդ երկրի ցեղասպան գործողություններին»:

Թուրքագետը նաև նկատեց, որ Թուրքիայի նպատակները գնալով մեծանում են փախստականների հարցի շուրջ, և ըստ նրա՝ այս բանաձևը զսպաշապիկի դեր է խաղալու Թուրքիա-Եվրամիություն բանակցությունների համատեքստում՝ թուրքական նկրտումները զսպելու տեսանկյունից. «Սա նաև ընդհանուր Եվրամիության մեսիջն է Թուրքիային: Ցավալի է, որ Հայոց ցեղասպանության խնդիրը ևս մեկ անգամ դառնում է միջազգային քաղաքական առևտրի առարկա, այս պարագայում՝ Գերմանիայի կողմից»:

Տեսանյութեր

Լրահոս