Ամբողջ Եվրոպան պետք է արձագանքի այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում. Գոնզալո Գուարչ
Աշխարհը պետք է առերեսվի պատմական իրողության հետ և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նաև չպետք է սպասի, որ անցնի 1 դար և հենց հիմա պետք է արձագանքի այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց իսպանացի գրող, հայկական թեմատիկայով 4 գրքի հեղինակ Գոնզալո Գուարչը:
«Տեսա, թե Հայաստանում ինչ ուրախություն է տիրում Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմամբ պայմանավորված: Գերմանիայի կողմից 1915 թվականի դեպքերը Հայոց ցեղասպանություն ճանաչելը շատ կարևոր է: Դա առաջընթաց պետք է համարել, որովհետև կարող էր և ոչինչ տեղի չունենալ, աշխարհը կարող էր լռել: Այստեղ ես կցանականամ մի բան ասել, եթե տարիներ անց Գերմանիան մնա պարզապես ցեղասպանությունը ճանաչած երկիր, ես որպես քաղաքացի կասեմ, որ դա քիչ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գոնզալո Գուարչը: Նա նշեց, որ այսօր էլ դաժան իրողություններ են տեղի ունենում, որոնց պետք է համարժեք արձագանքել: Խոսելով Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից` իսպանացի գրողը նշեց, որ այնտեղ պատերազմ է, որի պատճառով վտանգված է խաղաղ բնակչությունը, հետևաբար պետք է գործնական քայլեր իրականացնել:
«Գերմանիան ընդունում է իր մեղսակցությունը 101 տարի անց, արդյո՞ք բավարար է առերսվել միայն պատմական իրականության հետ, չկա՞ ճիշտ գնահատական տալու անհրաժեշտություն Ղարաբաղում տեղի ունեցածին, Թալիշում անզեն գյուղացիներին սպանելու վերաբերյալ, թե՞ դրա համար ևս 100 տարի պետք է անցնի». լրագրողի այս դիտարկմանը իսպանացի գրողը նշեց, որ իրականությունը միշտ անարդար է:
«Ոչ միայն Գերմանիան, այլև ամբողջ Եվրոպան պետք է արձագանքի այն ամենին, ինչ տեղի է ունենում Արցախում: Գիտենք, որ սահմանին զոհվում են երիտասարդներ, բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը, շատերը գիտեն Թուրքիայի և Արդբեջանի խորը կապերի մասին: Երբ մարդը հասկանում է և ոչինչ չի անում, ապա դա անգործություն է: Այժմ եվրոպական քաղաքականությունն անգործության է մատնված: Հայկական հարցն ազնիվ, ճշմարիտ հարց է և քաղաքագետները, գործիչներն այս ամենը պետք է խորքից հասկանան ու գործեն: Այժմ դեմոկրատական մի շարք երկրներում խոսում են հավասարությունից, առաջադեմ գաղափարներից, բայց մոռանում են, որ կան փոքր պետություններ, որոնք դժվար պայմաններում են ապրում»,ասաց Գոնզալո Գուարչը:
Գոնզալո Գուարչը հայկական թեմատիկայով 4 գրքերի հեղինակ է: Հայոց պատմությունն ուսումնասիրելու գործում դերակատարություն է ունեցել մի հայ կին, ով ապրում էր Ժնևում: Գոնզալո Գուարչը պատմում է, որ ժամանակին գիրք է գրել քրդերի մասին: Այդ գիրքը կարդացել էր մի հայ կին, ով, Ժնևում տեսնելով իսպանացի գրողին, ասել էր` դուք այն մարդն եք, ով պետք է գրի իմ ազգի մասին: Դրանից հետո իսպանացի գրողը սկսել է ուսումնասիրել Հայոց պատմությունը, հայ ազգի հետ կապերն ամրապնդվել են Հայաստան այցելությամբ: Եվ հիմա, իր գրքերը տարբեր լեզուներով թարգմանելով, աշխարհին ներկայացնում է Հայոց ցեղասպանության հետ կապված իրողությունը, դրան հաջորդող ժամանակաշրջանը:
Գոնզալո Գուարչը պարգեւատրվել է ՀՀ նախագահի, Մշակույթի նախարարության, ՀԲԸՄ և Երեւանի պետհամալսարանի կողմից: Պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով: Նախորդ տարի Երեւանի պետական համալսարանի հրատարակչությունը հրատարակել է Գոնզալո Գուարչի «Սպիտակ լեռը» վեպը: Նույնպես նախորդ տարի ԱՄՆում լույս է տեսել Գուարչի «Հայկական կտակ» վեպի անգլերեն տարբերակը: