
Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով և թատրոնի տնօրեն Ա. Արզումանյանի հրամանով նշանավոր դիրիժոր Կոնստանտին Գարիի Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: Այդ մասին տեղեկացնում են թատրոնից: Նա ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի զարմիկն է։
Կոնստանտին Գարիի Օրբելյանը ծնվել է 1956 թ. Սան Ֆրանցիսկոյում՝ սյունեցիների ընտանիքում: Չորս տարեկանից արդեն սովորել է Սան Ֆրանցիսկոյի կոնսերվատորիային կից մանկական երաժշտական դպրոցում, իսկ որպես դաշնակահար դեբյուտով հանդես է եկել 11 տարեկանում՝ Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական բարձրագույն դպրոցը: