Սիրիական բանակը նոր հարձակում է սկսել Ռաքայի ուղղությամբ
Սիրիական բանակը հարձակում է սկսել Ռաքա քաղաքի՝ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման այսպես կոչված մայրաքաղաքի ուղղությամբ: Լիբանանյան Al-Akhbar թերթի փոխանցմամբ՝ ավելի վաղ Ռաքայի ազատագրման գործողության սկսվելու մասին հայտարարել Էին «Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդական ընդդիմադիր ջոկատները:
Թերթի տվյալներով՝ նոր գործողության մասին որոշումը Սիրիայի իշխանությունների կողմից ընդունվել էր երկրի հյուսիս-արեւելքում Դեյր Էզ Զոր քաղաքի ուղղությամբ հարձակման պլանից հրաժարվելուց հետո:
Ներկայում առաջնահերթ նպատակը Աթ-Թաբքա քաղաքն է, որը գտնվում է Ռաքայից ոչ հեռու: Թերթի տեղեկատվության համաձայն՝ սիրիական բանակի ջոկատներն արդեն մի քանի օր է, ինչ գտնվում են Համայի նահանգի Ասրիա բնակավայրում՝ պատրաստվելով հարձակմանը Ռաքայի վրա:
Հունիսի 2-ի առավոտյան սիրիական բանակը ռուսական օդուժի աջակցությամբ լուրջ հարձակում Է ձեռնարկել ԻՊ-ի ուժերի դեմ՝ այն Ասրիայից ծավալելով Աթ-Թաբքա քաղաքի (Ասրիայից 80 կիլոմետր հեռավորության վրա) ուղղությամբ:
Գործողությունը չի ենթադրում առաջիկա շաբաթներին Ռաքայի գրավում, բայց սիրիական բանակը հույս ունի, առնվազն, հասնել Աթ-Թաբքա եւ Էլ Ասադ ջրամբար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: