
Տարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 205 հազար միգրանտներ ու փախստականներ

2016 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել ավելի քան 205 հազար միգրանտներ ու փախստականներ: Այս տվյալները հունիսի 3-ին հրապարակել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ): Ավելի քան 2,4 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել է՝ փորձելով հասնել եվրոպական պետություններ:
«Ըստ ՄՄԿ-ի գնահատումների՝ հունվարի 1-ից մինչեւ հունիսի 3-ը ծովով Եվրոպա է ժամանել 205,5 հազար մարդ, 2 հազար 443 մարդ զոհվել կամ անհետ կորել են»: Առավել մեծ թվով միգրանտներ ու փախստականներ՝ 156,5 հազար, ափ են իջել Հունաստանում, 37,3 հազարը՝ Իտալիայում, 1063-ը՝ Իսպանիայում, եւ 28-ը՝ Կիպրոսում:
Մարտ-ապրիլ ամիսներից Հունաստան միգրացիոն հոսքը կտրուկ կրճատվել է: Մայիսի 25-ից մինչեւ հունիսի 1-ը այս երկիր է ժամանել ընդամենը 417 մարդ այն դեպքում, երբ Իտալիա Է ժամանել 10,4 հազար միգրանտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը