Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության գինը. Լևոն Մկրտչյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հունիսի 3-ին ներկա է գտնվել «ԱՄՆ Խաղաղության կուրպուսի» (ԽԿ) կամավորների երդմնակալության արարողությանը, որը Հայաստանում անցկացվում է արդեն 24-րդ անգամ:
Շնորհավորելով կամավորներին` նախարարը շեշտել է, որ իր համար հատուկ կարևորություն ունի ողջունել ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» երդում ստացած նոր կամավորներին:
«Հայ ժողովրդի համար ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունն ավելի քան հարյուրամյակի պատմություն ունի, ցեղասպանությունից մազապուրծ եղած իմ պապը, մյուս հայ որբերի նման, իր փրկությունը գտել է Ամերիկայի որբանոցներում, և այսօրվա կամավորականներն այդ ավանդույթների շարունակողն են:
«Խաղաղության կորպուսի» կամավորներն ամուր կապ են մեր երկու ժողովուրդների միջև, նրանք պետք է լինեն կամուրջը և երաշխավորը` արդեն մեր պետությունների միջև:
Ցանկանում եմ, որ այսօրվա կամավորներն իսկապես զգան մեր ժողովրդի հյուրընկալության և հյուրասիրության մշակույթն ու քաղաքակրթորեն բաց ժողովուրդլինելու առավելությունը»,-նշել է Լևոն Մկրտչյանը:
Նախարարը կարևորել է նաև այն հանգամանքը, որ «Խաղաղության կորպուսի» կամավորներն իրենց գործունեությամբ խաղաղություն և հանդուրժողականություն են տարածում:
«Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության գինը, և մենք մշտապես զգացել ենք ամերիկյան ժողովրդի աջակցությունը խաղաղության ամրապնդման գործում»,-ավելացրել է նա:
Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը նշել է, որ «Խաղաղության կորպուսի» կամավորները, ապրելով Հայաստանի համայնքներում, դառնում են առաջնագծի դեսպաններ, ովքեր տարածելով ամերիկյան մշակույթը` միաժամանակ տիրապետում են հայերեն լեզվին ու մշակույթին.
«Արժեքներ, որ հետո մեր կամավորներն իրենց հետ տանելու են Միացյալ Նահանգներ»,- ասել է փոխդեսպանը: Իր հերթին ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի
կառավարությանը` իրենց գործունեությանն աջակցելու համար, մասնավորապես` ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելու և այլ ծրագրերի աջակցելու համար: