Բաժիններ՝

«Պետք է քայլեր կատարենք, որ մեր գազի գինը դառնա այնպիսին, ինչպիսին Ռուսաստանում է». Վազգեն Սաֆարյան

Տեղական արտադրողները դրական են գնահատում գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ բերելով ցեմենտի, ապակու արտադրությամբ զբաղվող գործարանների օրինակները.

«Հրազդանի ցեմենտի գործարանն իր աշխատելու օրերի ընթացքում օրական 320-330 հազար խորանարդ մետր գազ է օգտագործում, և այս իջեցումը 4-5 % ինքնարժեքի վրա կազդի, ու կիջնի ցեմենտի գինը: Ինչ վերաբերում է ապակու արտադրությանը, նրանց մոտ նույնպես ինքնարժեքի իջեցման տրամադրություններ կան: Այս իջեցումների տենդենցը պետք է շարունակվի, ՀԷՑ-ում և «Գազպրոմում» որոշակի օպտիմալացման ծրագրեր պետք է իրականացվեն, որպեսզի իջեցման ոլորտում էական արդյունք ակնկալենք»:

Վ. Սաֆարյանի խոսքով՝ գազի ծավալների մեծացումը դրական ազդեցություն կունենա.

«Մի կողմից՝ պետք է գազի ինքնարժեքն իջեցվի, որ բնակչությունը սկսի ավելի շատ գազ օգտագործել, այդ դեպքում նրանց շահույթը կմեծանա, որովհետև գազի ծավալների իրացումը կմեծանա: Մյուս կողմից՝ մենք պետք է քայլեր կատարենք, որ մեր գազի գինը դառնա այնպիսին, ինչպիսին Ռուսաստանում է՝ մոտ 130 դոլարի սահմաններում լինի: Որովհետև, եթե մենք ԵՏՄ անդամ ենք, ու այնտեղ ծառայությունների, մարդկային ուժի, կապիտալի տեղաշարժը պետք է ազատ լինի, ապա այնպիսի էներգակիրներ պետք է մենք ունենանք, որոնք նույնը լինեն, ինչ Ռուսաստանում ու Բելառուսում է, որ մեր ապրանքները կարողանան ազատ շարժվել: Այլապես այդ 4 ազատությունների սկզբունքը չի կարող արդյունավետ գործել»:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ լուծումներից մեկն այն է, որ իրանական կողմից ավելի շատ գազ ստանանք. «Խողովակի թողունակությունը 4 անգամ ավելին է, քան մենք ենք բերում: Ու այստեղ խնդիր է բարձրանում, որ մենք կարողանանք Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը կառուցել ճապոնական վարկով, որը միշտ մնում է օրակարգում: Եթե այդ խնդիրը լուծվի, Իրանից ավելի շատ գազ կներկրենք ու ավելի շատ հոսանք կվաճառենք նրան»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս