Բաժիններ՝

«Գազի և էլեկտրաէներգիայի սակագները կարելի է էլի նվազեցնել». Մ. Մելքումյանը լուծումներ է առաջարկում

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանն այսօր հրավիրված քննարկմանը նշեց, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազումը փոխշաղկապված գործընթացներ են, թեև նկատեց՝ սպասումներն այն չեն, ինչ պետք է լիներ: Նա նշեց, որ գազի գինը կարելի է ևս 9-10 դրամով իջեցնել.

«Մի քանի բաղադրիչներ կան, որտեղ գազի լուրջ ռեզերվներ կան: Առաջինը՝ տեխնոլոգիական, բնական, առևտրային կորուստների չափն է. գերնորմատիվային կորուստը միշտ եղել է 1.5-3% ավելի, որը 2 մլրդ ներկրման դեպքում 20 մլն խորանարդ մետր գազ է անում: Դե հիմա հաշվեք՝ եթե այդ 20 մլն խորանարդ մետրը սակագնի ծախսի վերածենք, ինչ կլինի:  Երկրորդ կարևոր բաղադրիչն այս ոլորտում «Գազպրոմի» շահութաբերության նորման է՝ 10% հարկերով, որը կարելի է կրճատել: Երրորդ բաղադրիչը կապված է ամբողջ գազամատակարարման և գազաբաշխման համակարգում գնումների գործընթացի, ուռճացված ծախսերի հետ: Այս երեք բաղադրիչները ցույց են տալիս, որ գազի գինը կարող ենք էլի իջեցնել, եթե այդ ցանկությունը կա: Լայն առումով՝ ինչքան գազի սպառման ծավալները մեծանան, այնքան ռեզերվներ կունենանք սակագնի իջեցման համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցմանը, Մելքումյանը նշեց, որ այն 1/3 մասով շաղկապված է գազի սակագնի իջեցման հետ. «5.5 մլրդ կվ/ժամ տարեկան սպառվող էլեկտաէներգիայի մոտ 34%-ն արտադրվում է ՋԷԿ-երի միջոցով, որոնք գազ են սպառում, և, եթե այդ 165 դոլարն իջել է 150 դոլարի, նաև այդ մասով կարելի է սակագին իջեցնել: Կորուստների իջեցումը ևս կարևոր է. 1% կորուստի իջեցումը համարժեք է 3 մլրդ դրամի: 3.5-4 դրամով մենք կարող ենք իջեցնել, ու դա փաստ է»:

Դիտարկմանը, թե նշվել էր, որ ատոմակայանը մի քանի ամսով կանգ է առնելու, դրա համար էլեկտրաէներգիայի սակագինը չեն կարող ավելի նվազեցնել, Մ. Մելքումյանն այսպես արձագանքեց.

Կարդացեք նաև

«2 տարի ատոմակայանը պետք է կանգնի 4-6 ամսով, որպեսզի 10 տարով ռեսուրսի վերականգնման գործընթացը հավուր պատշաճի կատարվի: ՋԷԿ-երի աշխատանքն այնպես պետք է լինի, որ տեղավորվի այս կանգի հետ, այսինքն՝ բալանսը պահենք: Բայց սա սակագնի հետ կապ չունի: Եթե ՀԷՑ-ը շարունակի կորուստներն իջեցնել, մենեջմենթը լավացնել, այսինքն՝ իր ծախսերը կրճատել, ապա խնդիրը կլուծվի: Երկու տեղում էլ աշխատողները շատ են, աշխատավարձերն էլ բարձրացել են: Եթե նախկինում «Գազպրոմում» միջին աշխատավարձը 119 հազար դրամ էր, ապա հիմա 227 հազար է, և 219 հազար՝ ՀԷՑ-ում»:

Իսկ մինչև այս տարվա օգոստոս ամիսը սուբսիդավորվողների մասով նշեց, որ խոցելի խավերի համար սուբսիդավորումը միշտ է լինելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս