«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները հայտնաբերել են ապօրինի անտառհատման դեպքեր
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից 2016 թվականի մայիս ամսվա ընթացքում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 8 արձանագրություն՝ ապօրինի հատված 21 ծառի համար: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ կազմվել են անտառխախտման արձանագրություններ «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 3-րդ և 6-րդ պահաբաժիններում՝ 15 կանգուն ծառի ապօրինի հատման պատճառով, որից 7-ը՝ անհայտ անձի կողմից:
«Գոշ տեղամաս» մասնաճյուղի 6-րդ պահաբաժնում արձանագրվել է 4 կանգուն ծառի ապօրինի հատման դեպք:
«Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 1-ին, 3-րդ և 10-րդ պահաբաժիններում` հայտնաբերվել և արձանագրվել է անտառխախտում՝ ապօրինի հատված 3 կանգուն ծառի նկատմամբ:
Նշված անտառխախտման 8 արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին: Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկի Բնապահպանական պետական տեսչության տարածքային բաժինը:
Ապօրինի ծառահատումների բացահայտման որոշ գործողություններ իրականացվել են ՀՀ Տավուշի մարզի ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ: