«Մերկելի ամոթալի փախուստն ու Հայոց ցեղասպանության անուղղակի ընդունումը». Ինչպես ընդունվեց Ցեղասպանության բանաձևը Բունդեստագում
«Բունդեստագում ընդունված բանաձևը թույլ էր, անուղղակի, այնուամենայնիվ ենթադրում է Հայոց ցեղասպանության փաստի ճանաչում Բունդեստագի անդամների կողմից»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս, հայագետ, Գերմանիայի Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խմբի անդամ Ժիրայր Քոչարյանը՝ անդրադառնալով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը:
Խոսելով այն կարծիքների մասին, թե ավելի լավ է չլիներ նման բանաձև, քան լիներ նման տեսքով, երբ բանաձևում «ցեղասպանություն» տերմինի բազմակի կիրառումից խուսափելու նպատակով օգտագործվել է նաև «կոտորածներ», «բռնի արտագաղթ» տերմինները, երբ Ցեղասպանության հարցը նման կերպով էժանացվում է, Թուրքիայից պատասխանատվությունը հանվում, ասաց, որ բանաձևը բաղկացած էր երեք էջից, որից երկու էջն իրենից հիմնավորում էր ներկայացնում, չորս անգամ նշված էր «ցեղասպանություն» երևույթի մասին: «Սակայն այս տերմինը որոշ հատվածներում ոչ ուղղակի էր կիրառվում: Մեկ տեղում ասվում էր, որ բոլոր պատմաբանները, մտավորականները, Բունդեստագի պատգամավորներն ընդունում են, որ դա Ցեղասպանություն է, բայց չի ասվում, թե Գերմանիան ինչ դիրքորոշում ունի այդ հարցում: Անուղղակի էր ամեն ինչ ասված, բայց մասնագետները պնդում են, քանի որ չորս անգամ եղել է եզրույթը, նշանակում է՝ Ցեղասպանությունն ընդունվում է այս բանաձևով: Ամոթալին այն էր, որ Մերկելը փախավ և ներկա չգտնվեց, նրա կուսակցության ղեկավարը, ով Մերկելի տեղակալն է` ևս, ԱԳ նախարարը, ով դեմ էր Ցեղասպանությանը, Լատինական Ամերիկա մեկնեց, այսինքն` նրանք տեղի տվեցին Թուրքիայի ճնշումներին, բայց Բունդեստագն արեց այն, ինչ խոստացել էր, այդ անուղղակի ճանաչումը տեղի ունեցավ: Կարելի է ասել, որ Գերմանիան դասվեց այն երկրների շարքին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Ժիրայր Քոչարյանը, շարունակելով նաև պնդել, թե սա մեծ փառք չի բերում Գերմանիային, քանի որ Գերմանիան Ցեղասպանության հարցում ամենևին էլ չեզոք երկիր չէ, ավելին, մասնակից է և 1884-1923թթ. մեղսակից է ցեղասպանությունների:
Այնուամենայնիվ, ըստ Ժիրայր Քոչարյանի, սա մի լավ ապտակ էր հենց առաջին հերթին՝ Էրդողանին, Թուրքիային, թրքամոլ գերմանացիներին և ազգայնամոլ թուրքերին: «Պետք է նկատի առնենք, որ Գերմանիայում ապրում է 4 միլիոն թուրք, և անցյալ ուրբաթ Բունդեստագի դիմաց հակահայկական ցույց արեցին` կոչ անելով մերժել բանաձևը: Սա բավականին էական ներկայություն է, սակայն բանաձևը, թեև անուղղակի, ընդունվեց»,- ասաց Քոչարյանը:
Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի Բունդեստագն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, որն ունի «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» անվանումը: Բանաձևն ընդունվեց՝ ունենալով ընդամենը մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայն: Նշենք, որ բանաձևը համատեղ կազմել և ներկայացրել էին իշխող կոալիցիայի մաս կասմող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական-սոցիալական միություն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները: Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել էր 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում, սակայն, նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը: Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` ԳերմանիայիԴաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» էր որակել: