Հայաստանը ներդրել է ԻԿԱՕ-ի կարճ օդային երթուղիների ծրագիրը, չի բացառվում տոմսերի գների էժանացումը
Հայաստանի երկու քաղաքացիական օդանավակայաններում` «Զվարթնոց»-ում և «Շիրակ»-ում, ամբողջովին ներդրվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ստանդարտ հանդիսացող Արտադրողականության վրա հիմնված նավիգացիոն ծրագիրը (PBN): Դրա արդյունքում դժվար ռելիեֆ ունեցող երկրներին առաջարկվում են մատչելի ու արդիականացված օդային ճանապարհներ, ինչը ենթադրում է նաև թռիչքների արժեքի իջեցում:
«Հայաէրոնավիգացիա»-ի գլխավոր տնօրեն Արթուր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ նշյալ համակարգի ներդրումը կարող է նպաստել ավիատոմսերի գների էժանացմանը: «Եթե օդանավ շահագործող ավիաընկերությունները ավելի կարճ թռչեն, ավելի քիչ վառելիք ծախսեն, դա պետք է ազդի նաև ավիատոմսերի գների վրա, ինչ-որ էժանացումներ պետք է լինեն` ներդնելով ավելի կարճ օդային երթուղիները»,-ասաց Գասպարյանը` հավելելով, սակայն, որ դրա համար պետք է ամիսների կամ տարեկան վերլուծություն ավիաընկերությունների կողմից, քանի որ PBN-ը մի քանի օր է, ինչ ներդրվել է Հայաստանի օդանավակայաններում:
«Սակագների փոփոխությունները կախված կլինեն ավիաընկերություններից, որոնք այդ նոր ընթացակարգերը կօգտագործեն: Ընդամենը 5 օր առաջ է ներդվել այն, ավիաընկերությունը պետք է զգա, թե որքանով է դա ազդում իր վրա: Պետք են ամսական ու տարեկան վերլուծություններ»,- ընդգծեց Գասպարյանը: Նա նաև նկատեց, որ ավիատոմսերի գների վրա ազդում է Ուկրաինայի օդային տարածքի փակ լինելը, որի պատճառով եվրոպական ավիաընկերությունների համար 20-30 տոկոսով երկարել է տարածքը, հետևաբար նաև ծախսերն են ավելացել, ինչը տոմսերի գնի վրա բասացականորեն է ազդում:
Արթուր Գասպարյանի խոսքով` PBN-ի ներդրումը թույլ է տալիս, որ լիարժեքորեն օգտագործվեն նոր ինքնաթիռների ավտոմատացված համակարգերը: «Թռիչքային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր էր այս ծրագրի ներդրումը մեզ` հատկապես լեռնային ռելիեֆով երկրի համար, քանի որ ավտոմատացվում են թռիչք-վայրէջքի ընթացակարգերը, որովհետև այսօր ժամանակակից օդանավերը հագեցած են այդ սարքավորումներով: Չունենալով նման ընթացակարգեր այստեղ` նշանակում է չիրացնել օդանավերի բոլոր հնարավորությունները: Կոնկրետ Հայաստանի համար PBN ծրագիրը թույլ տվեց, որ սարերի արանքով, Ավելի կարճ ու անվտանգ ճանապարհով օդանավը վայրէջք կատարի»,- ընդգծեց Գասպարյանը:
Արթուր Գասպարյանը տեղեկացրեց, որ ծրագրի ներդրման ծախսերը հոգացել է իրենց ընկերությունը, որը կազմել է ընդհանուր առմամբ 250 հազար եվրո: «Մեր ընկերությունն է հոգացել ծախսերը: Ընթացակարգերի հաշվարկն ու դիզայնը կատարվել է գերմանական «Ավիակոնսալթ» ընկերության կողմից, որը ընտրվել է մրցույթի արդյունքում: Առաջին փուլի աշխատանքները 100 հազար եվրո են կազմել, երկրորդ փուլում ծախսվել է 100-150 հազար եվրո, ընդհանուր ծախսվել է 200-250 հազար եվրո»,-հայտնեց նա:
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) Եվրոպայի կենտրոնի ներկայացուցիչ Սվեն Հալեն էլ տեղեկացրեց, որ Հայաստանը տարածաշրջանի առաջին երկրներից է, որ ներդրել է նշյալ ծրագիրը, ինչն ամբողոջովին ավարտին է հասցվել այս տարվա մայիսի 26-ին: «Նավիգացիոն համակարգերի աշխատանքը համապատասխանեցվել է միջազգային ստանդարտներին, ու այս փորձը մեծ օգուտ կբերի բոլոր այն երկրներին, որոնք դեռևս չեն իրականացրել PBN-ի ներդրումը»,-հավելեց նա:
Անի Նազարյան