«ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները զարգանում են և զարգանալու են»

«Վարշավայում լուրջ որոշուներ են կայացվելու»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կովկասյան և Կենտրոնական Ասիայի անվտանգությամբ, հետսովետական երկրներում էներգետիկ հիմնահարցերով զբաղվող, Լոնդոնի «Քինգզ» քոլեջի դոկտոր Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգին ու Հայաստանի մասնակցության ձևաչափին։

Նա նշեց, որ Ռուսաստան-Արևմուտք առճակատման ներկայիս փուլում, երբ արևմտյան կենտրոնների համար այլևս պարզ է ապագա զարգացումների տրամաբանությունը, պարզ է նաև, թե ինչպիսին պետք է լինի անվտանգության ապահովումն Արևմուտքում և ինչ միջոցներով այն պետք է իրագործվի։ Այս մեխանիզմների շուրջ, ըստ նրա, կարևոր որոշումներ կկայացվեն գալիք գագաթաժողովի ժամանակ։

«Խնդիրները շատ-շատ են։ Ուստի կարծում եմ, որ առանցքային որոշումներ պետք է կայացվեն, ՆԱՏՕ անդամ երկրները պետք է ընդլայնեն իրենց ռազմական բյուջեներն այդ խնդիրներն ու մարտահրավերները հաղթահարելու նպատակով։ Հավելյալ անվտանգություն և հավելյալ ուժեր, կոնտինգենտ կտրամադրվի խոցելի երկրներին, առավել մեծ ուշադրության կարժանանան թույլ կողմերը, որոնք քիչ չեն։ Առավել կարևորում եմ և վստահ եմ, որ այդպես էլ կլինի՝ Արևելյան Եվրոպայի անվտանգությունը կփորձեն ամրապնդել, սա առաջնահերթություններից է»,- նման տեսակետ հայտնեց վերլուծաբանը։ Վերջինս այն համոզմանն է, որ սա չի հանգեցնելու Ռուսաստանի հետ սպառազինությունների մրցավազքի։

Նա նաև նշեց, որ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, կարող են գագաթաժողովին մասնակցել ցանկացած ձևաչափով։ «Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում բարձրաստիճան ներկայությունը խրախուսելի է, քանի որ ընդունվում են գլոբալ որոշումներ, դրանք վերաբերում են բոլոր խաղացողներին ու երկրներին, սակայն դա պարտադիր բնույթ չի կրում։ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները լավ ուղիով են ընթանում, գուցե կա ավելի մեծ ներուժ՝ զարգացնելու երկկողմ կապերը, սակայն հայաստանյան ուժերն արդեն ընդգրկված են ՆԱՏՕ-ի որոշ առաքելություններում, դա արդեն իսկ մեծ ձեռքբերում է, որի համար ՆԱՏՕ-ն բազմիցս իր շնորհակալությունն է հայտնում հայկական կողմին»,- նկատեց նա։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ամփոփիչ հռչակագրի տեքստին, որի՝ Ղարաբաղին վերաբերող հատվածով էլ մշտապես պայմանավորված է ՀՀ նախագահի մասնակցությունը գագաթաժողովին, վերլուծաբանն ասաց, որ տեքստը կազմվում է ՆԱՏՕ-ի ստանձնած պարտավորությունների, ճանաչած սկզբունքների հիման վրա։ «Կարծում եմ՝ այդ տեքստի որոշ հատվածներ ժամանակի ընթացքում վերանայման շատ քիչ են ենթարկվում։ Անկախ գալիք գագաթաժողովին ՀՀ-ի մասնակցության ձևաչափից՝ ՆԱՏՕ-ՀՀ հարաբերությունները զարգանում են և կզարգանան քաղաքական կամքի առկայության դեպքում»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս