Անցյալի հետ առերեսումը ցավոտ է, բայց ազնիվ և ինքնաքննադատական. Բունդեսթագի նախագահ
Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտը Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկման ժամանակ հայտարարել է խիզախության դրսևորման և անցյալի մութ էջերի հետ առերեսվելու անհրաժեշտության մասին:
«Անցյալի հետ առերեսումը մեզ համար կարող է ցավոտ լինել, սակայն միևնույն ժամանակ կարող է լինել ազնիվ և ինքնաքննադատական մոտեցում սեփական անցյալի նկատմամբ:
Դա կարևոր է այլ պետությունների հետ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, որի համար պետք է խիզախություն` փոխըմբռնման և հաշտեցման հասնելու համար»,- ասել է Լամերտը:
Գերմանիայի Բունդեսթագում մեկնարկել են քննարկումները «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» խորագիրն ունեցող բանաձևի շուրջ, որով Առաջին աշխարհամարտին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակվում են իրենց անունով` «ցեղասպանություն»: Քննարկումներին հաջորդելու է քվեարկությունը:
Բանաձևը համատեղ կազմել և ներկայացրել են իշխող կոալիցիայի մաս կասմող Քրսիտոնեա-դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական-սոցիալական միություն (CSU), Սոցիալ-դեմոկրատական (SDP) և ընդդիմադիր Կանաչների կուսակցությունները:
Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:
Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` ԳերմանիայիԴաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել: 2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն:
Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը:
Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով: Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին:
Իշխող կոալիցիայի և բանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման համար: