«Խնդիրներ կան ինչպես՝ Հայաստան-Եվրոպական միություն, այնպես էլ՝ ԵՄ-Ադրբեջան բանակցություններում»

2015թ. դեկտեմբերի 7-ից վերամեկնարկած Հայաստան-ԵՄ երկկողմ հարաբերությունների նոր իրավական բազայի ձևավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլը կարելի է ավարտված համարել։ Ապագա համաձայնագրի շուրջ բանակցություններում, որը փոխարինելու է Ասոցացման համաձայնագրին (որը երկու կողմերը պետք է նախաստորագրեին 2013-ին՝ ԵՄ-ի հետ ավելի քան երեք տարի բանակցելուց հետո), դժվար հաղթահարելի դրույթներ են առաջացրել, որոնց հետևանքով բանակցային գործընթացը դանդաղել է։

Այս մասին օրերս իր պարզաբանումներն էր ներկայացրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նա նշել էր, որ մնում է մշակել դժվարանցանելի հատվածները։ ՀՀ-ԵՄ բանակցություններում առաջացած խնդիրների, ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Հարևանության ներկայիս քաղաքականության արդյունավետության մասին «168 Ժամը» զրուցել է Արևմտյան Անգլիայի Բրիստոլի համալսարանի եվրոպական քաղաքականության ավագ պրոֆեսոր Գյունտեր Վալցենբախի հետ։ Նա մասնագիտացած է «Քաղաքական տնտեսություն», «Հարաբերական եվրոպական քաղաքականություն», «Եվրոպական Հարևանության քաղաքականություն» և «ԵՄ արտաքին քաղաքականություն» թեմաներում։

– Բրյուսելում ընթացող Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը Լատվիայի ԱԳ նախարար Էդգար Ռինկևիչը հայտարարել է, որ անհրաժեշտ է բանակցություններ սկսել՝ Եվրամիության հետ Հայաստանի և Ադրբեջանի ասոցիացման վերաբերյալ՝ այն դեպքում, երբ Հայաստանը սկսել է բանակցային նոր փուլ ԵՄ-ի հետ անցյալ տարեվերջին՝ չունենալով հնարավորություն ԵՏՄ անդամակցությունից հետո ստորագրել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական բաղադրիչը։ Ինչպե՞ս եք բացատրում Ռինկևիչի հայտարարությունը։ Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է Հայաստանի ու Ադրբեջանի հետ ասոցիացման բանակցություններ սկսել։

– Լատվիայի ԱԳ նախարարի այս հայտարարությունը պետք է դիտարկել տապալված վիլնյուսյան գագաթաժողովի և այն ժամանակ սեղանին գտնվող Ասոցացման համաձայնագրի շուրջ աշխատանքները դադարեցնելու՝ Հայաստանի որոշման տեսանկյունից։ Այնուհետև կողմերի միջև երկխոսությունն ընդունեց միասնական շրջանակավորման վարժության տեսք, որը միտված էր ապագա հարաբերությունների տեսքը, ձևաչափը հստակեցնելուն և դրան հաջորդող այլընտրանքային նախապատրաստություններ սկսելուն։ Երկու կողմն էլ պաշտոնապես խուսափեցին «ասոցացման համաձայնագիր» տերմինի կիրառումից և դրա փոխարեն՝ ձգտեցին քաղաքականապես ավելի ցածր կշիռ ունեցող տերմինաբանության «նոր համաձայնագիր» կամ «ապագա համաձայնագիր» արտահայտությունները կիրառել, որը պետք է փոխարինի 1999թ. Համագործակցության և գործընկերության համաձայնագրին։

Ամենայն հավանականությամբ, պարոն Ռինկևիչի քաղաքական մտադրությունն էր՝ առաջարկել հետաքրքրված կողմերին այդ համաձայնագիրը, եթե շարունակականություն ունենան նրանց նախկին կամ ապագա համաձայնագրերը ԵՄ-ի հետ՝ խորությամբ։

– Ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրելու համար, քանի որ հրաժարվել են ստորագրել Ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ։ Մի շարք փորձագետներ, դիվանագետներ գտնում են, որ Ադրբեջանն ավելի շուտ կստորագրի համաձայնագիր Եվրոպական միության հետ, քան Հայաստանը, քանի որ, նրանց պնդմամբ, Հայաստանն անկախ չէ, ԵՏՄ անդամ է և իր բոլոր քայլերը համաձայնեցնում է Մոսկվայի հետ։ Ի՞նչ եք կարծում այս մասին։

– Ըստ իս, Հայաստանը չպետք է իրեն Ադրբեջանի հետ ժամանակային կամ ԵՄ-ի հետ ապագա համաձայնագրի բովանդակության առումով մրցակցության մեջ դնի։ Սա «Արևելյան գործընկերության» ԵՄ վերանայված քաղաքականության ոգով չի լինի։ Վերջինս այսօր շատ ավելի բաց է գործընկեր երկրների միջև տարբերակումն ընդունելու հարցում և ջանում է էլ ավելի զգայուն լինել առանձին երկրների պահանջների ու կարիքների նկատմամբ։ Մինչ ՀՀ-ԵՄ բանակցությունների հարցում ԵՏՄ անդամակցությունը դիտարկվում է՝ որպես խնդրահարույց գործոն, նման փաստարկ կարող է զարգացվել նաև Ադրբեջանի դեպքում՝ հաշվի առնելով Թուրքիայի դիրքորոշումն Ադրբեջանի սկսած բանակցությունների հարցում։

– Հայաստանն ու Եվրոպական միությունը բանակցել են ապագա համաձայնագրի երկրորդ փուլը, բայց ինչպես Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկին է ասել, կան դժվարանցանելի խնդիրներ այս գործընթացում։ Հաշվի առնելով այս ամենը, ըստ Ձեզ՝ ե՞րբ կողմերը կկարողանան ավարտին հասցնել փաստաթուղթն ու ի՞նչ արդյունքներով՝ հաշվի առնելով ՀՀ ԵՏՄ անդամակցության գործոնը։

– Իմ ակնկալիքն այն է, որ բանագնացները փորձեն սինքրոնացնել նոր համաձայնագրի եզրակացությունը՝ ներկայիս Միասնական աջակցության մեխանիզմի հետ՝ 2017-ի և 2020-ի Եվրոպական Հարևանության գործիքի պլանավորման մեկնարկի հետ։ Ապագա համաձայնագրի առանցքային առաջնահերթ ոլորտները հրապարակվել էին Եվրոպական արտաքին ծառայության կողմից և նախատեսում են առաջընթաց հայ հասարակության ապագա զարգացման համար կարևոր մի շարք ոլորտներում։

Ընդհանուր առմամբ, շոշափելի արդյունքների ավելի հեշտ կլինի հասնել էներգետիկ քաղաքականությանը, տրանսպորտային ենթակառուցվածքին ու շրջակա միջավայրին վերաբերող տեխնոկրատական միջոցների հարցում, քան առևտրային և ներդրումային հարցերում։ Այնուամենայնիվ, այսպիսի բանակցությունների դեպքում ներգրավված կողմերն ավելի հաճախ կիրառում են ընդհանուր սկզբունք, որի համաձայն՝ «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ»։

– Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ ներկայիս Հարևանության քաղաքականությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայում ծավալված արյունալի պատերազմից հետո ԵՄ-ն վերանայեց իր քաղաքականությունն ԱլԳ տարածաշրջանում։ Այս վերանայումը բավարա՞ր է, ըստ Ձեզ՝ ԵՄ-ին խաղաղ հարևանություն ունենալու համար։

– Հարևանության քաղաքականությունը դեռ շարունակվում է և հեռու է եզրափակիչ փուլից։ Չեմ տեսնում որևէ մտադրություն՝ այն նվազեցնել արտաքին ռազմավարության մակարդակի, որը կենտրոնացած է խաղաղության և հակամարտությունների մենեջմենթի վրա։ Ե՛վ բազմակողմ, և՛ երկկողմ հարթություններում հզոր ներուժ կա ԵՄ-ում գործունեության արդյունավետացման, արդյունավետ ձեռքբերումների և ԵՄ-ի ավելի լավ հեռանկարի հարցում։ Միևնույն ժամանակ՝ ընդհանուր նպատակը՝ կայունություն, բարգավաճում ապահովել հարևան երկրներում և տարածաշրջաններում, աշխատում է ընդդեմ անվտանգության հարցերի վրա կենտրոնացման, եթե նույնիսկ դա առանցքային մտահոգություն դառնար որոշ մասնակից երկրների համար։ Եթե ավելի կարճ, ապա խաղաղ հարևանությունը գուցե ոչ ամեն ինչ է, բայց առանց դրա ամեն ինչ ոչինչ է։ Սա առաջարկում է երկրին համապատասխանող առանձնահատկությունների սահմանում։

– Բոլոր խնդիրները, ինչպես մի շարք փորձագետներ են պնդում, «Արևելյան գործընկերության» տարածաշրջանում, կապված են Ռուսաստանի հետ, քանի որ համարյա թե բոլոր ԱլԳ երկրները կախում ունեն Ռուսաստանից, ինչպես Հայաստանը՝ անվտանգության ոլորտում, քանի որ կա ԼՂ չկարգավորված հակամարտությունը, այսինքն՝ կա հավելյալ անվտանգության անհրաժեշտություն անկախ քաղաքականության իրականացման համար, բայց ԵՄ-ն չի կարող տալ անվտանգության երաշխիքներ։ Այս խնդրի կարգավորումն ինչպե՞ս եք տեսնում։

– ԵՄ-ն մշտապես հպարտացել է քաղաքացիական և նորմատիվային կենտրոն լինելու համար՝ չունենալով ռազմական հնարավորություններ։ Ուստի, որպես կազմակերպություն, ԵՄ-ն հիմնական պարտավորություն ունի, որը հանգում է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը։ Պրակտիկայում սա նշանակում է՝ այլ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ աշխատանքում ներգրավում, որոնք հավասար են, կամ ավելի կարևոր խաղացողների հետ, որոնք ներգրավված են երկարաձգված հակամարտությունների քաղաքական կարգավորման գործընթացում։ Լեռնային Ղարաբաղում առկա հակամարտությունը լավ օրինակ է։ ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա, քանի որ դա ներառում է ինչպես՝ ՌԴ-ին, այնպես էլ՝ ԱՄՆ-ին բանակցային սեղանին։ Միևնույն ժամանակ՝ ԵՄ-ն համաձայնեցնում է իր գործունեությունը ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ։ Տարիների ընթացքում դիվանագիտական մեխանիզմներն ու գործընթացներն այնպես են զարգացել, որ փորձը՝ ստեղծել տարածաշրջանային միջավայր, որի շրջանակում կլինի կարգավորման գործընթաց, հաջողության ավելի մեծ հնարավորություններ ունի։

Տեսանյութեր

Լրահոս