
Ո՞վ է Բարսելոնայի` հայկական արմատներով նոր ֆուտբոլիստը

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է դանիական «Կոպենհագենից» երիտասարդ վինգեր Ռունի Բարդաղջիի ձեռքբերման մասին։ Մինչ աշխարհը քննարկում է այս տրանսֆերի սպորտային կողմը, հայ օգտատերերի ուշադրությունն ավելի շատ գրավել է մեկ այլ փաստ՝ խոսվում է, թե Բարդաղջին ունի հայկական արմատներ։
Ո՞վ է Ռունի Բարդաղջին
Ռունի Բարդաղջին ծնվել է 2005 թվականի նոյեմբերի 15-ին Քուվեյթում։ Նրա ընտանիքը ծագում է Սիրիայի Հալեպ քաղաքից։ Երբ Ռունին 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա՝ բնակություն հաստատելով Կառլսկրունա քաղաքում։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել դեռ մանկուց։ Իր մարզական ճանապարհը շարունակել է Դանիայում՝ «Կոպենհագենի» ակադեմիայում, որտեղ էլ շատ արագ աչքի է ընկել տեխնիկայով ու արագությամբ։ 2021 թվականին՝ ընդամենը 16 տարեկանում, նորամուտը նշել է «Կոպենհագենի» գլխավոր կազմում։ Ընդհանուր առմամբ՝ 84 հանդիպում է անցկացրել թիմի կազմում և դարձել 15 գոլի հեղինակ։
2023-ին Ռունին Չեմպիոնների լիգայում պատմական գոլ խփեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը՝ դառնալով մրցաշարի պատմության ամենաերիտասարդ գոլահարը Դանիայի ներկայացուցիչների շարքում։ Այդ գոլը խփվել էր 87-րդ րոպեին՝ դառնալով վճռորոշ։
«Բարսելոնա»․ նոր փուլ կարիերայում
2025 թվականի ամռանը Բարդաղջին տեղափոխվեց «Բարսելոնա»՝ շուրջ 2–2.5 միլիոն եվրոյի դիմաց։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականը։ Նախնական փուլում Ռունին հանդես կգա «Բարսելոնա Բ»-ի թիմում, սակայն սպասվում է, որ առաջիկայում կհրավիրվի նաև հիմնական կազմ։
Նրա խաղաոճը՝ արագ, դինամիկ, անցումային ֆուտբոլին համապատասխան, լիովին տեղավորվում է «Բարսելոնայի» նոր մարզիչ Հանսի Ֆլիկի տակտիկական մոդելում։ Բարդաղջին ձախ ոտքով է խաղում, սակայն վստահ է նաև աջով, ունի բարձր արդյունավետություն եզրային գրոհներում։
Հայկական արմատների մասին
Ինտերնետում շրջանառվում է տեղեկություն, որ Ռունի Բարդաղջին ունի հայկական արմատներ։ Թեև պաշտոնական կենսագրություններում նշվում է, որ նա սիրիացի է ծագումով, մի շարք աղբյուրներ ենթադրում են, որ նրա ընտանիքի ծագումն ունի հայկական արմատներ: Sportaran-ը գրում է, որ ֆուտբոլիստի ծնողները Սիրիայի Հալեպ քաղաքից են։ Բարդաղջիի հորական պապը հայ է։
Մինչ այս պահը՝ նրա հայկական ծագման մասին հստակ վավերացված տվյալներ չեն հայտնաբերվել։ Սակայն այն փաստը, որ նա սիրիական Հելեպից է,ստիպում է մտածել, որ ենթադրությունները ոչ առանց հիմքի են։
Ռունի Բարդաղջին նոր սերնդի տաղանդավոր եվրոպական ֆուտբոլիստների օրինակ է։ Շվեդիայում կրթություն ստացած, Դանիայում կայացած, իսկ այժմ՝ աշխարհի ամենատիտղոսակիր ակումբներից մեկում՝ «Բարսելոնայում»։
Հայկական արմատների վերաբերյալ հարցը մնում է բաց, բայց անկախ այդ հանգամանքից՝ նրա կարիերան արդեն իսկ խոստումնալից է։