Բաժիններ՝

Անդամակցելով ԵԽ-ին՝ Հայաստանը բռնել է բարեփոխումների ուղին. ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ

Անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանը ստանձնեց պարտավորություններ ու
հանձնառություններ և բռնեց բարեփոխումների ուղին: Այդ պահից ի վեր, Հայաստանի ժողովուրդը և երկրի իշխանությունները կայուն քայլերով սերմանել են ընդհանուր եվրոպական արժեքները` ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, երկրի ինստիտուցիոնալ բարեփոխումներում և հասարակական կյանքում: Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 15- ամյակի կապակցությամբ Երևանում ունեցած ելույթում այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատայնի-Դրագոնին:

«2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ: Հաջորդ օրը ձեր դրոշը` Եռագույնը, բարձրացվեց Ստրասբուրգում գտնվող մեր գլխավոր գրասենյակի դիմաց` նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ:

Հիշում եմ, որ կանգնած էի ձեր հայրենակիցների կողքին և նայում, թե ինչպես է Եռագույնը իր ճիշտ տեղը գտնում եվրոպական դրոշների ծիածանի մեջ` «Մեր հայրենիքը» հիմնի նվագակցությամբ: Անդամակցության գործընթացը սկսել էր դեռևս 1996 թվականին, և դրա ավարտը նշանավորվեց եվրոպական ընտանիքում Հայաստանի` որպես լիարժեք անդամի ճանաչումով: Դա պատմական և երկար սպասված պահ էր: Եվ դա միայն պատմության սկիզբն էր»,- ասել է նա:

ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքով՝ այս կայուն առաջընթացը եղել է ինչպես ի շահ Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ Եվրոպայի խորհրդի և մյուս անդամ պետությունների: «Մենք բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը և Հայաստանի ներդրումը Եվրոպայում խաղաղություն և բարգավաճում ապահովելու մեր Կազմակերպության համապարփակ օրակարգին, որը հիմնված է ազատության և օրենքի վրա: Եվ այսօր, Եվրոպայի համար դժվար ժամանակներում, մենք ողջունում ենք ձեր կողմից ստանձնած համագործակցային և կառուցողական դերը:

Մենք ունեցել ենք կայուն երկխոսության և համագործակցության 15 տարիներ: 15 տարի Հայաստանը մեկը մյուսի հետևից հանձնառություններ է կատարել:

Այդ են վկայում ոչ միայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, այլ նաև 59 այլ կոնվենցիաների վավերացումը և մի շարք բարեփոխումներ, օրինակ` մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Սահմանադրության մեջ, դատական համակարգի անկախության խթանումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաև քրեակատարողական համակարգում առկա խնդիրներին արձագանքելը և շատ այլ հարցեր: Սա երկար և խրախուսանքի արժանի ցանկ է: Այս ձեռքբերումների համար բարձր գնահատականը ստանում է Հայաստանի ժողովուրդը և իրար հոջորդող իշխանությունները, ովքեր նվիրված են մնացել ժամանակակից եվրոպական պետություն կառուցելու գործին:

Սա տեղի է ունեցել անկախ այն դժվարություններից, որոնք ի հայտ են եկել վերջին 15 տարիների ընթացքում ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում: Եվ այս վճռականությունը ընդգծված էր Խորհրդարանական վեհաժողովում 2013 թվականի հոկտեմբերին Նախագահ Սարգսյանի ելույթում, երբ Հայաստանը ստանձնել էր Նախարարների կոմիտեի նախագահությունը, և որի համար արժանացավ մեծ
գովեստի»,- ընդգծել է Բատայնի-Դրագոնին:

Նրա գնահատմամբ՝ 15 տարի հետո ամեն ինչ կատարյալ չի կարող լինել, և ոչ բոլոր բարեփոխումներն են ավարտված: Կան խնդիրներ, որոնք ուշադրություն և գործողություն են պահանջում: «Դրանցից մեկը` հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունների` եվրոպական չափանիշներին համապատասխանեցումն է: Նոր սահմանադրությունը դեռևս կիրարկման կարիք ունի: Արդարադատության ոլորտում կարևոր բարփոխումները նույնպես ընթացքի մեջ են: Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագիրը մշակվել է ձեզ հետ` նպաստելու հենց այս աշխատանքներին: Թևակոխելով մեր համագործակցության հաջորդ փուլը` ինձ համար պարզ է, որ մենք դա անում ենք նոր խանդավառությամբ: Երևան գալուն պես` ես գրեթե բոլորից լսել եմ, որ ապագայում մենք բարեփոխումներին պետք է մոտենանք նույնպիսի նվիրվածությամբ, ինչպես դա արել ենք առ այսօր: Մենք Ստրասբուրգում լիովին համաձայն ենք:

Այսպիսով, քանի դեռ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ իր ստանձնած պարտավորություններին, Եվրոպայի խորհուրդը կմնա ձեր կողքին` որպես գործընկեր և ընկեր»,- եզրափակել է Գաբրիելա Բատայնի-Դրագոնին:ա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս