Բունդեսթագի պատգամավորները մեծ մասամբ կողմ են քվեարկելու Հայոց ցեղասպանության մասին բանաձևին. Deutsche Welle

Գերմանիայի Բունդեսթագում հունիսի 2-ին «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» խորագիրը կրող բանաձևի քվեարկության ժամանակ իշխող կոալիցիան մեծ հավանականությամբ «այո» է ասելու դրան:

Այս մասին գրում է գերմանական Deutsche Welle լրատվամիջոցի թուրքական ծառայությունը: Իշխող կուսակցության մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SDP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Քրիստինե
Լամբրեհտը հայտնել է, որ իր կուսակցության պատգամավորներից բանաձևին դեմ քվեարկություն չի ակնկալում:

«Քրիստոնեական միություն» (CDU/CSU) կուսակցությունների խորհրդարանական խմբակցության ղեկավար Ֆրանց Յոզեֆ Յունգը, հիշեցնելով, որ նախորդ տարի Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված իր ելույթում կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը, նշել է, որ Դաշնային խորհրդարանի որոշման մեջ պատմական իրադարձությունները հստակորեն իրենց անուններով կկոչվեն:

Յունգը հայտնել է, որ մայիսի 31-ին Քրսիտոնեա-դեմոկրատական միություն (CDU) և Քրիստոնեական- սոցիալական միություն (CSU) կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունը պրոբացիոն քվեարկություն է արել, որի արդյունքով մեծամասնությունը բանաձևին կողմ է քվեարկել, մեկը` դեմ, երկուսը` ձեռնպահ:

Կառավարության փոխխոսնակ Քրիստիան Վիրցը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սատարում է բանաձևին և պրոբացիոն քվեարկության ժամանակ նույնպես կողմ է քվեարկել դրան:

Այդուհանդերձ, իր ունեցած պայմանավորվածությունների պատճառով Մերկելը հունիսի 2-ին կայանալիք քննարկմանն ու քվեարկությանը չի կարողանալու մասնակել:

Հաղորդվում է, որ քվեարկությանը ներկա չեն լինի նաև Գերմանիայի փոխվարչապետ Սիգմար Գաբրիելը և արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, ովքեր այդ օրն այլ հանդիպումներ են ունենալու:

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին: Բանաձևն ունի «1915 և 1916 թվականներին հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» անվանումը:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի և բանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման համար:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:

Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո:

Իսկ Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր
ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» որակեց: 2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև:

Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն:

Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը:Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Տեսանյութեր

Լրահոս