«Եթե ԱՄՆ-ը դա չաներ, համոզված եմ, որ պատերազմը կտևեր ոչ թե 5 օր, այլ՝ 15, 20, 30 օր, մինչև Հայաստանի փամփուշտն ավարտվեր»

Մեր զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը

– Պարոն Սարգսյան, Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները ՀՀ իշխանությունները որպես հաղթանակ են ներկայացնում, հաստատվեց, որ շարունակում է գործել 94 թ. զինադադարի պայմանագիրը, և այլն, իսկ 800 հեկտարի կորուստը ներկայացվում է՝ որպես ամայի տարածքի կորուստ, որը հայկական կողմի համար էական նշանակություն չունի։ Ինչպե՞ս եք գնահատում ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, ի՞նչ սպասումներ ունեք։

– Ես կիսում եմ Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մոտեցումը և միշտ այդ տեսակետին եմ եղել, որ ամենավատ բանակցություններն անգամ ավելի լավ են, քան պատերազմը։ Ես կարծում եմ, որ առավել ևս ՀՀ-ի համար խնդրի լուծման մի տարբերակ կա՝ բանակցությունների միջոցով հասնել պատերազմով ձեռք բերված արդյունքների ամրագրման և գրանցման։ Այս առումով տարբերակներ շատ են եղել, քննարկվել են Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած, Ռոբերտ Քոչարյանով և Սերժ Սարգսյանով ավարտած։ Նոր հեծանիվ հորինելու անհրաժեշտություն և իմաստ չկա, և այդ տարբերակներից որևէ մեկով պետք է խնդիրը լուծվի։ Վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խախտվել էր ռազմաքաղաքական և տնտեսական բալանսը։ Եվ դրանից ելնելով էր, որ Ադրբեջանը գնաց նման սադրիչ քայլերի։

Բայց դա միայն Ադրբեջանի որոշումը չէր, այդտեղ լուրջ արտաքին քաղաքական գործոն կար, և որպես այդ գործոնի հենակետ՝ իմ խորին համոզմամբ, այս անգամ Ադրբեջանի համար հանդես եկավ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը։ Ինչ վերաբերում է 800 հա տարածքին, միջազգային հանրությունը նշում է վերջին տարիներին առաջին անգամ Ադրբեջանի ձեռքբերումը, նշում է նաև, որ հայերն այն չեն համարում էական։ Ալիևը հույս է տալիս իր ժողովրդին, որ իրենց ռազմական ծախսերն անօգուտ չեն անցել, որ, եթե Հայաստանը չհամաձայնի խաղաղ ճանապարհով խնդրի լուծման և փորձի շարունակել պահել ստատուս-քվոն, ապա ինքը կփորձի խնդրին լուծում տալ ռազմական ճանապարհով։

Բայց Ալիևի վերջին շրջանի հայտնած տեսակետներն անհամեմատ ավելի հակասական են, քան այն տեսակետները, որ հայտնում է մեր ԱԳՆ-ն, ինչի գործունեությամբ ես այնքան էլ հիացած չեմ։ Այսինքն՝ Ալիևն անընդհատ հայտարարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին՝ այն դեպքում, երբ թե՛ ինքը, թե՛ իր հայրը մշտապես ընդունել են, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկման թեմա է, և Մինսկի խումբն այդ ուղղությամբ է հենց բանակցություններ տանում։ Եվ միանշանակ է, որ «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» բանաձևն Ադրբեջանի համար ընդունելի է։

Այսօրվա բանակցությունների հիմնական թեման մեկն է՝ կարգավիճակն ի՞նչ ժամկետում պետք է որոշվի, և խաղաղարարներն ի՞նչ ձևաչափով և ո՞ր երկրների ներկայությամբ պետք է լինեն։ Այլ հարց բանակցային սեղանին դրված չէ, և դա շատ լավ գիտի Իլհամ Ալիևը։ Բարեբախտաբար, ՀՀ իշխանությունները, Սերժ Սարգսյանն այդ հարցը չեն թաքցնում և գրեթե բոլոր առիթներով բարձրաձայնում են, որը որոշակի բողոքի ալիք բարձրացնում է Հայաստանում։ Ադրբեջանում այդ թեման տաբու է, և դա ավելի վատ՝ իրենց համար։

– Ռուսաստանի դերի մասին նշեցիք, նաև Ադրբեջանի պաշտոնյաներն են հայտարարում, որ Մոսկվայի թելադրանքով կասեցվեց պատերազմը։ Ըստ Ձեզ՝ այս ամենի մեջ Ռուսաստանի դերը ո՞րն է եղել։

– Պատերազմը լավ հնարավորություն ստեղծեց մեզ համար՝ բարեկամներին և հակառակորդներին ճանաչելու, և այստեղից լուրջ հետևություններ պետք է անել, եթե չենք ուզում նախկինում ձեռք բերած հաղթանակները կորցնել։ Ի՞նչ շահեր են այսօր հետապնդում մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն և ԵՏՄ մյուս գործընկերները։ Ակնհայտ է, որ ՌԴ-ն ունի մեկ խնդիր՝ տիրապետել այս տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսներին, իսկ այս տարածաշրջանում լուրջ գազային և նավթային ռեսուրսներ ունեն Ադրբեջանն ու Իրանը, և այդ ռեսուրսները կարող են ՌԴ-ն շրջանցող ճանապարհներով դուրս գալ եվրոպական շուկաներ։ Պատկերացրեք, Ռուսաստանն այս պատժամիջոցների պարագայում, երբ նստած է միայն հանքահումքային ռեսուրսների վրա, Եվրոպայում ունենում է ոչ միայն՝ գազային ու նավթային մրցակից ընկերություններ, որոնք գները կիջեցնեն, այլև՝ երկրներ, որոնք այդ գազամուղները կկառուցեն, որոնք կունենան ազդեցություն գազամուղներով գնացող խողովակաշարի վրա, և այդպիսով՝ քաղաքական ազդեցություն եվրոպական տարածաշրջանի վրա։ Սա ՌԴ-ի համար անթույլատրելի է, այդ երկիրը կփլվի ուղղակի, դրա համար որոշել է, որ այս տարածաշրջանում պետք է մաքսիմալ դիրքավորվի։

Ի՞նչ է պետք անել դրա համար. առաջին՝ պետք է որպես խաղաղարար ուժեր՝ մտնի այս տարածաշրջան ու տեղակայվի այստեղ, երկրորդ՝ հնարավոր ամեն ինչ անի, որպեսզի Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ։ Այդ առումով ՌԴ-ն սկսեց շատ ռիսկային գործընթաց։ Կարծում եմ՝ Ռուսաստանը վստահություն չուներ, որ Ադրբեջանն այդ պատերազմական գործընթացը սկսելուց Ղարաբաղի դեմ ինչ-որ պահից չի ոգևորվի ու ինչ-որ պահից իր հրահանգներին չի ենթարկվի ու չի կանգնի։ Դրա համար անմիջապես ՌԴ-ն զինավարժություններ սկսեց Ադրբեջանին հարակից տարածքներում, որ՝ եթե շարունակես, կմտնեմ։ Դրան հետևեց Թուրքիայի արձագանքը, որ անմիջապես Նախիջևան զինտեխնիկա և զորամիավորումներ մտցրեց, այսինքն՝ եթե դու փորձես, մենք էլ կմտնենք։ Այս ամեն ինչն ակնհայտ է, եթե նայում ես ժամկետները։

Բայց ՌԴ-ն գնաց այդ խաղին, որովհետև իրենց սխեման հետևյալն էր՝ 1-2 հենակետ վերցնելուց հետո որոշ քաղաքներ կվերցնեն, օրինակ՝ Ֆիզուլին կամ Մարտակերտը, որից հետո ՀՀ իշխանությունները ստիպված կլինեն դիմելու ՌԴ-ին՝ խնդրելով օժանդակել՝ որպես ռազմավարական գործընկեր, իսկ իրենք չեն կարող մերժել, որովհետև ՌԴ-ի միակ հենակետն այս տարածաշրջանում, որտեղ ինքը ներկայացված է ու ռազմաբազա ունի, որ Գաբալայի նման չեն հանել ու ասել՝ ռադ եղեք այստեղից, դա Հայաստանն է։ Ու եթե Հայաստանը պարտվում է, դա նաև ՌԴ խայտառակությունն ու պարտությունն է։ Իսկ 1-2 քաղաքների գրավումից հետո Ռուսաստանը հայերի խնդրանքով պետք է միջամտեր։ Այդ մասին ակնարկեց նաև Սերժ Սարգսյանը՝ «Բլումբերգին» տված հարցազրույցում՝ ասելով, որ խաղաղապահների առումով պետք է որևէ մեկը խնդրի, բայց դեռ ոչ ոք չի խնդրել։

ՌԴ միջամտությունից հետո ակնհայտ է, որ ՀՀ-ում նաև քաղաքական փոփոխություններ կլինեին, Ս.Սարգսյանը կհամարվեր հողեր հանձնած նախագահ, որ պետք է հեռանա, և սպիտակ ձիու վրա կգար իրենց սիրելի նախագահի թեկնածուն, իր թիմով, ինչի նախապատրաստական աշխատանքներն անում էին, և իշխանությունները դա տեսնում ու դրանում համոզված էին։ Ինչո՞ւ դա տեղի չունեցավ, և ո՞վ էր այն բարեկամը, որ օգնեց մեզ։

Դա ԱՄՆ-ն էր, որտեղ անմիջապես 2 սենատորներ՝ Ռոյը և Էնգելը, նկատեք՝ բոլորովին ոչ հայամետ, նախաձեռնեցին ԼՂՀ-ն ճանաչելու ստորագրահավաք։ ԱՄՆ 4 նահանգներ 2 օրվա մեջ ճանաչեցին Ղարաբաղի անկախությունը, դրանով իսկ ԱՄՆ-ը հայտարարեց, որ, եթե ՌԴ-ն ուզում է այդ տարբերակով լուծել ու իր խաղաղարարները տեղակայել, իրենք կգնան Կոսովոյի տարբերակով ու կճանաչեն ԼՂ անկախությունը։ Այդ խաղը բռնեց ՀՀ ԱԳՆ-ն ու հայտարարեց, որ մենք էլ կճանաչենք։ Սա էր ամբողջ իմաստը։ Եթե ԱՄՆ-ը դա չաներ, համոզված եմ, որ պատերազմը կտևեր ոչ թե՝ 5 օր, այլ՝ 15, 20, 30 օր, մինչև Հայաստանի փամփուշտն ավարտվեր։

Բարեբախտաբար, խնդիրը լուծվեց այսպես, և այս առումով այնպես չէ, որ ամբողջ աշխարհը ՀՀ հակառակորդն է և ուզում է մեր հաշվին խնդիր լուծել։ Բացարձակ։ Կան երկրներ, որոնց շահերը համընկնում են մեր հետ, և մենք պետք է ուղղվածությունը վերցնենք այդ ուղղության վրա։

Ես խորապես համոզված եմ, որ ՀՀ պատմության վերջին շրջանում սա առաջին դեպքն էր, երբ ՀՀ իշխանությունները Լավրովի այցելության ժամանակ Հայաստանի շահը գերադասեցին ռուսական շահից։ Լավրովն այստեղ եկել էր այլ խնդրով, և ակնհայտ էր, որ մերժված գնաց։ Բայց ոչ թե նրա համար, որ ՀՀ իշխանությունները հասկացան, որ պետք է պետական շահը պաշտպանել, այլ՝ որ նրանք տեսան, որ այդ ռուսական խաղի կոնտեքստում իրենք կորցնում են իրենց իշխանությունը։ Տեսան, որ այդ խաղում ռուսները ծախել են իրենց, և ստիպված եղան չոր արձագանքել, և սկսվեց Արևմուտքի հետ համագործակցության գործընթացը։ Այդ ուղղությամբ 2000 թ.-ից անընդհատ թե՛ ես, թե՛ ՀՀ-ին եվրոպական ընտանիքում տեսնող կուսակցությունների բազմաթիվ անդամներ մոտեցումներ հայտնել են, նախազգուշացրել են նման զարգացումների մասին, բայց ՀՀ իշխանությունները որևէ արձագանք չեն տվել։

Եվ վերջապես, երբ այս գործընթացները եղան, ապրիլի 2-3-ին, երբ դեռ պարզ չէր՝ Ադրբեջանը գրավե՞լ է, թե՞ ոչ, Ղազախստանն ու Բելառուսը հայտարարություններով հանդես եկան, այսինքն՝ գիտեին այդ ամբողջը, և իրենց նպատակն էր՝ ասել՝ Ադրբեջա՛ն, խնդիր չունես, մտիր ԵԱՏՄ, մեր գործընկերը դարձիր։ Սա մտածված սխեմա էր տնտեսական գործունեության կոնտեքստում Ադրբեջանին ԵԱՏՄ անդամ դարձնելու։ Այսինքն՝ մենք հստակ հետևություններ անելու խնդիր ունենք, բարեկամների և մեր շահին հակառակ գործող պետությունների տարանջատում պետք է անենք, պետք է գերադասենք մեր շահը, բայց և չպետք է թշնամաբար տրամադրվենք այն պետություններին, որոնց շահը մեզ հետ չի համապատասխանում, պետք է ադեկվատ պատասխանենք։ Բանը հասել է նրան, որ ռուսական կողմը սպառնում է իր սահմանապահ զորքերն այստեղից հանել։ Բայց իրենց եթե 10 փայտով էլ ծեծեն, այստեղից հեռացող չեն։ Էդ ո՞ւմ են հիմարի տեղ դրել։ Սրանց թվում է, թե հայ մարդուն կարող են խաբել։ Ո՛չ, հայ մարդուն ոչ ոք չի կարող խաբել։

– Առանց Հայաստանի համաձայնության՝ ՌԴ-ին չի հաջողվի Ադրբեջանին ԵԱՏՄ անդամ դարձնել, իսկ ԵԱՏՄ մյուս երկու անդամները՝ Բելառուսն ու Ղազախստանը, մեղմ ասած, հակահայ տրամադրություններ ունեն։ Խաղաքարտերի դասավորվածությունն ինչպիսի՞ն է, և ի՞նչ պետք է անի Հայաստանը ԵԱՏՄ-ում, մեր դիրքորոշումը ո՞րը պետք է լինի։

– ԵԱՏՄ-ն Պուտինի քաղաքական ամբիցիաների ու երևակայության հետևանք է, որը որպես երևակայություն էլ մնաց։ Ես հետևում եմ ԵԱՏՄ-ի մասին Բելառուսի ու Ղազախստանի իշխանությունների հայտարարություններին, սրանք աշխատում են ՌԴ-ից հնարավորինս շատ պոկել, և միանշանակ իրենք ԵԱՏՄ-ում դեմ խոսողներն են։ Այսինքն՝ այս կառույցը՝ որպես տնտեսական միավորում, որևէ մեկին, այդ թվում՝ Ռուսաստանին, որևէ օգուտ չի տվել։ Ադրբեջանը որևէ պարագայում ԵԱՏՄ անդամ չի դառնա։ Ադրբեջանն ունի հստակ բարեկամ, որ բոլոր պարագաներում պաշտպանում է նրա շահը և չի թաքցնում դա։ Դա Թուրքիան է, որին բացարձակ ձեռնտու չէ, որ Ադրբեջանը գոնե այս պարագայում դառնա ԵԱՏՄ անդամ։ Եվ այդ առումով տարածաշրջանում կան մրցակից տերություններ՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ը, որոնք վերջին շրջանում շատ ավելի ակտիվ են պայքարում այս տարածաշրջանում իրենց ներկայությունն ապահովելու համար։

– Փաստորեն՝ Ռուսաստանի ջանքերը զո՞ւր անցան։

– Միանշանա՛կ Ռուսաստանի ջանքերը զուր էին, ակնհայտ դարձավ, որ պատերազմում, հանձինս, փառք ու պատիվ մեր զինվորների, 18-19 տարեկան տղաների, որոնք կարողացան պահել մեր պատիվն ու արժանապատվությունը, այդ ծրագիրն իրականություն չդարձավ, այսինքն՝ Ադրբեջանը չկարողացավ լուրջ տարածքային ձեռքբերումներ ունենալ, նաև խնդիրը չհասավ նրան, որ այդ ենթատեքստում ԵԱՏՄ անդամ երկրների կողմից եղած խրախուսումը բերեր նրան, որ Ադրբեջանը դառնար ԵԱՏՄ անդամ։ Նույնիսկ լինելու դեպքում՝ ես կասկածում եմ, որ Ադրբեջանը կդառնար ԵԱՏՄ անդամ, որովհետև ադրբեջանական տնտեսությունում շատ մեծ է բրիտանական տնտեսական և քաղաքական գործոնի ազդեցությունը՝ թե՛ նավթային, թե՛ գազային խնդիրներում։ Վերջին շրջանում Ադրբեջանում տարադրամի անկումը չունի այդ տնտեսական պոտենցիալը՝ ունենալով ահռելի բնական ռեսուրսներ, որոնց արտահանումը լուրջ խնդիր է և լուրջ խթան կդառնա Ադրբեջանի համար։ Այս պատերազմում ամենից շատ տուժեցին Հայաստանը, Ադրբեջանը և Իրանը։ Ավելին՝ ես այն կարծիքին եմ, որ այս պատերազմն ուղղված էր ուղղակի Իրանի դեմ։

– Ինչպե՞ս։

– Պատժամիջոցներից ազատվելուց հետո Իրանը գազային գերհզոր տերություն է, որ հակված է իր գազը վաճառել Եվրոպային։ Դրա համար, ինչքան էլ զարմանալի է, ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար լավագույն ճանապարհը Հայաստանով է։ Իհարկե, այդ ճանապարհը կարող է լինել նաև Ադրբեջանով ու Վրաստանով՝ շրջանցելով Ռուսաստանը, սակայն լավագույն տարբերակը՝ թե՛ տնտեսական, թե քաղաքական առումով, Հայաստանով է։ Իրանը որոշակի խնդիրներ ունի Ադրբեջանի հետ՝ Թավրիզի նահանգի, ազերիների պանթուրքիստական ծրագրերի հետ կապված։ Իսկ երբ գազամուղն անցնում է Թուրքիայով, 70-80 մլն-անոց Թուրքիայում ազդեցություն ունենալը շատ ավելի բարդ է, քան՝ երբ այդ գազամուղն անցնում է Հայաստանով։ Խողովակաշարը նաև քաղաքական ազդեցություն է ընձեռում, և իրենք կարող էին թելադրել ու ստիպված չէին լինի, օրինակ, Գերմանիայի կանցլերին գաղտնալսել։ Հիմա այդ մենաշնորհը Ռուսաստանինն է, և նա հրաշալի բանեցնում է այն՝ թե՛ նյութական առումով՝ գները բարձրացնելով, և թե՛ քաղաքական առումով՝ ձմեռվա կեսին վախեցնելով դադարեցնել մատակարարումը։ Հիշեք Ուկրաինայի պատմությունները։

Պատկերացրեք, թե Իրանը Եվրոպային գազ վաճառելու պարագայում ինչ ազդեցություն կունենար։ Եվ այս առումով Իրանը կորցրեց, որովհետև գոնե 1-1.5 տարի այդ գազամուղի շինարարությունը հետաձգվեց, այսինքն՝ այս ձմռանն էլ ռուսները կարող են առանց մրցակցի գազ մատակարարել Եվրոպա։ Կորցրեց նաև Ադրբեջանը, որովհետև թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքմենական գազը պետք է միանային այդ գազամուղին։ Իսկ եթե Ադրբեջանի գազը գնա Եվրոպա, նրա բյուջեն կրկնակի կավելանա։ Այստեղ ԼՂ խնդրի լուծման առումով կարևոր նշանակություն ունի, որ այդ գազամուղն անցնի Հայաստանով, որովհետև տնտեսական, հանրային շահերի ենթատեքստը բերում է հիմնարար խաղաղության։ Արևմուտքը մշտապես կողմնակից է եղել խաղաղության, այս տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսներից շահույթ ստանալու և այստեղ ազդեցությունը մեծացնելու։ Մեզ համարում են ՌԴ ֆորպոստը, բայց Հարավային ու Հյուսիսային Կորեաների օրինակով, եթե նույնիսկ ֆորպոստ ես, ապա շատ ավելի վատ է՝ ռուսական, քան՝ արևմտյան համակարգում լինելը։

Օրինակ՝ Վրաստանը, կորցնելով Աբխազիան ու Օսեթիան, ամբողջությամբ հրաժարվեց ՌԴ-ից, վրաց-ռուսական հարաբերությունները չեն կարգավորվի առնվազն 20-30 տարի, բայց այսօր արդեն Վրաստանը ՆԱՏՕ-ի ուժերի հետ զորավարժություններ է անում, հաջորդ տարվանից այնտեղ զորակոչ չի լինելու, անցնում են պայմանագրային ծառայության, կոռուպցիոն պայքարն ավելի ուժեղ է, քան Հայաստանում, կայացել են դատական ու մաքսային համակարգերը։ Նույնն Ուկրաինայում է, որը կորցրեց Ղրիմը, բայց այժմ ամբողջությամբ Արևմուտքի ուղեծրում է։ ՀՀ-ն չի կարող կորցնել Ղարաբաղը՝ հասկանալով, որ դա իր ռազմավարական գործընկերն էր, որ դավաճանեց, չպաշտպանեց իր սահմանները, չօժանդակեց Ադրբեջանի հետ խնդիրներում։ Այստեղ լուրջ անելիք կա, և այդ ուղղությամբ ՀՀ ԱԳՆ-ն, մտածող քաղաքական անհատները, կուսակցությունները, հ/կ-ները, քաղաքացիական հասարակությունը լուրջ անելիք ունեն։

– Պարոն Սարգսյան, ապրիլյան դեպքերի արդյունքում համախմբում տեղ ունեցավ, Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը հանդիպեցին, խորհրդակցեցին, Առաջին նախագահն այցելեց Ղարաբաղ։ Ի՞նչ կարծիք ունեք՝ այս համախմբման ու Տեր-Պետրոսյանի դիրքորոշման հետ կապված։

– Եթե քաղաքական դաշտում կա մի գործիչ, ում հետ ես ներքին երևակայական բանավեճի մեջ եմ, լավ առումով բանավեճի մեջ, դա Տեր-Պետրոսյանն է, և անընդհատ ուզում եմ ես ինքս ինձ ապացուցել, որ այն մոտեցումները, որ ես ցուցաբերում եմ արտաքին ու ներքին քաղաքական դաշտում, իմ այս մոտեցումները ճիշտ և ավելի արդյունավետ էին։ Մնացած բոլոր հարցերում Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ կարողացել է ճկուն, հմուտ որոշումներ կայացնել։

Ես կարծում եմ, որ ՀՀ երեք նախագահներն էլ բանակցային գործընթացում լուրջ փորձառություն ունեն, և այդ փորձառությունից միանշանակ օգտվել է պետք։ Բացարձակ կասկած չունեմ Տեր-Պետրոսյանի հայրենասիրության, հայրենիքին նվիրվածության ու նեղ պահին օգուտ տալու ցանկության նպատակների առումով։ Միանշանակ դրական եմ գնահատում, որ մարդն իր այդ տարիքում, առողջական նման խնդիրներ ունենալով՝ ինքն է նախաձեռնում հանդիպում ու առաջարկություններ անում։ Թե այդ առաջարկություններից ինչ հետևություններ կանեն իշխանությունները, որոշողն իրենք են, և այստեղ հաղթանակի ու պարտության դափնիներն էլ են իրենցը։

Մենք՝ որպես ընդդիմություն, երբ նման խնդիրներ են առաջանում, պետք է կարևորը ոչ կարևորից տարբերենք։ «Հանրապետություն» կուսակցության համար, երբ սահմանին կանգնած 18-19 տարեկան զինվորի կյանքին վտանգ է սպառնում, մնացած ամեն ինչ դառնում է երրորդական, չորրորդական, կարելի է անցնել ամեն ինչի վրայով՝ խնդիրը լուծելու համար։ Լ.Տեր-Պետրոսյանը տեսավ լուծման այդ ճանապարհը, որը ես դրական եմ գնահատում։

– Նախկինում տեսակետ էիք հայտնել, որ ՀՀ իշխանությունները պահի տակ են գործում։ Այսօ՞ր էլ են նրանք պահի թելադրանքով գործում, և ինչի՞ կհանգեցնի դա։

– Միանշանակ, իրենք միայն օրվա խնդիր են լուծում, չունեն երկարաժամկետ ծրագրեր, խոսում են մենաշնորհների դեմ ու դրա ելքը գտնում են մենաշնորհն օրինականացնելու մեջ։ Խոսում են կաշառակերության դեմ, դե՛ թող դա էլ օրինականացնեն։ Ի վերջո, այն, ինչ օրենքով է, շատ ավելի լավ է, քան առանց օրենքի։ Բայց սա անհեթեթություն է, սա նշանակում է, որ հետևություններ չեն արել։

Եվրոպան ու Արևմուտքը հասկացել են, որ խաղաղության լուծումը՝ Մադրիդյան, փուլային կամ փաթեթային, մինչ օրս քննարկված տարբերակները բոլորը ցավոտ են, և երկու երկրներում էլ բողոքի ալիք են բարձրացնելու, դրա համար թող դրա անունը ոչ թե Մադրիդյան լինի, այլ Աստրախանի կամ Աստանայի, այսինքն՝ կապակցված լինի ռուսների հետ, որ դժգոհությունը ռուսներից լինի։ Ադրբեջանում Ֆորմուլա 1-ի անցկացումից հետո, որպեսզի նորից փորձ չանեն պատերազմը վերսկսելու, տարածքներ վերցնելու, կայունություն լինի, միանշանակ անհրաժեշտ են բանակցություններ։ Ժողովուրդը, զինվորականները, ազատամարտիկները 90-ականներից սկսած ռազմական խնդիրը լուծել են պատվով, բայց դժբախտաբար նույնը չեմ կարող ասել հայ դիվանագիտության մասին, որ առաջին օրվանից սկսած՝ վերցրեց այնպիսի մի բանաձև, որ անընդհատ տանում է խնդիրների։ Եթե ուզում ենք այդ բանաձևը փոխել, պետք է ռազմաքաղաքական բալանսը փոխել։ Ես այսօր չեմ տեսնում, որ մենք տնտեսությամբ ավելին ենք, քան Ադրբեջանը, և չեմ տեսնում քայլեր, որ այս իշխանությունների պարագայում կարող ենք դառնալ ավելին, քան Ադրբեջանը։

– ՊՆ-ում գեներալ-գնդապետների ձերբակալություններ են եղել, իշխանություններն էլ կոռուպցիայի դեմ պայքար են հայտարարել։ Սա փոփոխությունների սկի՞զբ է, թե՞ ոչ։

– Ընդհանրապես կոռուպցիայի դեմ պայքարը շատ լուրջ ուղղություն է, և այնպես չի, որ կոռուպցիան միայն Հայաստանին է բնորոշ, աշխարհի լուրջ չարիքներից է։ Կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ ծրագրեր և օրինակներ կան։ 99-ին՝ «Միասնություն» դաշինքի հաղթանակից հետո, 4 ամսվա մեջ, երբ եղբայրս՝ Վազգենը, վարչապետ էր, բավականին մեծ խումբ լուրջ աշխատանք է արել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում՝ վերցնելով միջազգային փորձը։ «Հոկտեմբերի 27»-ից հետո փորձեցի առաջ տանել դա, բայց այն ժամանակներն էին, երբ խնդիրը դրան չէր էլ փորձում հասնել, բացարձակ այլ բաներ էին առաջնային։ Այսօր ուղղակի հայտարարությունների մակարդակով փորձում են այդ կարգի խնդիր լուծել։ Բայց ոչ, դա այդպես չի լինում։ 2 ոստիկան, 2 դասախոս, 2 ռազմական գործիչ բռնելով չես կարող։ Ծրագիր է պետք՝ հանրությանը դիմելու, սխալները մատնանշելու և նոր կանոններով խաղ սկսելու ու այդ կանոններով ստուգումներ սկսելու համար։

– Փոխարենը՝ մենաշնորհներն են ուզում օրինականացնել։

– Իրենք օրվա պահանջարկից ելնելով՝ անում են ցուցադրական գործողություններ այն ոլորտներում, որտեղ իրենցից գաղտնի է ինչ-որ բան եղել։ Որովհետև մեզ մոտ կոռուպցիան գաղտնի չի, իրենք գիտեն, թե ով որտեղ ինչքան աշխատելով՝ ինչքան է վերցնում ու ինչի համար։ Երբ այդ կոռուպցիան տեղավորվում է իրենց գիտեցածի շրջանակներում, կարելի է, երբ ավելի է լինում, պատժում են այդ մարդուն։ Այն կոռուպցիան, որ իրենց է հարստացնում, դրա շրջանակներում կոռուպցիայի դեմ պայքար չկա այս երկրում։ Իրենց պայքարն իրենց իմացածից դուրս կոռուպցիայի դեմ է։ Սա դրակա՞ն է, թե՞ բացասական, ես անհեթեթ եմ համարում նույնիսկ գնահատական տալը։

Տեսանյութեր

Լրահոս