Բաժիններ՝

Ինժեներական լաբորատորիայի սանը նախատեսում է դրոն պատրաստել ու թշնամու դիրքերը հետախուզել

Հայաստանի դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ներդրման շնորհիվ ռոբոտ պատրաստել, տարբեր համակարգչային խաղեր նախագծել ցանկացող երեխաները կարողանում են իրագործել իրենց նպատակները: «Փարոս» հիմնադրամի կողմից «Ղողանջ» հասարակական կազմակերպությունում մոտ երեք ամիս առաջ հիմնադրած ինժեներական խմբակի սաները արդեն տիրապետում են հայկական «Աղվես» ու «Կրիա» ծրագրերին, իսկ ապագայում ցանկանում են ռոբոտ, դրոն նախագծել ու պատրաստել:

10 տարեկան Սամվել Գևորգյանը խմբակ հաճախել է իր ցանկությամբ` ունենալով ապագայում համակարգչային խաղեր, դրոններ ստեղծելու տեսլականը: «Ես մտածում էի խաղ ստեղծել, դրոններ, որ ուղարկենք թուրքերի մոտ ու իրենց զորքերը տեսնենք: Մեր խմբակը արագ աճում է, նոր երեխաներ են միանում»,-ասաց տղան:

12-ամյա Անի Գրիգորյանին չի խանգարում հանգամանքը, որ խմբակում մեծամասամբ տղաներ են, նրա հավաստմամբ` սեռը նշանակություն չունի, բոլորն էլ հավասար են: «Մոտ երկու ամիս է հաճախում եմ խմբակ: «Աղվես»-ն եմ սովորել, որով խաղեր ենք պատրաստում: Ապագայում ցանկանում եմ ռոբոտներ ստեղծել»,-նշեց աղջնակը: Նա դեռ մասնագիտության հարցում հստակ որոշում չի կայացրել, բայց վստահ է, որ նշյալ ոլորտում է իր ապագան պատկերացնում:

Խմբակավար Շաքե Երիցյանը գոհ է իր սաներից, ովքեր եռամսյա ժամկետում հասցրել են յուրացնել մի շարք համակարգչային գիտելիքներ ու ներկայում էլ նախագծում են «Աղվես» ծրագրով գործող բառարանների շարք: «Ունենք սիրիահայ երեխաներ, ովքեր արաբերենից են թարգմանում, կան նաև սիրիահայ այլ երեխաներ, ովքեր հայերեն չգիտեն, և նույնը արվում է, որ նրանք հայերեն սովորեն: Որպես խմբակավար կարող եմ ասել, որ իմ սպասած արդյունքից շատ ավելին են նրանք անում»,- ասաց նա: Խմբակում ներգրավված է 20 երեխա մայրաքաղաքի տաբեր դպրոցներից, հունիսից նախատեսում են աշխատել ևս 15 երեխայի հետ: Խմբակի ներսում ձևավորվում են խմբեր` ըստ տարիքի և նախասիրությունների: «Ապագայում նախատեսում ենք մասնակցել մի շարք մրցույթների, բայց արդյունքները ոչ միայն խմբակավարից են կախված, այլև երեխաների պարտաճանաչությունից»,-հավելեց Շաքե Երիցյանը` նշելով, որ ամառվա ընթացքում խմբակի դասերը կշարունակվեն:

Կարդացեք նաև

Խմբակավարը նաև տեղեկացրեց, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում իրենք կստանան սարքավորումներ` 3D տպիչների, CNC շաղափային հաստոցի տեսքով: «Սարքավորումները հայակական արտադրության են` տպիչները Գորիսում են արտադրվում, շաղափային հաստողը` Երևանում»,-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս