«Վիզային ռեժիմի վերացումը Հայաստանի և Իրանի միջև լուրջ ձեռնոց է մեր անվտանգության ծառայություններին»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ կառավարությունն առաջիկա նիստում՝ հունիսի 2-ին, հավանություն կտա ՀՀ կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրի կնքմանը: Երկու պետությունների քաղաքացիների փոխադարձ այցելությունների ռեժիմը սահմանում է, որ երկու պետությունների քաղաքացիները սովորական և դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի կարող են մուտք գործել, տարանցմամբ անցնել, դուրս գալ և գտնվել միմյանց պետությունների տարածքում` առավելագույնը 90 օր ժամկետով` 180 օրվա ընթացքում:

Tigran balayanԱյս հարցի վերաբերյալ կարծիքներ էին շրջանառվում, թե Հայաստանի և Իրանի միջև վիզային ռեժիմի վերացումը կարող է օգտագործվել ադրբեջանական կողմից՝ Հայաստան մուտք գործելու առումով: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման առաջարկություն ներկայացնելիս բոլոր գործոնները հաշվի են առնվել. «Բոլոր հնարավոր գործոնները, հնարավոր պլյուսներն ու մինուսները հաշվի են առնված»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստյոպա Սաֆարյանի կարծիքով, սակայն, սա լուրջ մարտահրավեր է հայկական կողմի անվտանգության ծառայություններին.

Stepan Safaryan 01«Այնպես չէ, որ Իրանում ապրող ադրբեջանցիները չեն կարողանում գալ Հայաստան, այստեղ խնդիրն անվտանգության ծառայությունների ուժեղացման մեջ է: Բնականաբար, վիզա ստանալու դժվարությունը չէր արգելքը, որ կանխում էր նրանց մուտքը Հայաստան: Այստեղ խնդիրն այն է, թե մենք ինչպես կկարողանանք կարգավորել դա, սա, թերևս, լուրջ ձեռնոց է անվտանգության ծառայություններին: Բայց մյուս կողմից, եթե մենք Իրանի հետ հարաբերություններին նայում ենք՝ որպես հնարավորություններ Հայաստանի զարգացման համար, թերևս, դա անխուսափելի քայլ է: Ռիսկեր միշտ կան, պարզապես պետք է դրանք ճիշտ գնահատվեն և կառավարվեն. այստեղ անվտանգության ծառայությունների աշխատանքն է էական լինելու»:

Հարցին՝ ի՞նչ է կարծում՝ անվտանգության ծառայությունները կկարողանա՞ն պատշաճ կերպով իրենց գործառույթը կատարել, Ս. Սաֆարյանը պատասխանեց. «Ես լիահույս չեմ, որովհետև մենք տարբեր միջադեպեր ունեցանք, խնդիրներ ունեցանք, ու այս կտրվածքով՝ հարցեր կան, որոնց պատասխանները պետք է հենց այդ մարմինները տան՝ որքանո՞վ են իրենք պատրաստ այդ ռիսկերը կառավարելուն»:

Տեսանյութեր

Լրահոս