Ադրբեջանը վարկ է խնդրել Համաշխարհային բանկից
Ադրբեջանի կառավարությունը Համաշխարհային բանկից 500 մլն դոլարի վարկ է խնդրել «Հարավային գազային միջանցք» նախագծի իրագործման համար:
Այս մասին «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ին հայտնել են ՀԲ-ի Բաքվի ներկայացուցչությունում:
«Ադրբեջանական կողմը 500 մլն դոլար վարկ ստանալու խնդրանքով դիմել է ՀԲ-ին «Հարավային գազային միջանցք» նախագծում իր մասնաբաժնի
ֆինանսավորման համար: Ներկայում այդ հարցով քննարկումներ են անցկացվում», -ասել է ՀԲ-ի ներկայացուցիչը:
Նրա խոսքով` նախագծի գծով բենեֆիցիարը լինելու է «Հարավային գազային միջանցք» փակ բաժնետիրական ընկերությունը:ՀԲ-ի ներկայացուցիչը հավելել է, որ հավանության արժանանալու դեպքում, վարկային միջոցներն Ադրբեջանին հատկացվելու են պետության
երաշխիքով:
«Վարկի հատկացման նախագծի նախապատրաստման, բանակցությունների անցկացման, բանկի Տնօրենների խորհրդի կողմից հաստատման հետ կապված բոլոր հացերը ծրագրվում է ավարտին հասցնել մինչեւ 2016 թվականի վերջը», -նշել է նա: «Հարավային գազային միջանցք» նախագիծը նախատեսում է խողովակաշարային ենթակառուցվածքի ստեղծում ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա փոխադրման համար, որն Ադրբեջանում արդյունահանվում է «Շահդենիզ» հանքահորի «Փուլ-2» նշակման
շրջանակում: Նախագծի արժեքը գնահատվում է 42-45 մլրդ դոլար:
Ադրբեջանի պետական նավթային ընկերության` SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը դեռեւս մայիսին հայտարարել էր, որ «Հարավային
գազային միջանցք» նախագծի իրականացման համար անհրաժեշտ 10 մլրդ դոլար ներդրումների մոտ 3 մլրդ դոլար մասն արդեն հայթայթվել է, իսկ
մնացած 7 մլրդ դոլար մասի ձեռք բերման շուրջ որոնումները դեռեւս շարունակվում են (fins.az):
«Մենք աշխատում ենք բոլոր բանկերի հետ: «Հարավային գազային միջանցքն արդեն 1 մլրդ դոլար ներգրավել է: Մինչեւ տարեվերջ սպասվում է եւս 1,5 մլրդ դոլարի ներդրում: Մենք համագործակցում ենք Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի, Զարգացման ասիական բանկի հետ: Ընդհանուր առմամբ, մենք մտադիր ենք ներգրավել մինչեւ 7 մլրդ դոլար էժան եւ երկարաժամկետ
ներդրումներ: Հուսով եմ, որ գործընթացը հաջող կընթանա»:
«Թուրան»-ին հասած տեղեկություններով` վարկեր տրամադրելու մասին Ադրբեջանի ղեկավարության փետրվարին արած խնդրանքին Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշախարհային բանկը 5 պահանջ են առաջադրել պաշտոնական Բաքվին. լայն մասնավորեցում, պետապարատի կրճատում, իրական դատական բարեփոխում, աշխատավարձերի, թոշակների եւ պետական ծախսերի սառեցում, մուտք Առեւտրի
համաշխարհային կազմակերպություն: Նույն աղբյուրի համաձայն` այդ 5 պայմաններից Ադրբեջանի կառավարությունն այն ժամանակ համաձայնվել էր միայն առաջին երկուսի հետ, ինչի հետեւանքով միջազգային կառույցներն անհնարին էին համարել վարկերի տրամադրումը: Դրանից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փող
գտնելու նպատակով անմիջապես մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Իրան, սակայն, երկու այցերն էլ անհաջողությամբ էին
պսակվել:
Natural Gaz Europe-ին տված հարցազրույցում Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւն էլ հայտարարել էր, որ Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներով Ադրբեջանից Եվրոպա գազ փոխադրելու «Հարավային գազային միջանցք» եւ «Շահ Դենիզ 2» նախագծերը եկամտաբեր կդառնան 2030 թվականին:
«Ադրբեջանը «Շահ Դենիզ- 2»-ը, TANAP-ը (Անդրանատոլիական գազատար) եւ TAP-ը (Անդրադրիատիկ գազատար) դիտարկում է որպես միասնական նախագիծ: «Շահ Դենիզ -2»-ի վրա կապիտալ ծախսերը գնահատվում են 20 մլրդ դոլար, իսկ «Հարավային գազային միջանցքի» վրա` 25 մլրդ դոլար: Թուրքիայի գազի արտահանումը ծրագրվում է սկսել 2018 թվականին, իսկ Եվրոպա` 2020 թվականին», -ասել է նա:
Նախարարը նշել էր, որ հաշվարկների համաձայն եւ նավթի ու գազի սպասվող գնից ելնելով «Շահ Դենիզ-2» եւ «Հարավային գազային միջանցք» նախագծերից եկամուտները կգերազանցեն ծախսերը 2028-2030 թվականներին մոտ:
Նրա խոսքով` «Հարավային գազային միջանցքով» նախատեսվում է Կասպյան տարածաշրջանից Վրաստանի եւ Թուրքիայի տարածքներով Եվրոպա փոխադրել տարեկան 10 մլրդ խմ ադրբեջանական գազ:
Ադրբեջանում ստեղծված տնտեսական ճգնաժամի պատճառով խոշոր նախագծերի ճակատագիրը հայտնվել է հարցականի տակ: Բազմաթիվ փորձագետներ հայտնում են, որ անգամ Անդրանատոլիական եւ Անդրադրիատիկ գազային նախագծերն ապագայում Ադրբեջանի համար կարող են ոչ թե եկամտի, այլ բյուջեի համար լրացուցիչ ծանր բեռ դառնալ: Քանի որ երկրում առկա տնտեսական ճգնաժամային պայմանում Ադրբբեջանը
ստիպված կարող է վաճառել նախագծում իր մասնաբաժինը, ինչը լրացուցիչ խնդիրներ կառաջացնի:
Ադրբեջանցի տնտեսագետ-փորձագետ Նաթիգ Ջաֆարլին musavat.com-ի հետ զրույցում հայտնել է, որ այդ նախագծերի հետ կապված` Ադրբեջանում արդեն տարբեր անհանգստացնող լուրեր են շրջանառվում: «Երկու տարբերակներն էլ Ադրբեջանի համար բացասական են: Եթե մենք մեր մասնաբաժինը վաճառենք, ապագայում այդ նախագծերում խոսքի իրավունք չենք ունենա: Պարտքն էլ, Ադրբեջանի ներկայիս վիճակի պատճառով, մեզ կտան ավելի մեծ տոկոսներով: Ապագայում ստացած
եկամուտը ստիպված ենք լինելու տոկոս վճարել: Այսինքն, տարբեր տեսանկյուններով դիտարկելով ակնհայտ է դառնում, որ մոտ ժամանակում,
մոտ տարիներին Ադրբեջանը խնդիրներ է ունենալու», -համոզմունք է հայտնել տնտեսագետը:
Միջազգային վարկանիշային Standart & Poor`s, Mood`s եւ Fitch Ratings գործակալությունները այս տարվա հունվար-փետրվարին մեկ դիրքով
իջեցրել են Ադրբեջանի երկարաժամկետ վարկային վարկանիշը եւ նրան շնորհել արտասահմանյան եւ տեղական արժույթով երկարաժամկետ եւ կարճաժամկետ սուվերեն վարկային BB+` «աղբային» մակարդակի է վարկանիշ, ինչն իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանն այսուհետ միջազգային վարկեր կարող է ներգրավել միայն ավելի բարձր տոկոսներով:
The Financial Times թերթը գրում է, որ Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: