«Ես խորապես համոզված եմ՝ 21-րդ դարը Մարդու դարն է». Ռուբեն Վարդանյան
«Սկոլկովո» բիզնես դպրոցի հիմնադիր, IdeA հիմնադրամի, «100 կյանք» նախագծի, «Ավրորա» մրցանակի նախաձեռնության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հյուրընկալվել է «Օրֆեյ» ռադիոկայանին, որի հետ զրույցում ներկայացրել է բարեգործության մասին իր պատկերացումները:
Բարեգործություն անելու 7 պատկերացումները՝ ըստ Ռուբեն Վարդանյանի: Ի՞նչն է մեզ մղում բարի գործեր անել
– Փորձեմ ներկայացնել իմ պատկերացումները: Ի՞նչն է մեզ մղում բարի գործեր անել: Նման դրդող ուժերն այնքան էլ շատ չեն, ընդամենը յոթն են:
Առաջինը հուզական կապն է: Դու զբաղվում ես բարեգործությամբ, քանի որ կապված ես այն վայրի ու գործունեության հետ, որը քո մեջ օգնելու ցանկություն է առաջացնում: Օրինակ, ես ավարտել եմ այդ դպրոցը կամ համալսարանը, կամ իմ մայրն այս գյուղից էր, և ես ուզում եմ օգնել հենց այս գյուղին, կամ կարևոր չէ՝ Հարվարդի համալսարանին հավելյալ գումար հարկավո՞ր է, թե՞ ոչ, բայց ես ցանկանում եմ օգնել, քանի որ Հարվարդի շրջանավարտ եմ:
Երկրորդ. ցանկանում ես իրավունք ձեռք բերել՝ լինել այն մարդկանց թվում, ովքեր նույն բանն են անում: Ցանկանում եմ իրավունք ձեռք բերել լինել այնպիսի մարդկանց շրջապատում, որոնք նույն բանով են զբաղվում: Դա լավ, դրդիչ ուժ է, սակայն ավելի շատ «ակումբային» զգացողություն կա:
Երրորդ. մարդը ղեկավարվում է իր բարոյական-կրոնական համոզմունքներով: Երբ մարդը, ելնելով իր սկզբունքներից, կարևոր է համարում բարեգործություն անելը, քանի որ տալ այն, ինչ Աստված է իրեն տվել, տարբեր կրոնների կողմից ողջունվում է:
Չորրորդ՝ մեղքի զգացում: Երբ գիտես, որ հարուստ ես ու ցանկանում ես ինչ-որ բանով կիսվել այլոց հետ: Քեզ թվում է, որ այդկերպ քավում ես սեփական մեղքերդ:
Հինգերորդ. փորձում ես համաձայնության գալ պետության և որոշակի մարմինների հետ՝ որոշակի «ինդուլգենցիաներ» կամ հարկային արտոնություններ ստանալու համար:
Վեցերորդ. ցանկանում ես հավերժացնել անունդ:
Յոթերորդ. ինձ թվում է, որ սա ռազմավարական հայացք է բարեգործության ընկալմանը՝ որպես մեր կյանքի մի մաս: Ես իսկապես չեմ առանձնացնում բիզնեսն ու բարեգործությունը:
Ես կարծում եմ, որ ապրում ենք հասարակության զարգացման մի այնպիսի հետաքրքիր ժամանակաշրջանում, երբ աշխարհում անցել ենք վայրի կապիտալիզմի փուլը, և երբ զուտ շահույթի ստացումը չի կարող մեր գործունեությունից մեզ բավարարվածություն պատճառել: Արևմուտքում այժմ լայնորեն տարածված է մի շարժում, երբ դու զբաղվում ես ոչ միայն բիզնեսով, երբ առկա է շահույթի հանգամանքը, այլև առկա է շատ կարևոր տարր, այն է, թե ինչ էֆեկտ է բիզնեսը տալիս հասարակությանը:
Այդ իմաստով, թվում է, թե մենք շարժվում ենք սոցիալական կապիտալիզմի ուղղությամբ, երբ պատասխանատվություն կա ոչ միայն՝ գումար աշխատելու համար, այլև՝ գիտակցություն, թե այն, ինչով դու զբաղվում ես, որքանո՞վ է օգուտ տալիս հասարակությանը՝ ոչ միայն գանձարան հարկեր մուծելու տեսքով:
Այդ իմաստով՝ և՛ բարեգործը, և՛ մեկենասը մարդիկ են, որոնք որոշում են կայացնում, որ իրենց գործունեության մի մասն ուղղվելու է ոչ միայն հավելյալ եկամուտներ ստանալուն, այլև ցանկանում են իրենց շուրջ եղած աշխարհն ավելի լավը դարձնել: Դա այն պատճառով չէ, որ դա ճիշտ է, էմոցիոնալ է, այլ՝ որ ռազմավարական առումով կարևոր է աշխարհի հետագա կայունության համար:
Դա որոշակիորեն պրագմատիկ է հնչում ու սպանում է ռոմանտիկան ու իդեալականացումը, բայց փոխարենը՝ բերում է մեծ պրոֆեսիոնալիզմի, մեծ կոնկրետության, որ ամեն ինչ պետք է լինի հստակ սահմանված, միտված արդյունքին:
Իմ կարծիքով՝ շատ հետաքրքիր սերտաճում է տեղի ունենում բիզնեսի և մշակույթի միջև, և հենց այդ ժամանակ նրանք դառնում են սիամական երկվորյակներ: Կարծում եմ, որ մենք պետք է վերադառնանք այն հին ժամանակները: Ներկայումս էլիտաները, հասարակությունը տարանջատված են. կա բիզնես էլիտա, քաղաքական էլիտա, գիտական էլիտա, որոնք իրար հետ չեն շփվում, ու մարդը, ով ունի փող, հաճախ չգիտի, թե ինչպես շփվի, իսկ գիտական էլիտան չի վստահում ու չի հավատում, որ հնարավոր է շփվել բիզնես էլիտայի հետ:
Էմոցիաները՝ բարեգործության մեջ
Անհնար է բարի գործեր անել՝ առանց էմոցիաների: Դա միանշանակ է, սակայն 7-րդ կետն ամենակարևորն է: Մեր ռեսուրսները չեն բավականացնում բարի գործեր անելու համար: Կարևոր է ունենալ պատմություն, հիշել ու հարգել այդ պատմությունը: Եթե դու ուզում ես ունենալ պատմություն, ապա դու պետք է ունենաս մշակույթ՝ քո երկրում, այլ ոչ թե՝ արտերկրում:
21-րդ դարի մասին
Ես խորապես համոզված եմ, որ 21-րդ դարը Մարդու դարն է: Տեղեկատվական հասարակության մեջ, որում ապրում ենք, մեծամասամբ, գլխավոր ակտիվը ոչ թե հողն է ու բնական պաշարները, այլ մարդը: Եթե դա այդպես է, ապա նրա զարգացման, կրթության ընդհանուր մակարդակը, սեփական գաղափարներն իրականացնելու հնարավորությունները, նրա առողջությունը կարևոր են ոչ միայն՝ ընդհանուր զարգացման առումով, այլև՝ կարևորագույն մրցակցային առավելություն են: Այդ իսկ պատճառով կրթությունն այն առանցքային ուղղություններից է, որտեղ մենք կենտրոնացրել ենք մեր ջանքերը.
«Սկոլկովո» դպրոցը ու մյուս ծրագրերը, որոնք իրականացրել ենք Ռուսաստանում, և Դիլիջանի դպրոցի ծրագիրը Հայաստանում, ամառային ճամբարները նրա համար են, որպեսզի մենք ստանանք լավ կրթություն՝ չհեռանալով երկրից կամ նախկին ԽՍՀՄ տարածքից: Այս իմաստով կա էմոցիա, բայց կա նաև հստակ պատկերացում, թե ինչո՞ւ ենք մեր ուժերը կենտրոնացրել այդ և ոչ թե՝ այլ ուղղությամբ:
«Ավրորայի» մասին
«Ավրորա» ծրագիրը, որն իրականացրեցինք Հայաստանում, մարդասիրական մրցանակ է նրանց համար, ովքեր փրկում են աշխարհում ապրող այլ մարդկանց: Այնպես որ, առանց էմոցիաների հնարավոր չէ:
Այս տարի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցն էր: Ապրիլի 24-ը տխուր օր է հայերի համար, բայց մենք որոշեցինք, որ ճիշտ կլինի՝ նախաձեռնենք մի իրադարձություն, որը նվիրված կլինի ոչ թե մեզ՝ որպես Ցեղասպանությունը վերապրած ազգի, այլ՝ որպես վերապրողներ, կարող ենք ու պետք է օգնենք մյուսներին՝ որպես երախտագիտության նշան, որպես մարդիկ, որոնք ստացել են երկրորդ շանսը՝ մեծանալ ու դառնալ տարբեր երկրների արժանապատիվ քաղաքացիներ:
Մենք միավորվեցինք ու ստեղծեցինք «Ավրորա» մրցանակը, որն այս տարի շնորհվեց Երևանում: Մրցանակը ստացավ Ռուանդայից Մարգարիտ Բարանկիցեն, ով փրկել է ավելի քան 30 հազար երեխաների կյանք:
Մրցանակաբաշխությամբ մենք առաջին հերթին ցանկանում էինք աշխարհին ասել՝ շնորհակալություն աջակցության համար, որ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ ողջ աշխարհում հավաքվում էին գումարներ հայերին օգնելու համար, միսիոներների ջանքերով հայ որբերը կրթություն էին ստանում: Մենք ցանկացանք ասել, որ մենք ուժեղ ենք դարձել, մենք վերապրել ենք Ցեղասպանությունը, դարձել ենք աշխարհի արժանապատիվ քաղաքացիներ և ուզում ենք շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր մեզ օգնել են՝ այսօր օգնելով նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Կարմեն Ղուկասյանը