«Այդպիսի լուրը, թե ավանդ դրեցին արտաբյուջեի միջոցներն ու տոկոս ստացան, ինձ ոչնչացնում է»
Մեր զրուցակիցն է ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը
– Պարոն Ջանջուղազյան, տարիներ շարունակ մասնագետների շրջանում չի նվազում դժգոհությունը՝ արտաբյուջեների հետ կապված։ Գրեթե բոլորը պնդում են, որ դրանք պետք է ներառել բյուջեի կազմում և հնարավորություն չտալ, որպեսզի տարբեր գերատեսչություններ, ըստ իրենց ցանկության՝ տնօրինեն միլիարդավոր գումարները։ Համաձա՞յն եք այդ տեսակետների հետ։
– Որևէ գերատեսչություն ինքնին չի տնօրինում այդ գումարներն ավելի ազատորեն, քան բյուջետային ծրագրերի դեպքում, որովհետև արտաբյուջեների նախահաշիվները հաստատվում են կառավարության կողմից։ Եվ, բնականաբար, գերատեսչություններն այդ ծրագրերին վերաբերվում են այնպես, ինչպես մնացած բյուջետային ծրագրերին՝ նախահաշիվը հաստատելուց հետո։ Միակ առանձնահատկությունն այն է, որ այս դեպքում ոչ թե ԱԺ-ն է հաստատում, այլ կառավարությունը։ Ընդ որում՝ արտաբյուջեների դեպքում, ի տարբերություն մյուս ծրագրերի, ծախսային ծրագիրը կապված է եկամտի տեսակի հետ։
Այսինքն՝ եթե չլինի եկամուտը, այդ ծախսն էլ չի լինի։ Իսկ բյուջետային մնացած ծախսային ծրագրերի դեպքում դա չի գործում, և անկախ նրանից՝ ԱԱՀ, շահութահարկ կամ տուրք հավաքվե՞լ է, թե՞ ոչ, այդ ծախսային ծրագիրը ենթակա է կատարման։ Գերատեսչությունը կարիք չունի մտահոգվելու՝ գումարը հավաքվե՞ց, թե՞ ոչ, իսկ արտաբյուջեի դեպքում ստիպված են մտահոգվել, որովհետև այդ ծախսը կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ այդ եկամուտն առկա է։ Արտաբյուջեները սահմանվում են օրենքով, այնպես չէ, որ կառավարությունն իր համար որոշել է և արել։ Արտաբյուջեների դեպքում, բացի հավաքագրումից, մնացած ծրագրերն իրականացվում են այնպես, ինչպես բյուջեի դեպքում, այսինքն՝ նախահաշիվ է հաստատվում, պայմանագիր կնքելու գործընթաց է անցնում, և այլն։
– Բայց, փաստորեն, Ազգային ժողովի կողմից վերահսկողությունն է բացակայում արտաբյուջեների դեպքում, և կառավարությունը հավելյալ ազատություն է ստանում։
– Ես, ճիշտն ասած, չեմ կարողանում լավ ըմբռնել պատգամավորների վերահսկողության բաղադրիչն այս հարցի մեջ, որովհետև ինքն ամբողջությամբ բյուջեի կատարման հաշվետվության մաս է, օդում շրջանառվող դրսևորումներ չեն, իսկ պատգամավորները բյուջեի ընթացիկ հսկողություն չեն իրականացնում։ Եթե նայում եք որևէ գերատեսչության բյուջե, դրանում ներառված է նաև արտաբյուջեն։
– Այդ դեպքում իմաստը ո՞րն է, որ լինի արտաբյուջետային հաշիվ։
– Այդ եկամտի գեներացումը կախված է տվյալ գերատեսչության գործողություններից։ Եթե այդ բաղադրիչը հանենք, ինքը ոչ մի տարբերություն չունի և սովորական ծախսային ծրագիր է։
– Սակայն շատ մասնագետներ արտաբյուջեն համարում են կոռուպցիայի աղբյուր, և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում առաջարկներից մեկն էլ արտաբյուջեների վերացումն է, որ ՀՀ քաղաքացիները և տնտեսվարող սուբյեկտները բոլոր տեսակների վճարները մուտքագրեն բացառապես ՀՀ պետական կամ համայնքային բյուջեներ։
– Ես ինձ կոռուպցիայի մասնագետ ոչ մի կողմից չեմ համարում, բայց այնքանով, որքանով ես եմ հասկանում՝ ինչ է արտաբյուջեն, ինչ է բյուջեն, չեմ կարողանում տեսնել, թե դրանով ինչպես է փոխվում կոռուպցիոն ռիսկի աստիճանը, թե ինքն արտաբյուջե՞ է, թե՞ բյուջե է։ Չեմ կարողանում ըմբռնել այդ աստիճանի փոփոխության գործոնը, որովհետև ինձ թվում է, որ կոռուպցիոն ռիսկի գործոններ կարող են և՛ այնտեղ դրսևորվել, և՛ այնտեղ։ Ինչո՞ւ են շրջանառվում, որ եթե արտաբյուջե չլինի, դա կդադարի կոռուպցիոն ռիսկ պարունակող ծրագիր լինել, ես դա չեմ հասկանում։
– Լուրեր էին տարածվել, որ գերատեսչությունների ղեկավարներն արտաբյուջեները որոշ ժամանակով օգտագործում են սեփական նպատակներով, նաև արտաբյուջեի գումարները՝ որպես ավանդ, շրջանառության մեջ են դնում բանկերում և եկամուտ ստանում։
– Օ՜, ինչ եք ասում։ Այդ լուրերը բացարձակապես ընդհանուր աղերս չունեն իրականության հետ որևէ տեսակետից։ Այդպիսի լուրերն ուղղակի անհասկանալի երևակայության պտուղ են, որովհետև որևէ պետական մարմին, որ ունի արտաբյուջե, չի կարող այս արտաբյուջետային հաշվի լուման անգամ տնօրինել որևէ այլ կերպ, քան նախանշված, նախատեսված ուղղություններով։ Այսինքն՝ հանկարծ մտածի, որ կարող է այդ միջոցը վերցնի և որևէ բանկում ավանդ դնի, հնարավոր չէ։
– Տարեսկզբին վերցնեն, տարեվերջին ետ դնեն՝ հաշվետվություններում ճեղքվածք չառաջացնելու համար։
– Բացառվում է, որևէ տարբերակ չկա, որովհետև այդ միջոցները գանձապետական հաշվի ենթահաշիվներ են, այսինքն՝ չի կարող այդպիսի բան լինել, որ կարողանան առանց ծախս ունենալու, ծրագիր կատարելու, միջոցը տնօրինեն։ Դա նույնն է, որ սոցապնախարարը կամ գործակալությունը կենսաթոշակ վճարելու փոխարեն՝ այդ գումարը վերցնի և փոխանցի, բանկում ավանդ դնի։ Նման բան չի կարող լինել ճիշտ այնպես, ինչպես չի կարող որևէ արտաբյուջեի դեպքում։ Չի կարող լինել, որովհետև, ես գաղտնիքը բացեմ, ավանդ դնողը տվյալ դեպքում պետությունն է։
Եթե ուշադրություն դարձնեք բյուջեի մեջ, գանձապետական միասնական հաշվի միջոցներն ավանդ են դրվում Կենտրոնական բանկում։ Խոսքը վերաբերում է կանխիկ միջոցներին, և դրա դիմաց ստացվում են տոկոսներ, որոնք պետական բյուջեի եկամտի մաս են։ Այսինքն՝ եկամուտների մեջ կան այլ եկամուտներ, որտեղ ժամանակավոր ազատ միջոցների ավանդադրումից ստացված տոկոսային եկամուտները հաշվեգրվում և հաշվառվում են։ Եկամուտների ցուցանիշում ներառված է նաև դա, որը, ընդ որում, փոքր գումար չի։ ( 2015 թ.-ին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 70 մլրդ դրամ այլ եկամուտներ, որը կազմում է բյուջեի եկամուտների 6%-ը՝ նախորդ տարվա 5.5%-ի դիմաց.- Գ.Խ.)։
– Քանի՞ տոկոսով է գումարը դրվում ԿԲ-ում։
– Տոկոսը կախված է տվյալ օրը շուկայում փողի գնից։ Ենթադրենք՝ դնում ենք 2 կամ 3 ամսով, կամ 1 շաբաթով, ըստ դրա արժեքի էլ՝ ԿԲ-ն մեզ եկամուտ է տալիս։ 2015 թ.-ին դա 11% է եղել։
– Քիչ չէ։
– Ամենևին քիչ չէ, բայց դա կապ չունի որևէ մեկի ծրագրի հետ։ Չկա որևէ տարբերակ, որ ծախսային որևէ հաշվից գումարը փոխանցվի՝ չունենալով դրա տակ որևէ հիմնավորում։ Դա պետք է լինի պայմանագիր, եթե գնման մասին է խոսքը, սուբսիդիայի կամ դրամաշնորհի, եթե պայմանագրով նախատեսված է կանխավճար, պետք է լինի կանխավճարի ապահովման միջոց, որը միայն բանկային երաշխիքն է, եթե կանխավճար չի, ուրեմն պետք է լինի ընդունման-հանձնման արձանագրություն, հաշիվ-ապրանքագիր։ Այդ բոլորը մինչև դրված չլինի դրա տակ, վճարում չի կարող կատարվել։ Հիմա Դուք պատկերացրեք՝ ո՞նց է առանց դրա՝ նա վերցնում և փոխանցում բանկ։
– Ներքին համաձայնությամբ։
– Ո՞ւմ հետ, մե՞ր՝ գանձապետարանի՞։ Նույնիսկ այդ տարբերակը չաշխատող է, որովհետև ես Ձեզ մի ուրիշ «գաղտնիք» էլ բացեմ՝ այս ամբողջն ավտոմատացված է, այսինքն՝ իրենք իրենց հաշիվները կառավարում են էլեկտրոնային և կարողանում են կառավարել միայն ծրագրային ապահովման մեջ սահմանված կանոնների ներքո, այսինքն՝ այդտեղ մարդկային գործոնն էլ չկա, որ այս մեկին թույլատրի, մյուսին՝ ոչ։ Այս պայմաններում այդպիսի լուրը, թե՝ ավանդ դրեցին արտաբյուջեի միջոցներն ու տոկոս ստացան, ինձ ոչնչացնում է։