«ՃՈ-ն հայտնաբերել է 153 անձանց, որոնք վարորդական իրավունք ստանալուց հետո հաշվառվել են՝ որպես հոգեկան հիվանդ կամ թմրամոլ». ՃՈ պետ
Օրենսդրական բացեր կան՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձանց, թմրամոլներին վարորդական վկայականների տրման, հետագայում դրանց փոփոխության հետ կապված: Այսօր Ազգային ժողովում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման օրենսդրական և իրավակիրառ հիմնախնդիրները» թեմայով լսումների ընթացքում այս մասին ասաց Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայության պետ Արմեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ հայտնաբերել են 153 անձանց, որոնք վարորդական իրավունք ստանալուց հետո հաշվառվել են՝ որպես հոգեկան հիվանդ կամ թմրամոլ:
«Այսօր մենք մեր իսկ նախաձեռնությամբ կատարում ենք անձանց համադրում, որոնք վարորդական վկայականը ստանալուց հետո հաշվառվել են՝ կա՛մ որպես հոգեկան հիվանդ, կա՛մ թմրամոլ»,- ասաց նա:
Նա նկատեց, որ վարորդական իրավունքի վկայականը տրվում է 10 տարի ժամկետով, և, եթե դրանից կես տարի կամ մեկ տարի հետո անձը հաշվառվում է՝ որպես թմրամոլ կամ հոգեկան հիվանդ, ապա մնացած 9 կամ 9.5 տարիների ընթացքում նա ունենում է վարորդական վկայական. «Ներկա պահին կառավարությունում քննարկվում է որոշման նախագիծ, որպեսզի այս տվյալները փոխանակվեն Առողջապահության նախարարության հետ միասնական բազայում, որպեսզի մենք հնարավորություն ունենանք տվյալ անձանց զրկել վարորդական իրավունքից»:
Նա նշեց, որ բոլոր այն 153 անձանց վարորդական իրավունքները, որոնք վարորդական իրավունք ստանալուց հետո հաշվառվել են՝ որպես հոգեկան հիվանդ կամ թմրամոլ, ճանաչվել են անվավեր. «Ներկայումս գործընթաց է գնում՝ Ոստիկանության տարածքային մարմինների միջոցով նրանցից վերցնում ենք: Հեշտ գործընթաց չէ, որովհետև երբեմն գիտակցելով հետևանքները՝ հայտարարում են, որ կորցրել են»:
ՃՈ պետն ասաց, որ նման խնդիրներ ունեցող անձանց մեծ մասի վարորդական իրավունքի վկայականներն արդեն առգրավվել են, բայց, նրա խոսքով, սա խնդիր է, որն օրենսդրական կարգավորում է պահանջում: