«…Մեր ընկերը, մեր Սաշան պիտի տուն հասներ…»

Զինվորը մարտադաշտից հանել է զոհված ընկերոջը: Ընդամենը: Ընդամե՞նը: Պատերազմում ավելի մեծ սխրանք կա՞: Չգիտեմ: Ինձ համար սխրանքներից մեծագույնն է՝ մարտադաշտում չթողնել ընկերոջը: Ահա զինվորի գլխավոր պարտքը:

Իր սխրանքի համար ժամկետային զինծառայող, սերժանտ ՏԻԳՐԱՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ  պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով:

– Բարեւ, Տիգրա՛ն,- սեղմում եմ մարտական հերթապահություն իրականացնող զինվորի ձեռքը:- Զրուցե՞նք:

Նա հայացքը փախցնում է, ուրիշ կողմ է նայում:

– Պիտի պատմե՞մ…

Հա՛: Ինչո՞ւ վտանգեցիր կյանքդ: Գիտեի՛ք, որ զոհված է:

…Մեր ընկերը, մեր Սաշան պիտի տուն հասներ…

Ինձ չի նայում. շուրջն է նայում:

– Վաշտի հրամանատարը եկավ դիրք: Զորամասի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալի՝ փոխգնդապետ Հայրապետյանի  հետ առանձնացավ: Կես ժամ զրուցեցին: Մենք սպասում էինք: Հետո ավագ լեյտենանտ Նալբանդյանը հարցրեց` «Ո՞վ կգա ինձ հետ»: Մի քայլ առաջացա` «Ե՛ս»:

– Գիտակցո՞ւմ էիր վտանգը:

– Այդ մասին չէի մտածում: Վիրավոր հրամանատարը գնում էր իր զինվորի ետևից, ես էլ՝ իմ ընկերոջ:

Շփոթված եմ. Տիգրանը նկատում է:

-Այդ օրերին բոլորս էլ ամեն ինչի պատրաստ էինք: Պարզապես ես առաջինը «Ես» ասացի…

– Տեղանքը նշանառության տակ չէ՞ր,- հռետորական հարց եմ տալիս:

– Բաց ճանապարհով հասանք դիտարկվող տարածք, տանկի համար փորված փոսում երկուսով պատսպարվեցինք: Հարմար պահի հասանք զիգզագ ճանապարհին:   Մեր ընկերն այնտեղ էր: Սաշան «Ուտյոսով» երկար կրակ էր վարել հակառակորդի ուղղությամբ… Չէր հասցրել լիցքավորել գնդացիրը… Գիտեինք, որ զոհվել է, բայց ես ու հրամանատարս, միևնույն է, գնում էինք նրան փրկելու: Զինվորը պետք է համոզված լինի, որ իր ետեւից գալու են, որ ինքը մենակ չի մնա…

Տիգրանը հանում է գլխարկը: Երկինք է նայում: Ես էլ եմ նայում՝ պարզ, պայծառ երկինք էր:

Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ
hayzinvor.am

Տեսանյութեր

Լրահոս