«Մոսկվան ստիպված ընդունեց Ղարաբաղում խաղի ամերիկյան կանոնները». Ռուբեն Մեհրաբյան
«Հայկական կողմը բանակցային գործընթացի տեմպը չպետք է կորցնի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով նախօրեին Վիեննայում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպմանն ու միջնորդների դիրքորոշմանը: Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցած հանդիպումը կարևոր էր, քանի որ առաջին մեծ նախաձեռնությունն էր, որն իրականություն դարձավ ապրիլյան պատերազմից հետո: Ըստ նրա, Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությունն այդ հանդիպմանը ցույց տվեց, թե ինչ աստիճանի լրջությամբ են մոտենում տեղի ունեցածին Մինսկի խմբի համանախագահ երկրները:
«Պետք է նշել, որ առաջ քաշվեցին այն հարցերը, որոնց մասին բազմիցս հայկական կողմը բարձրաձայնել էր: Մասնավորապես, խոսքը թե անվտանգության մեխանիզմների մասին էր, որոնք հետայսու կբացառեն պատերազմի վերսկսումը, ինչպես նաև հետաքննության մեխանիզմների ներդրումը, բացի դրանից, շեշտվեց ևս մեկ անգամ, որ պատերազմը լուծման չի բերելու, և դա կարգավորման եղանակ չէ: Սա կարևոր, բայց նախնական քայլ էր, սա ոչ թե բանակցություններ էին, այլ քննարկում հնարավոր բանակցությունների մասին, և կարծում եմ, սա սկիզբ դրեց շատ ակտիվ քաղաքական դիվանագիտական գործընթացի, որի վերջնարդյունքն առայժմ չի ուրվագծվել»,- նման տեսակետ հայտնեց քաղաքագետը:
Հարցին, թե տեսնո՞ւմ է կոնսենսուս ԱՄՆ-ի և Ռուսաստանի մոտեցումներում այս փուլում, Մեհրաբյանն արձագանքեց` ասելով. «Ապրիլյան պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ Ադրբեջանի առջև հենց բավականին կոշտ ձևով դրվեց մեխանիզմների ներդրման անհրաժեշտության հարցը, և Ադրբեջանը դա համարելով անընդունելի՝ ստացավ Ռուսաստանի կողմից սատարում: Եկեք չմոռանանք, որ ամսի չորսին միայն դիվանագետները նոր արձագանքեցին տեղի ունեցածին, այն էլ Քերիի` Լավրովին զանգից հետո, դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ադրբեջանական հարձակումն արդեն «խեղդվել էր»: Այնուամենայնիվ, Ադրբեջանը դեմ չէր, և Մոսկվան պետք է ստանձներ կոնֆլիկտի կարգավորման գլխավոր օպերատորի գործառույթները: Հասկացանք, որ հայ զինվորի ջանքերով դա տեղի չունեցավ:
Ներկայումս ռուսական կողմին չհաջողվեց բանակցությունները տանել ռուսական դաշտ, այսինքն` փլուզել Մինսկի խումբը, որին ձգտում էր թե՛ Բաքուն, թե՛ Մոսկվան, թե՛ Անկարան: Հետևապես սա քայլ էր ուղղված նրան, որ ցույց տրվի թե՛ Բաքվին, թե՛ Մոսկվային, որ ինքնուրույն խաղեր չեն լինելու, և Մոսկվան ստիպված էր ընդունել խաղի այդ կանոնները: Փաստորեն, ամերիկյան դիվանագիտությունը, եթե խոսում ենք կոնսենսուսի մասին, ապա այդ հարցում կամերտոնի դերակատարություն ստանձնեց, այսինքն` տոնայնությունը հաղորդեց ամերիկյան դիվանագիտությունը: Ռուսների կողմից այդ կոնսենսուսին գնալն իրավիճակից թելադրված քայլ էր, այլ բան ռուսները չունեին անելու, որովհետև հակառակը նրանց դուրս կդներ գործընթացից»:
Մեհրաբյանը նաև նշեց, որ ամերիկյան դիվանագիտությունն առաջ է քաշում միջազգային ջանքերը միավորելու իր կարողությունները, որոնք հանգեցնելու են բարդ խնդիրների հանգուցալուծմանը:
«Դրա օրինակներից մեկն Իրանի և «Վեցյակի» բանակցություններն էին: Ռուսները մինչև ստորագրման պահն ամեն ինչ արեցին, որպեսզի խափանվի համաձայնագիրը, բայց դա տեղի չունեցավ, ռուսները դարձան այդ համաձայնագրի մաս ու կողմ՝ ստիպված, որպեսզի դրանից դուրս չմնան: Ղարաբաղում ևս ամերիկացիները նույն ռազմավարությունն են կիրառում: Կարծում եմ, որ սա ճիշտ որոշում է, և կան հնարավորություններ, որ դրանք կպսակվեն հաջողությամբ, բայց պետք է հասկանանք, որ սա ո՛չ մեկ օրվա, և ո՛չ էլ՝ մեկ ամսվա աշխատանք է: Սա տևական գործընթաց է: Ծանոթանալով արտաքին գերատեսչությունների համատեղ հայտարարությանը, հայկական կողմի հաղորդագրություններին, պետք է ասել հետևյալը, որ հայկական կողմի խաղաղ կարգավորման առաջարկությունների մի մասն ընդգրկվել է հայտարարություններում, որովհետև չկա մեկ բան, որը հայկական կողմը չի ասել: Շատ կետեր էլ կան, որոնք հայկական կողմն ասել է, ու հայտարարություններում արտացոլված չեն, բայց այնուամենայնիվ, այն, ինչ արտացոլված է, հայկական կողմն արդեն իսկ ասել է, ինչը չի կարելի ասել ադրբեջանական կողմի մասին: Սա նշանակալի քայլ էր Ադրբեջանին բանակցություններին համապատասխան դիրքի բերելու համար»: Խոսելով հայկական դիվանագիտության առաջնահերթությունների մասին` Մեհրաբյանն ասաց, որ նոր անելիքներ են բացվում հայկական կողմի համար:
Նրա խոսքով` պետք է բարձրացվի ռազմատեխնիկական կարևորագույն միջոցառումների համալիր` դիպուկահարների հետքաշում շփման գծից, հրետանու հետքաշում շփման գծից, մշտական մոնիտորինգի կետերի սահմանում շփման գծում, և իրականում պետք է ուժեղացվեն ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի առաքելության հնարավորությունները, մի շարք այլ ռազմատեխնիկական բնույթի խնդիրներ պետք է լուծվեն, որպեսզի ավելի ամրապնդվի հրադադարի ռեժիմը, ու թուլացվի Ադրբեջանի` պատերազմը վերսկսելու նկրտումները: «Հայկական կողմը պետք է տեմպը չկորցնի բանակցային գործընթացի, լինի ավելի նախաձեռնող և շարունակի թույլ չտալ, որպեսզի Ռուսաստանն իր դաշտ տանի բանակցություններն ու դրանք տանի հայկական շահերի հաշվին ռուս-ադրբեջանական գործարքներին»,- նշեց Մեհրաբյանը: