«Մինսկի խմբի արտգործնախարարներն անուղղակիորեն ասում են, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ է». Էդուարդ Շարմազանով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարությունն իր մեջ ներառում է այն թեզերը, որի մասին խոսել է Հայաստանի Հանրապետության նախագահը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով երեկ Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նկատեց, որ ապրիլին Սերժ Սարգսյանը նշեց, որ 1994 թվականի զինադադարը պետք է լինի միակ փաստաթուղթը, որի վրա մենք պետք է շարունակենք բանակցությունները, այսինքն՝ նոր զինադադարի կնքումն անթույլատրելի է: Է. Շարմազանովի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարներն իրենց կողմից ներկայացված հայտարարության մեջ արձանագրեցին, որ 1994 թվականի զինադադարը գործում է, և միակ փաստաթուղթն է, որտեղ հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը. «Երբ արտգործնախարարները հայտարարում են, որ 1994 թվականի զինադադարը գործում է, այն գործում է իր ողջ հետևանքներով, այսինքն՝ նրանք անուղղակիորեն ասում են, որ Լեռնային Ղարաբաղը կողմ է, առանց Լեռնային Ղարաբաղի որևէ մեկը չի կարող լուծել այդ խնդիրը»:
ԱԺ փոխնախագահը համոզված է, որ Ադրբեջանն այստեղ չհաջողեց, որովհետև Ադրբեջանի նպատակն էր, նախևառաջ, չեղյալ հայտարարել 1994 թվականի զինադադարը: Ըստ նրա՝ ՀՀ նախագահի առաջարկն ընդունվեց, ու վերահաստատվեց, որ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների և կոնֆլիկտի կողմ է:
«Տարիներ շարունակ հայկական կողմը նշել է, որ մենք կողմ ենք շփման գծում հետաքննության մեխանիզմների իրականացմանը՝ վստահությունն ամրապնդելու ուղղությամբ: Միակ կողմը, որ դեմ է եղել դրան, եղել է Ադրբեջանը՝ իր նախագահով: Նրանք ասում էին՝ հողերից դուրս եկեք, նոր ներդնենք մեխանիզմներ, մենք տեսանք, որ Ադրբեջանն այստեղ իր նպատակին չհասավ, իսկ ՀՀ նախագահի առաջարկը, որ հիմա այդ մեխանիզմների ներդնումը պարտադիր է, ընդունվեց, բայց ոչ թե մեկ, այլ երեք համանախագահ երկրների կողմից: Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործանախարարներն ընդունել են պաշտոնական Երևանի առաջարկները և ունեն նույն տեսլականը, ինչ պաշտոնական Երևանը: Ընդհանուր առմամբ, կարող ենք ասել, որ նախագահ Սարգսյանի առաջարկներն ընդունվել են և ընդունվել են ոչ միայն բանավոր, այլ իրենց արտացոլումն են ստացել երեկվա հայտարարության մեջ»,-նշեց Է. Շարմազանովը:
Հարցին, թե արդյոք հաջորդ հանդիպումներին Լեռնային Ղարաբաղը նո՞ւյնպես մասնակցելու է, Է. Շարմազանովը պատասխանեց. «Սա ընդամենը զինադադարի և խաղի կանոնների վերահաստատում էր: Մենք նախ պետք է տեսնենք Ադրբեջանը կհետևի՞ այս հորդորներին, թե՞՝ ոչ, դրանից հետո նոր խոսք է գնում հունիսին և մյուս ամիսներին նոր հանդիպումների հնարավորության վերաբերյա։ Իսկ այն, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի բանակցային կողմ, դա նոր չէ: Ադրբեջանը ձախողվեց և՛ ռազմական դաշտում, և՛ հաջողության չհասավ երեկ Վիեննայում, իր առջև դրված խնդիրները նա չլուծեց»: