Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընդլայնվում է. «Նեզավիսիմայա գազետայի» անդրադարձը Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպմանը
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև բանակցությունները, հնարավոր է, տեղի ունենան մայիսի 16-ին՝ Վիեննայում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ եթե հանդիպումը կայանա, ապա տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ:
«Նեզավիսիմայա գազետայի» հոդվածագիր Յուրի Ռոքսը գրում է, որ փորձագետները բանակցությունները չափազանց անհրաժեշտ են համարում: Բանակցություններն ի վիճակի կլինեն նվազեցնել Բաքվի և Երևանի միջև լարվածության աստիճանը. Ղարաբաղյան հակամարտությունն ընդլայնվում է հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով՝ ներառյալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նախօրեին Հայաստանի զինված ուժերին մեղադրել է Նախիջևանի Ինքնավարության դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ, ինչի հետևանքով վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող Յուսուֆ Գուլուզադեն։
Իր հերթին, Երևանը, հերքել է մեղադրանքները՝ հիշեցնելով, որ դեռևս մայիսի սկզբին դիմել է միջագային հանրությանը՝ խնդրելով ուշադրություն հրավիրել Նախիջևանի ու Հայաստանի սահմանին ադրբեջական զինտեխնիկայի կուտակումների փաստերի վրա։
Նախկինի պես չափազանց մտահոգիչ է իրավիճակը չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտող կողմերի շփման գծում:
Իրավիճակն այնքան ճգնաժամային չէ, որքան ապրիլի սկզբին, գրում է հոդվածագիրը, սակայն հրադադարի ռեժիմը շարունակ խախտվում է: Կողմերը, միմյանց մեղադրելով, ամեն օր հայտնում են հարյուրավոր կրակոցների, վիրավոր զինծառայողների ու անգամ զինծառայողների սպանության դեպքերի մասին
Հայկական կողմը, ադրբեջանական կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումից բացի, պարբերաբար հայտնում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայված հայկական գյուղերի գնդակոծությունների մասին:
Հաշվի առնելով նման աննախադեպ ծանր ֆոնը՝ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունն այն մասին, որ որքան հնարավոր է արագ պետք է անցկացնել հակամարտող կողմերի բարձր մակարդակով հանդիպում, առավել քան օրինաչափ է։
«Շփման գծում լարվածության վերջին սրացման ֆոնին մենք հավատում ենք, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպելու ժամանակը: Մեր արտգործնախարարները պատրաստ են կազմակերպել այդ հանդիպումը հաջորդ շաբաթ Վիեննայում»,- ասված էր համանախագահների հայտարարության մեջ:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրական գնահատական է տվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը:
Ալիևի և Սարգսյանի հնարավոր բանակցությունների փաստը չի ժխտում նաև Երևանը: Ի դեպ, այստեղ այդ մասին խոսում են «անորոշ»: «Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի նախագահի հնարավոր հանդիպման մասին կհաղորդվի պատշաճ ժամկետներում»,- ասել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը։
Այն զգուշավորությունը, որով պատասխանատու անձինք մեկնաբանում են հակամարտող պետությունների ղեկավարների հանդիպման հարցը, կարող է ուղղակիորեն կապված լինել ոչ այնքան բարդ վիճակի հետ, այլ նրա, որ թե´ Ալիևը, թե´ Սարգսյանը վերջին շրջանում բազմիցս ընդգծել են, որ չեն վարի բանակցություններ, սակայն պատրաստ են քննարկել հակամարտության կարգավորման կոնկրետ գործողություններ:
Կողմերից կոնկրետ գործողություններ ակնկալելը կամ հասնելը չափազանց ծանր է: Բաքվի և Երևանի դիրքորոշումները հակասում են գլխավոր հարցի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ: Ադրբեջանը հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է տարածքային ամբողջականության վերականգնման մեջ, Հայաստանը՝ ԼՂՀ-ի ինքնիշխանության ճանաչման: