«Մահացած մարդն արդեն ոչինչ չի կարող անել քեզ, էլ ինչու աչք, ականջ, մատ, գլուխ… Չեք պատկերացնի` ինչեր են արել…»
ԳԵՎՈՐԳ- Հատուկ նշանակության խմբի դիպուկահար, «Արիության» մեդալակիր
Չեմ ուզում ասել, թե քանիսին եմ խոցել մարտում: Գլուխ գովելու բան չի: Մարդու վրա կրակելը դժվար է, անգամ, եթե թշնամիդ է: Բայց ես չեմ հասկանում իմ թշնամուն` ինչքան պիտի չարացած լինես, ատելությունդ ինչքան խորը պիտի լինի, որ դիակի վրա ձեռք բարձրացնես… Չէ՛, գլուխս չի մտնում նրանց այդ դաժանությունը… Մահացած մարդն արդեն ոչինչ չի կարող անել քեզ, էլ ինչու աչք, ականջ, մատ, գլուխ… Չեք պատկերացնի` ինչեր են արել… Մենք անգամ թշնամու դիակի վրայով մեքենան չենք վարել, շրջանցել ենք… Գետնին ընկած էին, բայց էնպես էինք տեղաշարժվում, որ ոտքով չկպչենք: Ես էլ եմ վրեժով լցված (Գեւորգի հայրը զոհվել է Արցախյան պատերազմում), բայց, թույլ չեմ տալիս, որ պատերազմը ինձ չարացնի… Ամեն ինչից առաջ պետք է մարդ մնալ:
Hayzinvor.am