«Կարծում եմ՝ այդ հայտարարություններին պետք է հետևի կոնկրետ ժամանակացույց՝ կոնկրետ քայլերի իրականացում». Միքայել Մելքումյան
«Ես հակակոռուպցիոն խորհրդի անդամ եմ, փետրվարի 16-ին 10 կետանոց գրավոր փաստաթուղթ եմ ուղղել վարչապետին, թե ինչ առաջնահերթ քայլեր պետք է կատարվեն, որպեսզի բեկում լինի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այսօր արած հայտարարության մասին՝ այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:
Հիշեցնենք, որ այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետն ասել է, որ քննարկումներ են կազմակերպվելու ինչպես՝ իշխանական, այնպես էլ՝ ընդդիմադիր պատգամավորների հետ, որպեսզի վերջիններս առաջարկություններով հանդես գան. «Պետք է կրճատենք այն ծախսերը, որոնք չունեն էական ազդեցություն իրական արդյունքի վրա: Դրանց շրջանակը փոքր չէ` գործուղումները, ներկայացուցչական ծախսերը, վերանորոգումները, ծառայողական մեքենաները, և այլն: Որոշ քայլեր մենք կձեռնարկենք արդեն այսօր: Այս կապակցությամբ հանձնարարում եմ Ֆինանսների նախարարությանը և կառավարության աշխատակազմին՝ մինչև կառավարության հաջորդ նիստը ներկայացնելու լրացուցիչ առաջարկություններ: Իսկ միջոցները, որոնք կառաջանան այդ խնայողություններից, կուղղվեն առաջնահերթ խնդիրների լուծմանը»:
Մ. Մելքումյանը նշեց, որ իր ներկայացրած քայլերի մեջ կան կետեր, որոնք պետք է անմիջապես իրականացվեն. դրանք այն քայլերն են, որոնք կարող են վստահության քվոտան, կշիռը մեծացնել իշխանության նկատմամբ: «Առաջին հարցադրումս եղել է այն, թե մենք ունենք 120-ից ավելի նախարար, փոխնախարար, մարզպետ, փոխմարզպետ, կառավարությանն առընթեր գերատեսչությունների ղեկավարներ. նրանց զավակները կամ մերձավորները ծառայո՞ւմ են առաջին գծում»:
ԲՀԿ-ական պատգամավորը վստահ է՝ խնդիրը կամքի մեջ է. դու կարող ես արդյունավետ մոդել կիրառել, եթե ունես վստահություն ներշնչող միջավայր և վստահություն ներշնչող իշխանություն:
Հարցին, թե ի՞նչ վստահություն կա, որ վարչապետի հայտարարությունը հերթական հայտարարությունը չէ, Մ. Մելքումյանը պատասխանեց, որ որոշակի ցանկություն ինքը տեսնում է, բայց չի կարող ասել, որ դա բավարար է. «Ես կարծում եմ՝ այդ հայտարարություններին պետք է հետևի կոնկրետ ժամանակացույց՝ կոնկրետ քայլերի իրականացում»: