«Դա եղել է այն գործիքը, որ մենք պատրաստ ենք եղել օգտագործել ամենաօրհասական պահին». Ալեքսանդր Արզումանյան

«Ես լիովին համամիտ եմ, և դա եղել է երեք նախագահների օրոք, որ այն պահին, երբ ԼՂՀ-ն հարձակման ենթարկվի, լինի պատերազմական իրավիճակ, Հայաստանը պատրաստ պետք է լինի ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ինքս գտնում եմ, որ, եթե մեր ընկալման մեջ այս քառօրյա պատերազմն իրոք պատերազմ էր, ապա պետք էր ճանաչել. ապրիլի 3-ին ուղղակի հավաքվել, միաձայն ընդունել այդ որոշումը և արդեն հնարավորություն տալ իշխանություններին՝ շարունակել ռազմական գործողությունները: Եթե դա չարեցինք այդ պահին, հիմա արդեն անիմաստ է դառնում և արժեզրկվում է ինքը՝ ճանաչման գաղափարը»,- այսօրվա քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ պատասխանելով հարցին, թե այս իրավիճակում ԼՂ ճանաչման օրինագիծը մեծ քաղաքական օրակարգում պահելը ճի՞շտ է:

Նա նկատեց՝ ի վերջո, բոլորս գիտակցում ենք, որ դե ֆակտո Հայաստանը ճանաչել է ԼՂՀ անկախությունը, մենք հարաբերություններ ունենք բոլոր ոլորտներում. «Մեր բյուջեից հատկացումներ կան, մեր երիտասարդները ծառայություն են անցնում, մենք ռազմական օգնություն ենք տրամադրում, և որևէ տարանջատում ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջև չկա: Ուղղակի մենք առաջնորդվել ենք այն հանգամանքով, որ բանակցային գործընթացին կարող է խանգարել միակողմանի դե յուրե ճանաչումը, և դա եղել է այն գործիքը, որ մենք պատրաստ ենք եղել օգտագործել ամենաօրհասական պահին: Հիմա, եթե դու ամեն տարի հայտարարում ես այդ գործիքի կիրառման մասին, այն արժեզրկվում է, դառնում ինքնանպատակ, ընդամենն ինչ-որ դիվիդենտ հավաքելու գործոն: Այդ առումով ես կարծում եմ՝ արդեն իսկ ուշացած է այս քննարկումը. պատգամը հասցվել է, մեր հանձնաժողովը կտա դրական եզրակացություն, կմտնի մեծ օրակարգ, երբ պետք լինի քննարկել՝ կքննարկենք: Բայց կնախընտրեի՝ այլևս այդ թեմայից խուսափենք, թողնենք՝ բանակցային գործընթացը վերսկսվի: Կլինի՞ նոր պատերազմական վտանգ, կարելի է առանց մեծ նախաձեռնությունների ընդունել, բոլոր 131 պատգամավորներն էլ, ակնհայտ է, չէ՞, որ ուզում են ճանաչել ԼՂՀ-ն, կա՞ մեկը, որ դեմ է»:

Ճշտող հարցին, թե իր խոսքում նախկին արտգործնախարարն ասաց՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կտա դրական եզրակացություն, ինչի՞ն կտա դրական եզրակացություն՝ օրինագծի՞ն, թե՞ նորից Արտաքին գործերի նախարարության եզրակացությանը, նա պատասխանեց.

«Մեր ֆունկցիան է՝ կոնկրետ օրինագծին տալ դրական կամ բացասական եզրակացություն: Բացառում եմ, որ կգտնվի որևէ մեկը, որը կասի, թե բացասական եզրակացություն է տալիս, դեմ է: Բայց նաև ենթադրում եմ, որ պետք է մտնի մեծ օրակարգ և պահվի այնքան ժամանակ, ինչքան անհրաժեշտություն կլինի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս