«Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը կարող է վերանալ». Արման Նավասարդյան

«Այն, ինչ ցուցաբերում է Ադրբեջանը՝ բոլոր տեսակի դիվանագիտական և քաղաքական էթիկայի և կանոնների խախտում է ու ընկել է հիստերիայի մեջ, և դրա պատճառով սխալը սխալի հետևից է թույլ տալիս։ Նա մեղադրում է Հայաստանին միջազգային իրավունքների կոպիտ խախտման մեջ՝ դիմելով բոլոր միջազգային ատյաններին: Այդ առնչությամբ կցանկանայի հիշեցնել, որ ԼՂՀ-ի ճանաչման հարցը Հայաստանի կամ որևէ այլ պետության կողմից բացարձակապես չի հակասում որևէ միջազգային օրենքի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:

Թե ինչ հետևանքներ կունենա Արցախի ճանաչման գործընթացը, նա դժվարացավ ասել. «Կարող է լինել երկակի հետևանք: Այդ է պատճառը, որ գործընթացը պետք է շատ լավ հաշվարկել՝ հասկանալով, որ Արցախի կարգավիճակի ճանաչման հարցում լավ կլինի, որ մենք հետևենք Կոսովոյի, ոչ թե Հյուսիսային Կիպրոսի կամ Հարավային Օսեթիայի օրինակին»:

Արման Նավասարդյանի կարծիքով՝ Ռուսաստանն այս գործընթացին չի նպաստում, ԱՄՆ-ն լռում է, Թուրքիան նույնպես տարածություն է պահում, իսկ Ադրբեջանը, սպասվում է, որ լայնածավալ պատերազմ կհայտարարի, ինչին այդքան էլ չեմ հավատում:

Անդրադառնալով հնչող կարծիքներին, թե ՄԽ համանախագահների ինստիտուտը կվերանա, նա ասաց, որ այն, իրոք, կարող է վերանալ. «Բայց առանց այդ էլ դա չգործող մեխանիզմ է, և հետաքրքիրն այն է, որ Ադրբեջանը, որը տարիներ շարունակ քննադատում է, թե ոչինչ չի անում այդ կազմակերպությունը, հիմա վայնասում է բարձրացրել»:

Կարդացեք նաև

Նրա կարծիքով՝ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցն ավելի շատ ունի պրոպագանդիստական նյուանս՝ վախեցնել մեծ պետություններին, որ նման բան էլ գոյություն ունի, որ մենք կարող ենք ճանաչել Ղարաբաղը. «Արցախի անկախությունը մենք վաղուց պետք է ճանաչած լինեինք, այսքան արյուն երևի չթափվեր: Բայց չեմ կարծում, որ այսօր ճանաչելու դեպքում իրավիճակը կարող է փոխվել: Առաջին հարցը պետք է լինի՝ Ղարաբաղը մտցնելը բանակցային գործընթացի մեջ: Սա հարցերի հարցն է: Եթե մենք նման մտադրություն ունեինք,ապա այս 22 տարիներին մենք պետք է գոնե մեկ տասնյակ երկրների նախապատրաստած լինեինք սրան, որպեսզի առաջինը ԼՂՀ կարգավիճակը մենք չճանաչեինք»:

Արակարգ և լիազոր դեսպանը վստահ է՝ պատերազմը Ռուսաստանի շահերից չի բխում, քանի որ, ըստ նրա՝ Ռուսաստանն ամենևին ցանկություն չուներ և չունի դուրս գալու տարածաշրջանից. «Ռուսաստանի հետ ռազմավարական առումով մեր շահերը համընկնում են, մարտավարական առումով՝ ոչ: Ինչ վերաբերում է լայնամասշտաբ պատերազմ սկսվել-չսկսվելուն, ապա մեծ պատերազմ չի լինի, սակայն կլինի տարածքային ձևաչափումների փոփոխություն: Ինչպես ասում են՝ դիվանագիտությունն այսօր լռել է, այժմ խոսում են թնդանոթները»:

Տեսանյութեր

Լրահոս