Չեմպիոնների լիգա. «Ռեալը»՝ ընդդեմ «Ատլետիկոյի», կամ Զիդանը՝ ընդդեմ Սիմեոնեի
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ կամ մադրիդյան դերբի: Մի կողմից՝ զուսպ և հավասարակշռված Զինեդին Զիդան, իսկ մյուս կողմից՝ բռնկուն ու հաղթանակի համար ամեն ինչի պատրաստ Դիեգո Պաբլո Սիմեոնե: Այս անգամ խաղասեղանին դրված է ավելին, քան պարզապես 3 միավորը:
Երկու ակումբների գլխավոր մարզիչները միանգամայն տարբեր ֆուտբոլային փիլիսոփայություն ունեն: Այդպես եղել է թե՛ այն ժամանակ, երբ նրանք խաղում էին, և թե՛ հիմա, երբ նրանք մարզում են Եվրոպայի ուժեղագույն ակումբներից երկուսը: Ֆրանսիացին անասելի տաղանդի և բարձրորակ ֆուտբոլի մարմնավորումն էր, իսկ արգենտինացին ՝ ֆուտբոլի կիրքը, բարկությունը և նվիրվածությունը:
Չնայած Զիդանը դեռ այնքան էլ թրծված չէ մարզչական գործում, բայց, չմոռանանք, որ Զիդանը խաղացել է «Ռեալի» ոսկե ժամանակահատվածում, և հենց նա բոլորից լավ գիտի՝ ինչ է նշանակում լինել՝ մադրիդիստ, և որն է Արքայական ակումբի գաղափարախոսությունը: Մադրիդյան գրանդում անցկացրած կարճ ժամանակահատվածում Զիդանը հաստատեց այս միտքը: Մադրիդցիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն վերջերս Marca-ի հետ զրույցում նշել էր, որ Զիդանին իրենց հետ աշխատանքը հեշտ չտրվեց, բայց մարդկային որակներն ու պրոֆեսիոնալիզմն արեցին իրենց գործը, և հիմա Զիդանն ամբողջությամբ թիմի ղեկը վերցրել է իր ձեռքը: Զիդանի «Ռեալն» այս մրցաշրջանում հիմնականում խաղում է 4-3-3 մարտավարությամբ, որտեղ հիմնական շեշտը դրված է գնդակի վերահսկողության վրա:
Իսկ Սիմեոնեն, ընդհակառակը, շեշտը դնում է արագ և կտրուկ հակագրոհների վրա: Սիմեոնեի թիմը համաձայն է խաղալ 2-րդ համարով, դառնալ անսպասելի գոլի հեղինակ և այնուհետև վերահսկել ողջ հանդիպումը:
Թվում է, թե երկու մարզիչները չունեն ոչ մի ընդհանրություն, սակայն դա այդքան էլ այդպես չէ:
Երկու մարզիչներն էլ հնգական տարի խաղացել են իրենց մարզած ակումբներում: Զիդանը Մադրիդ եկավ 29 տարեկան հասակում և միանգամից արժանացավ մադրիդիստների հավատին և սիրուն: Նրա խաղը նպաստեց, որպեսզի սերուցքայինները 9-րդ անգամ դառնան Չեմպիոնների լիգայի հաղթող:
Սիմեոնեն «Ատլետիկոյում» խաղաց որոշակի ընդհատումներով: «Ատլետիկոյում »անցկացրած առաջին տարիները նրա համար բավականին հաջող էին: Նրա խաղն օգնեց թիմին վերջապես դառնալ Իսպանիայի չեմպիոն և նվաճել Արքայական գավաթը:
Չնայած, որ երկու ֆուտբոլիստներն էլ լեգենդար էին իրենց ակումբների համար, նրանց մարզչի պաշտոնում նշանակելը չի եղել նախապես պլանավորված: Երկու մարզիչներն էլ նշանակվել են մրցաշրջանի կեսից; Սիմեոնեն «Ատլետիկոյի» մարզիչ նշանակվեց 2011 թվականի դեկտեմբերի 23-ին, երբ մադրիդյան ակումբն Իսպանիայի գավաթի շրջանակներում երկու անգամ 2:2 և 0:1 հաշվով պարտվեց «Ալբասետեին»:
Զիդանը նշանակվեց գլխավոր մարզչի պաշտոնում, այն բանից հետո, երբ Բենիտեսի «Ռեալը» չկարողացավ Լա լիգայի շրջանակներում հաղթել «Վալենսիային»:
Թե Զիդանը, և թե Սիմեոնեն սկսել են մարզել մադրիդյան ակումբներն իրենց 40 տարին լրանալուց հետո: Զիդանը՝ 43 տարեկանում, իսկ Սիմեոնեն՝ 41: Երկու մարզիչներն էլ սկսեցին մարզել իսպանական գրանդները՝ առանց մարզչական ոլորտում մեծ փորձի: Մինչ Ատլետիկոն Սիմեոնեն մարզել էր միայն իտալական «Կատանիան», իսկ Զիդանը ՝ «Ռեալի» երկրորդ թիմը՝ «Կաստիլիան»:
Զիդանի և Սիմեոնեի կենսագրություններն ուսումնասիրելու դեպքում կարող եք գտնել երկու մարզիչների շատ նմանություններ և տարբերություններ, սակայն հիմա ավելի կարևոր է այն, որ այս երկու մարզիչները կարողացել են պրոֆեսիոնալիզմի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ իրենց թիմերին հասցնել մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
2016 թվականի մայիսի 28-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում ֆուտբոլիստների կողքին կմրցեն նաև Զիդանն ու Սիմեոնեն: Նվազագույնը 90 րոպե խաղադաշտում կմրցեն երկու մարզիչների խաղային փիլիսոփայությունները, և միայն խաղից հետո պարզ կդառնա, թե ո՞ր թիմը կդառնա ուժեղագույնը Եվրոպայում՝ հավասարակշռված և բարորակ ֆուտբոլ խաղացող «Ռեա՞լը», թե՞ բռնկուն ու մինչև վերջին վայրկյանը պայքարող «Ատլետիկոն»:
Սիրարփի Աղաբաբյան