«Նրանց միակ առավելությունն այն է, որ շատ են, շատ-շատ են. Գալիս են մեծ խմբերով` տանկերով, ուղղաթիռներով, տեսակ-տեսակ զենքերով»

Ես ու լուսանկարիչը նորից տեսակցության ենք գնացել թիվ 5 հիվանդասենյակի հերոսներին:

– Շանթին երեկ ենք վիրահատել,- ասում է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը,- կատարվել է ծայրատի ռեամպուտացիա…

Սովորական բառերով ասած` 20-ամյա զինվորը զրկվել է ոտքից:

– Կկարողանա՞ խոսել,- հարցնում եմ բժշկին:

– Իհարկե,- պատասխանում է համոզված,- ամուր տղա է: Վերքը լավանալուց հետո կգնա պրոթեզավորման:

«Իսկ եթե տրամադրություն չունենա,- մտածում եմ հիվանդասենյակ գնալու ճանապարհին: Ռեամպուտացիա… պրոթեզավորում: Նա ընդամենը 20 տարեկան է…»:

Շանթը բարձրահասակ է, թիկնեղ, աթլետիկ կազմվածքով:

– Կկարողանա՞ս խոսել,- հարցնում եմ անվստահ:

– Ինչո՞ւ պիտի չկարողանամ,- պատասխանում է լայն ժպտալով:

Հետո տեղ է բացում ինձ համար:

– Նստեք այստեղ, հարմար տեղավորվեք,- ասում է քաղաքավարի, հոգատար:

Ես չգիտեմ` ինչից սկսեմ զրույցը, ինչ հարցնեմ, որ չխռովվի նրա հոգու փխրուն անդորրը, որ հրեշավոր պատկերները չգան ու չխռնվեն գլխի մեջ, աչքերի առաջ, չցավեցնեն սիրտը…

– Ադրբեջանցիներն ո՞նց էին կռվում,- ես հեռվից եմ գալիս:

– Շատ վատ,- պատասխանում է ինքնավստահ,- նրանց միակ առավելությունն այն է, որ շատ են: Շատ-շատ են: Գալիս են մեծ խմբերով` տանկերով, ուղղաթիռներով, տեսակ-տեսակ զենքերով: Բայց հենց մի քանի զոհ են տալիս, ինչ թափով որ եկել են, նույն թափով փախչում են` զինակից ընկերների մարմինները թողնելով մարտադաշտում: Թշնամուն պիտի վախեցնես: Ես շատ եմ զրուցել Արցախյան պատերազմի ֆիդայիների հետ, ու երբ նրանք ասում էին, որ ադրբեջանցիները շատ վախկոտ են, չէի հավատում, մտածում էի` պարծենում են: Մինչև որ ինքս չհամոզվեցի: Պիտի տեսնեիք, թե 40-50 տարեկան բեղ-մորուքով «հոպարները» ոնց էին փախչում 18-20 տարեկան հայ զինվորների առաջ:

Շանթը 4 օր ու գիշեր կռիվ է տվել ադրբեջանցի հրոսակախմբի դեմ` տանկերի, ուղղաթիռների, հրետանու: Երբեմն նույնիսկ թաքստոց մտնելու հնարավորություն չի ունեցել, բայց բախտը ժպտացել է, ու գնդակը չի դիպել տղային:

-Տանկերը մտել էին դիրքեր, բայց, ոնց եկել էին, այնպես էլ ետ դարձան: Դուրս շպրտեցինք: Փախչելու ժամանակ հասցրել էին մի երկու ական դնել խրամատներում, որոնցից մեկն էլ ինձ բաժին հասավ,- զինվորը նորից ժպտում է:

Որտեղի՞ց է ուժ գտնում, երբ է այդպես կոփել սեփական հոգին, ինչ ակունքից է սնվում վանաձորցի հասարակ տղայի կամքն ու արիությունը` մտածում եմ:

– Լավ էր, որ հրադադարի ժամանակ վիրավորվեցի, նրանց նահանջելուց հետո: Կարողացա մինչև վերջ կռվել… Ու հաղթած իջա դիրքերից:

Հետո Շանթը խոսում էր ապագայի մասին, իր ծրագրերի, երազանքների: Նրա աչքերն ասում են` մի տխրիր, ես հաղթելու եմ, բոլոր դժվարությունները թողնելու եմ ետևում:

– Մայրիկիդ կանչիր՝ միասին նկարվեք,- ասում է լուսանկարիչ Արեգը Շանթին՝ մատնացույց անելով հիվանդասենյակում ներսուդուրս անող կանանց:

– Իմ մայրն այստեղ չէ,- պատասխանում է Շանթը:

– Ես նկարվեմ մայրիկիդ փոխարեն,- կատակում եմ` շեշտելով փոխարեն բառը:

Լայնաշուրթ ժպտում է` իհարկե:

Ու երբ գրկում են ուսերը, գլուխը հարմար տեղավորում է ուսիս: Մի անսահման գորով է թրթռում իմ հոգում. նա իմ զինվորն է, իմ պաշտպանը, իմ հարազատը: Մերն է: Բոլորինս:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ
hayzinvor.am

Տեսանյութեր

Լրահոս