Բաժիններ՝

«Մեզ մոտ սովորություն է դարձել խոսել մի հարցի մասին՝ առանց որևէ լուրջ վերլուծության». տնտեսագետը՝ Թուրքիայից Հայաստան ներկրվող ապրանքների վրա արգելք դնելու մասին

«Որպես տնտեսագետ՝ ինձ համար անընդունելի է որևէ սահմանափակում. դա տնտեսագիտություն չէ, դա քաղաքականություն է»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ խոսելով Թուրքիայից Հայաստան ներկրվող ապրանքների վրա արգելք դնելու խոսակցությունների մասին:

Հիշեցնենք, որ օրերս ՕԵԿ խմբակցության անդամ Լևոն Դոխոլյանն Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ առաջարկեց արգելել Թուրքիայից Հայաստան ներմուծել ապրանքներ, հանել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը, արգելել հայ զբոսաշրջիկների մուտքը Թուրքիա: Նա իր առաջարկը հիմնավորում է Ադրբեջանին պատերազմի հրահրելու Թուրքիայի գործելակերպով, ինչպես նաև՝ հայ հասարակությանը սննդի միջոցով և այլ ձևերով սպառնացող վտանգով: Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ պատասխանել էր, որ այդ հարցն արդիական է դարձել հանրության շրջանում, կա վարչապետի հանձնարարականը, և Էկոնոմիկայի նախարարությունն իրականացնում է ուսումնասիրություններ:

Վ. Խաչատրյանի խոսքով՝ տնտեսական առումով որևէ սահմանափակում, առավել ևս որևէ երկրից ներկրվող ապրանքատեսակների սահմանափակում, միայն վնաս է. «Մեզ մոտ սովորություն է դարձել խոսել մի հարցի մասին՝ առանց լուրջ որևէ վերլուծության կամ հիմքերի: Այսպիսի հարցում ուղղակի այսպիսի հայտարարություն անել ու այդ հայտարարությունից հետո՝ մամուլի, հասարակական, քաղաքական շրջանակների կողմից դա քննարկման առարկա դարձնելը ես լուրջ չեմ համարում: Ես ստիպված եմ ինքս էլ մասնակցել այդ քննարկումներին ու պատասխանել ձեր հարցերին, բայց հարցադրումը համարում եմ անլուրջ, որովհետև մենք ունենք ավելի լուրջ ու առաջնային խնդիրներ»:

Տնտեսագետից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է նա իրատեսական համարում, որ արգելքն ի վերջո կդրվի: Ի պատասխան՝ նա ասաց, որ ելնելով տարիների փորձից՝ մեծ մտավախություն ունի, որ ոչ հաշվարկված քաղաքական և տնտեսական նման քայլերը կարող են կյանքի կոչվել. «Իհարկե, խելամտությունը և ավելի սառը դատողությունները, լուրջ հաշվարկված քայլերը կբերեն նրան, որ և՛ հարց բարձրացնողները, և՛ ցանկություն ունեցողները կհրաժարվեն այդ անիմաստ գաղափարից: Բայց նաև չեմ բացառում, որովհետև մեր վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ամենաանհավանական, անհավատալի որոշումները կարող են ընդունվել և նաև կյանքի կոչվել»:

Տնտեսագետից խնդրեցինք տնտեսական առումով մի քանի վնասներ նշել, որոնք կլինեն Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների վրա արգելանք դրվելու դեպքում: Նա նշեց, որ այն, որ այսօր շուկայում կան ներկայացված թուրքական ապրանքներ, դա արդեն հիմնավորում է:

«Ես ելնում եմ այն սկզբուքնից, այն գաղափարից, որ եթե մի որևիցե ապրանք վաճառվում է ՀՀ-ում, և մենք՝ սպառողներս, օգտվում ենք, ուրեմն՝ դրա կարիքն ունենք: Եթե որոշակի բիզնես շրջանակներ դրանով զբաղվում են և դա ազատ մրցակցության արդյունքում է, ուրեմն՝ դրա կարիքը կա»,-նշեց մեր զրուցակիցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս