Բաժիններ՝

EcoScan. հայկական հավելվածի միջոցով հնարավոր է դառնում բուսատեսակների պահպանումն ու ճանաչումը

Մարդկության դեմ ծառացած կարևորագույն խնդիրներից են կենսաբազմազանության պահպանումը և սննդի անվտանգության ապահովումը: Այս խնդիրների արդյունավետ լուծումը խրախուսելու կարևոր գործոններից է առավելագույն ճշգրիտ և մշտապես արդիականացվող տեղեկատվության առկայությունը:

Այս գործը սկսել է հայկական EcoScan բջջային հավելվածը, որը նպատակ ունի ապահովել հեշտ օգտագործվող լուծումով, որը կհամատեղի պատկերների ճանաչման ժամանակակից տեխնոլոգիաները բույսերի նույնականացման և դասակարգման վերջին զարգացումների հետ:

Միջազգային պրակտիկայում պարբերաբար եղել են փորձեր նման ծրագրեր ստեղծելու, սակայն դրանք ոչ այնքան հավաստի են և գործածելի: Ծրագրի տնօրեն Վաչե Կիրակոսյանի խոսքով՝ իրենք գտել են լուծման այնպիսի տարբերակ, որը կտա հավաստի և ճշգրտված տեղեկատվություն բույսի մասին:

Ծրագրի օգտագործման մեխանիզմը բավականին պարզ է. պետք է պարզապես նկարել բույսի մեկ հատվածը՝ պտուղը, տերևը, արմատը և այլն: Հավելվածում արդեն մշակված ալգորիթմը նկարը վերածում է եռաչափ պատկերի և համեմատում տվյալների շտեմարանում գտնվող պատկերների հետ: Բույսի առկայության դեպքում հավելվածն առաջարկում է ծանոթանալ բույսի լատինական անվանվանը, տալիս է կարճ տեղեկատվություն և ծանոթացնում է համացանցում որոնումների արդյունքներին: Օգտատիրոջ բեռնած նկարը ևս ավելանում է բույսի մասին տեղեկությունների շտեմարանում:

Կարդացեք նաև

Հավելվածը նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, ովքեր մտահոգված են բույսերի պահպանման հարցով, տանը կամ տնամերձ հողամասերում բուսատեսակներ են աճեցնում, մասնագիտությամբ բուսաբան են և պարբերաբար իրենց համար նոր բուսատեսակներ են բացահայտում, կամ զբոսաշրջիկ են և ցանկանում են ծանոթանալ տվյալ երկրի բուսատեսակներին:

Նախագծի տնօրեն Վաչե Կիրակոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում հավելվածում ներգրավված կլինեն մոտ 1000 բուսատեսակներ, բայց հավելվածը դրա վրա կանգ չի առնելու: Հետագայում պարբերաբար կավելանա բուսատեսակների քանակը, ինչպես նաև նախատեսվում է տրամադրել բույսերի խնամքին վերաբերող խորհրդատվություն և ախտորոշում։

«Մոտակա 10 օրերի ընթացքում պատրաստ կլինի հավելվածի նախնական տարբերակը: Իսկ 2 ամսվա ընթացքում այն հասանելի կլինի օգտատերերի համար»,- նշեց Վաչե Կիրակոսյանը:

Ծրագիրը ներկայացված կլինի ինչպես՝ Android, այնպես էլ՝ iOS օպերացիոն ծրագրերի համար:

Հավելենք նաև, որ հավելվածը հաղթող է ճանաչվել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված՝ Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս