«Նվազագույն աշխատավարձի ինստիտուտը կատարում է նաև զբաղվածության կարգավորման քաղաքականության». Արտեմ Ասատրյան
ՀՀ կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Նշենք, որ առաջարկվում է 2016թ. հուլիսի 1-ից սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 65 000 դրամ՝ գործող 55 000 դրամի փոխարեն:
Կառավարության նիստից հետո ներկայացնելով եզրակացության պատճառաբանությունները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ վերջին տարիներին կառավարության որդեգրած քաղաքականությունը նվազագույն աշխատավարձի չափի հետևողական բարձրացումն է: «Դուք գիտեք, որ 2013-2015թթ. յուրաքանչյուր տարի նվազագույն աշխատավարձի չափն ավելացվել է այս տարիների ընթացքում շուրջ 64 տոկոսի չափով: Իհարկե, Կառավարության ծրագրով նախատեսված էր նաև դրա ավելացում՝ մինչև 65 հազար դրամ թիրախային ցուցանիշի 2017թ. համար: Դա արտացոլված է եղել նաև Հեռանկարային զարգացման ծրագրում, բայց ելնելով ներկայիս իրողություններից՝ այս պահին ձեռնպահ ենք մնացել 2016թ. համար աշխատավարձի չափերի ավելացման քաղաքականությունից»:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ այս պահին դա նշանակում է մի կողմից՝ լրացուցիչ բյուջետային հատկացումներ, որը նախատեսված չի եղել միջնաժամկետ ծախսերի ծրագրերով՝ 2016-2018թթ. համար. նախնական հաշվարկներով՝ դա կազմում էր շուրջ 13 մլրդ դրամ այս տարվա բյուջեի համար: «Մյուս կողմից՝ նաև բնական է, որ նվազագույն աշխատավարձի ինստիտուտը կատարում է նաև զբաղվածության կարգավորման քաղաքականություն: Մեր գնահատականների ներքո՝ մտահոգություններ ունենք նաև զբաղվածության կրճատման վրա դրա ազդեցության հետ կապված, հետևաբար՝ այս բոլոր կոմպոնենտները հաշվի առնելով՝ այս պահին ձեռնպահ ենք մնում աշխատավարձի չափն ավելացնելուց»: