«Եկել է կոստյումներով դավաճանների հատուցման պահը». «Հայկական Ժամանակ»
Ապրիլի լույս 2-ի գիշերը Ղարաբաղի շփման գծում ծավալված 4-օրյա պատերազմական գործողությունները Հայաստանին կանգնեցրին բազմաթիվ նոր իրողությունների առաջ:
Խոսքը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքական եւ բարոյահոգեբանական իրողությունների մասին է: Պատերազմը բազմաթիվ անսպասելի բացահայտումներ արեց, ինչպես նաեւ արձանագրեց մինչ այժմ տարիներ շարունակ ասված ճշմարտություններ:
Այս պատերազմի արդյունքում պարզապես աչք ծակելու աստիճան վեր հանվեցին երկար տարիներ մեր երկրի ներսում տիրող բազմաթիվ արատավոր երեւույթներ, որոնց մասին ընդդիմադիր մամուլն ու քաղաքական գործիչները տարիներ շարունակ անհոգնել խոսում են:
Ու սա այն դեպքն է, երբ իշխանությունը մանեւրելու, դրանք չնկատելու տալու որեւէ շանս չունի: Նրանք ստիպված են պատասխանել այս հարցադրումներին, եւ այդ պատասխանները ենթադրում են կոնկրետ գործողություններ: Նախօրեին, օրինակ, շատ կոնկրետ պատասխան եղավ հարցերին, թե ինչու ապրիլի լույս 2-ի գիշերվանից առաջ հայկական բանակը պատշաճ չափով տեղեկացված չի եղել ծրագրվող հարձակման մասին, եւ դրա պատճառով ունեցել է կորուստներ, որոնցից կարող էր խուսափել: Աշխատանքից ազատվեց զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
«Արշակ Կարապետյանը հեռացվել է պաշտոնից իր ենթակաների հաշվեսխալների պատճառով, որոնք չէին կարողացել նախօրոք տեղեկացնել բարձրագույն ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր սպառազինությունների տեղակայման մասին (մասնավորապես, TOC-1A հրանետ համակարգերի): Դրանց կիրառումից հետո հայ զինծառայողները լուրջ կորուստներ են կրել»,- հղում անելով հավաստի աղբյուրների, երեկ գրել էր «Կոմերսանտը»: Կոնկրետ պատասխան եղավ նաեւ հարցին, թե ինչու զինվորները ապահովված չէին առաջին անհրաժեշտության տարբեր պարագաներով: Աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ- նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը: Նույն «Կոմերսանտը» այս կապակցությամբ գրել է. «Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներում տուժածների համար չկային հակաայրվածքային միջոցներ, որոնք արտահերթ կարգով բերվել են Մոսկվայից եւ Ալիկ Միրզաբեկյանին աշխատանքից ազատել են հայ զինծառայողների ապահովման հաշվեսխալների պատճառով»:
Պաշտպանության նախարարին, թերեւս, կարելի է «կիսով չափ» պաշտոնանկ արված համարել, որովհետեւ թե՛ վերոնշյալ պաշտոնյաների գործողությունների, եւ թե՛ ամբողջ բանակում տիրող իրավիճակի առաջին պատասխանատուն նա է: Սակայն պատերազմական գործողությունների ընթացքում պաշտպանության նախարար փոխելը ռիսկային քայլ է: Դրա համար առնվազն պետք է պատրաստի փոխարինող ունենալ աչքի առաջ, որը ոտքի վրա կվերցնի բոլոր պարտականությունները եւ այդ ընթացքում բանակը ցնցումների չի ենթարկի:
Այս պատերազմից հետո թեւավոր խոսք է դարձել ազատամարտիկներից մեկի հետեւյալ հորդորը. «Մենք բուշլատներով հաղթեցինք, հանկարծ կոստյումներով մեզ չդավաճանեք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: