Պայթյունի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսի քարտի բաժանորդը որոշել էր պայթեցման եղանակով վնասել հարազատներին
Քննությամբ և ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսային քարտի բաժանորդը մերձավոր ազգականների հետ կենցաղային հողի հետ կապված խնդիրներ է ունեցել և որոշել է պայթեցման եղանակով վնասել նրանց: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Նշենք, որ Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։
«Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։