«Նորից ասում եմ՝ հետախուզությունն իմացել է՝ ինչ է կատարվում». Արծրուն Հովհաննիսյան

Հակառակորդը փաստացի մեծ խնդիր էր իր առջև դրել՝ այդ թվում հիմնական հարվածը հասցնել կենտրոնից, իսկ թևերից՝ շեղող, աջակցող հարվածներ: Այս մասին այսօր Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հյուսիսից և հարավից հասցված հարվածները, ըստ էության, հիմնականում շեղող հարվածներ էին, ուժերն իրենց վրա վերցնող հարվածներ, որոնց պետք է հետևեր հիմնական հարվածը կենտրոնից:

«Առաջին փուլում թևերում մեր զորքերի հերոսական, անզիջում պայքարը, թույլ չտալով, որ հակառակորդը լուրջ առաջխաղացում ունենա մարտավարական բնագծերում, խառնեց ամբողջ խաղաքարտերը, իսկ կենտրոնի հիմնական հարվածի մտահղացումը միանգամից մատնվեց, հետախուզության կողմից բացահայտվեց, և դեռ ելման բնագծերում հակառակորդին հասցվեց այնպիսի կործանարար հարված, որ ընդհանուր առմամբ հակառակորդի կողմից կենտրոնի հարվածն անգամ տեղի չունեցավ, և տապալվեց ողջ ռազմական օպերացիան կամ, ավելի կոնկրետ ասենք՝ պատերազմը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ բոլորն ականատես եղան պատմական կարևորագույն իրադարձությունների՝ հայոց պատմության մեջ հերթական անգամ ցեղասպանության փորձի, հայկական բնաջնջման. «Ինչպես շատ ճիշտ երեկ նշեց ՀՀ նախագահը, մենք այլևս թույլ չենք կարող տալ և թույլ չենք տա համայն հայությամբ, որ Արցախում նոր ցեղասպանություն տեղի ունենա: Իսկ այն, որ ամեն մի նման փորձը հայ ժողովրդին ցեղասպանելու մի նոր փորձ է, ապացույցները, կարծում եմ, ինձնից լավ գիտեք: Միակ ուժը, միակ կարող ուժը, որ կարողացավ կոտրել այդ ցեղասպան ձեռքը, հայոց զինված ուժերն են՝ հայկական բանակը, որն իր խնդիրը պարզապես փայլուն կատարեց»:

Ուսանողներից մեկի դիտարկմանը, որ հետախուզության հետ կապված խնդիր է եղել, Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց, որ իրականում ոչ մի խնդիր չի եղել. «Հետախուզությունն այն օրգանն է, որ կարող է մոտավոր գործողությունների ժամկետ կամ տրամաբանություն իմանալ, բայց հետախուզությունը չի կարող ամբողջ պրոցեսը կանխատեսել: Ես մի քանի անգամ արդեն ասել եմ ու նորից ասում եմ՝ հետախուզությունն իմացել է՝ ինչ է կատարվում:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները բերվել են համապատասխան աստիճանի՝ հետախուզության տվյալների հիման վրա: Ես այստեղ ընդհանրապես կարող եմ վերջակետ դնել, որովհետև, եթե հետախուզությունը չիմանար, զորքերն ու զորամասերը պահպանությունից պաշտպանության չէին անցնի: Երկու բառով բացատրեմ՝ ինչ է պահպանությունը, ինչ է պաշտպանությունը: Պահպանությունն առօրյա ծառայությունն է, որն իրականացնում են մեր սահմանապահները: Պաշտպանությունն անմիջապես այն գործողությունն է, որ սպասում ես հարձակման: Ղարաբաղյան զորքերը բերվել են պաշտպանության: Բերվել են համապատասխան հետախուզության հիման վրա»: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հետախուզությունը կռահել է ոչ միայն՝ նախորդող գործողությունների մասին, այլ՝ ամենաբարդ խնդիրը, որն ավելի կարևոր է՝ հարձակման հիմնական ուղղությունը:

«Պատերազմների պատմության մեջ ամենաբարդ խնդիրը զորավարների համար միշտ եղել է հարձակման հիմնական ուղղությունն ու հարձակման հիմնական տրամաբանությունը, որովհետև կողմերը միշտ փորձում են խաբել մեկը մյուսին: Անցնող 1.5 տարիների ընթացքում հակառակորդը կատարել է, մոտավորապես 150-ից ավելի ենք մենք հաշվում, բայց գալիս է մոտ 180-ից մի քիչ ավելի դիվերսիոն ներթափանցման փորձ կամ անմիջապես դիվերսիոն ներթափանցում: Ովքեր ծառայել են, գիտեն՝ դա ինչ է: 1.5 տարի հակառակորդը գրեթե ամեն շաբաթ նոր ուժեր է բերել առաջնագիծ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ նման պայմաններում հետախուզության մեջ մեղավոր գտնել, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ է, որովհետև հակառակորդը 1.5 տարի նոր ուժեր է կուտակել և ամեն օր նոր բերված ուժերով մեզ վրա հարձակվել.

«Ամեն օր իր հարձակումը սպասել ես ու ամեն օր ետ ես մղել, հաջորդ օրը սպասել ես էլի հարձակման: Եթե այս ամենի մեջ հակառակորդը դիտավորություն է ունեցել, որ անգամ իր չստացված դիվերսիաներով մեր զգոնությունն ընտելացնի ինչ-որ գործողությունների տրամաբանության, այստեղ որևէ մեկին չես կարող մեղադրել: Հիմա կարծես շախմատիստին, որը վերջում հաղթել է պարտիան, մեղադրեք, թե՝ ինչու ժամանակից շուտ մի քանի կարևոր քարեր կորցրիր: Հիմա կոնկրետ այսպիսի մեղադրանքներ են հնչում:

Հաղթող բանակին, գլխավոր հարվածը կռահող հետախուզությանն ասում եք՝ գիտե՞ք ինչ կա՝ ինչո՞ւ այնպես չարեցիք, որ ընդհանրապես մարդ չմեռներ»: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը կիրառել է 100-ից ավելի զրահատեխնիկա, կրակել 30 հազար հրետանային արկ: Նա նշեց, որ եղել է լայնածավալ օպերացիա, շատ ցավալի է մեզ համար, բայց պատերազմն ունի իր կանոնները:

 

Տեսանյութեր

Լրահոս