
ԱՄՆ նախագահը շարունակում է հավատարիմ մնալ՝ աշխատելու այն ուղղությամբ, որպեսզի լիարժեք և ամբողջական կերպով ճանաչվեն դեպքերը. Ռիչարդ Միլս

tert.am-ը գրում է. Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն այսօր Ծիծառնակաբերդում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, լրագրողների հետ զրույցում ասել է, թե իր համար պատիվ է ներկայացնել Միացյալ Նահանգների կառավարությանը և ժողովրդին, երբ հարգանքի տուրք է մատուցվում այն դեպքերի հիշատակին, որն, ԱՄՆ նախագահի խոսքերով, 20-րդ դարի վատթարագույն ողբերգություններից էր:
«100 տարի առաջ միլիոնավոր հայեր մահվան երթերով, կոտորածների ու տեղահանություններին զոհ գնացին: Մենք այսօր հիշատակի տուրք ենք մատուցում նրանց և ներդրում ունենում, որպեսզի նման դեպքեր երբևէ չկրկնվեն»,- ասել է դեսպանը:
Լրագրողի հարցին, թե Ռիչարդ Միլսն ինչպես է վերաբերում փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր խոստումը չկատարեց և դարձյալ «ցեղասպանություն» բառը չօգտագործեց, դեսպանը պատասխանել է. «Կարծում եմ՝ երեկ նախագահը շատ հզոր, ուժեղ հայտարարություն է արել: Նա դեպքերը որակեց որպես 20-րդ դարի վատթարագույն վայրագություններից մեկը: ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում այն հանձնառությանը, ինչին ձգտում ենք մենք բոլորս՝ դեպքերի լիարժեք, ամբողջական և արդարացի ճանաչմանը: ԱՄՆ նախագահը շարունակում է հավատարիմ մնալ աշխատելու այն ուղղությամբ, որպեսզի լիարժեք և ամբողջական կերպով ճանաչվեն դեպքերը»:
Այն հարցին, թե այդպիսով, Բարաք Օբաման գուցե չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնել, դեսպանը պատասխանել է. «Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ իր նպատակը ճշմարտությունն է և երկու հասարակությունների միջև հաշտեցումը, նա շարունակում է հավատարիմ մնալ այդ հանձնառությանը:Այստեղ լինելով և հավերժական կրակի մոտ հարգանքի տուրք մատուցելով՝ մեկ անգամ ևս հաստատում ենք այդ հանձնառությունը»: