«Ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում…». «Հրապարակ»

27-ամյա կապիտան Հովսեփ Կիրակոսյանը վեց ամսից մայորի կոչում կստանար, եթե չարաբաստիկ պատերազմը չխլեր նրա կյանքը։ Դեմ գնալով ծնողների ցանկությանը, ընտրել էր սակրավորի բարդ ու պատասխանատու մասնագիտությունը և զինվորագրվել հայրենապաշտպանության սուրբ գործին։ Կնոջ և երկու մանկահասակ որդիների հետ հայրենի Ապագա գյուղի տեղափոխվել էր Արցախ, որտեղ ապրում և անձնվիրաբար ծառայում էր հայրենիքին։ Մայրը՝ տիկին Մարգարիտան, շարունակ տագնապներ է ունեցել որդու կյանքի համար։ Բացառիկ օրը, որ մայրական սիրտը ոչինչ չի գուժել, ապրիլի 1-ն է եղել։

«Այդ օրը զանգեց, տրամադրությունը վատ չէր։ Ասաց, որ ինքն էլ, երեխաներն էլ լավ են, որ իրենց համար չանհանգստանանք։ Բայց երբ ամսի 2-ի առավոտյան զանգեց եղբորն ու ասաց, որ գնա Ղարաբաղ երեխաներին փրկելու, ես վատացա»,- կորստի ցավից արցունքները կուլ տալով՝ պատմեց տիկին Մարգարիտան։

Թեև իր որդուն լավ է ճանաչում, բայց երբ ականատեսները դրվագ առ դրվագ ներկայացնում են Հովսեփի քաջագործությունները, նա մի այլ լույսի տակ է երևում մորը։ «Երբեք չես կարող ասել, թե կոնկրետ իրավիճակում քեզ ինչպես կպահես։ Երբ հայրենիքի համար օրհասական պահին նժարի վրա են դրվել մի կողմից հայրենիքն ու իր 25 զինվորները, իսկ մյուս կողմից՝ սեփական երեխաների կյանքը, որդիս ընտրել է առաջինը։

Գիշերվա ժամը 3-ին կնոջն ու քնած երեխաներին արթնացրել ու ասել է, որ արագ շենքի նկուղ իջնեն, իսկ ինքը, վայրկյան չկորցնելով, շտապել է զորամաս՝ իր ենթակայության տակ գտնվող զինվորների կողքին լինելու։ Կրտսեր որդու շորերը հագցնելու կնոջ խնդրանքը մերժելով՝ ասել է. «Դու ուժեղ ես, Մարիամ, դու կարող ես ինքնուրույն անել ու այստեղից փախցնել երեխաներին»։

Որդու հերոսական մահվան լուրը մայրն իմացել է ամսին 2-ին։

«Երբ Հովսեփը նկատել է, որ անօդաչու սարքը նկարում է վաշտը, զինանոցն ու իր աշխատասենյակը, զորքին կարգադրել է անմիջապես դուրս գալ վաշտից։ Ասել է՝ թիրախը ես եմ, ու 25 զինվորներին դուրս է հանել։ Դրանից հետո ռմբակոծել են վաշտն էլ, իր աշխատասենյակն էլ»,– պատմում է մայրը։

Ծանր վիրավորված կապիտանը, սակայն, չի ընկրկել։ Այդ վիճակում 30 մետր վազելով առաջ է գնացել եւ նռնակով պայթեցրել թշնամու զինվորներին։ Նրա ծառայակիցներից մեկը տեսել է, թե ինչպես է աչքերն ու ականջները արյան մեջ կորած կապիտանն առաջ ընթանում, որ և՛ հակառակորդին մոտ չթողնի, և՛ ինքը գերի չընկնի։ Հերոսի մահով ընկած կապիտան որդու անդառնալի կորուստը ոչնչով չի մեղմում սեւազգեստ մոր սիրտը։ Անհայր մեծացող թոռնիկների կարոտի կանչերն էլ մի կողմից են ցավ պատճառում։

«Ճիշտ է՝ հպարտ եմ, որ իր կյանքով 25 զինվորի կյանք փրկեց, բայց դրանից վերքս չի թեթեւանում։ Եթե կա մի բան, որ իմ ու իմ նման մայրերի վիշտը գոնե փոքր-ինչ կարող է թեթեւացնել, դա այն է, որ սեփական ձեռքերովս որեւէ թուրքի սիրտ հանեմ»։

Ընտանիքը մի կերպ է վաստակում իր օրվա հացը։ Հող են մշակում, ինչով էլ հոգում են իրենց ապրուստը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս