Ժպիտը՝ առաջնագծից. պատմում են կամավորները
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի հենց առաջին օրերից նկատվում էր կամավորականների մեծ հոսք: Չկար տարիքային սահմանափակում. բոլորը մեկնում էի Արցախ՝ օգնելու հայ զինվորին:
Արցախ մեկնողների թվում էր նաև 25-ամյա Անդրանիկ Մանուկյանը, ով իր ընկերների հետ առաջնագծում անցկացրեց 10 օր: Նա իր ընկերների՝ Նարեկ սարկավագի, Վոլոդյայի և Համլետի հետ ապրիլի 3-ի վաղ առավոտյան մեկնեց Արցախ:
«Գնացինք Ստեփանակերտ: Մարտակերտում ապրող Մատաղիսի հոգևոր սպասավոր Գոռ սարկավագն իր մեքենայով տարավ Մարտակերտ, որն արդեն գնդակոծվում էր: Մի օր մնացինք Հոռաթաղում, մի օր՝ Մարտակերտ՝ Գոռենց տանը: Հաջորդ օրը հրետանավորների հետ առավոտից փոս էինք փորում, հետո ասեցին, որ 2 ժամով հրադադար է, բարձրացանք Մատաղիս, հետո՝ Եղնիկներ: Այնտեղ արդեն կամավորներին ծանոթով գրեցին պահեստազորի մեջ ու բարձրացրին իմ հարազատ մարտական դիրք»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Անդրանիկը:
Հայ կամավորները մարտի են գնում ժպտալով: Իսկ հումորների և ժպիտների պակաս չի զգացվում անգամ մարտական հենակետում: Անդրանիկի և իր ընկերների շնորհիվ հավաքագրել ենք անցած օրերին առաջնագծում հնչած ամենահետաքրքիր մտքերն ու ծիծաղելի երկխոսությունները:
Վաշտի հրամանատարին՝
– Սպասի, ո՞ւր ես կրակում, ախր հրադադար է:
– Ի՞նչ հրադադար: 10 ավտո գալիս է իրանց պոստի կողմ, հո չե՞նք թողնի, որ զինվեն նորից: Տենց կարող ենք երկիր կորցնել:
***
Պետք է տեսնեիք մեր դիրքի խեղճ ավագի հայացքը, երբ քաջարանցի Նորայրը՝ «զապալը», ձգում էր նռնակը, գցում ծոցագրպանը, զենքը լիցքավորում ու բարձրանում խրամատ: Ասում է՝ դրան մի փոքր բան էլ որ պահի, կարող է պայթել, իսկ Նորայրը ժպտում էր ու ժպտում, ժպտում էր ու ժպտում՝ ասելով. «Ա, բան էլ չի լինի»:
***
Հարցնում եմ, թե բա էս ո՞նց եղավ, որ Քաջարանով բոլորով եկաք:
Ասում է. «Մենք գիտեինք՝ գնում ենք Ջաբրաիլի պոստերը հետ բերենք, էն էլ բերեցին դրախտ, որ մեզ վնաս չսպառնա»:
Դրախտն էլ՝ Եղնիկներն է:
***
Մեկն ասում է՝ Ռուսաստանում Անյուտան սպասում է: Էս երկիր չի, գնալու եմ իրա մոտ: Բայց կամավոր եկել է կռվելու:
***
Մարդը նեղված է, ասում է՝ տղայիս են դատում, ինչպե՞ս լավատես լինեմ: Ու այդ մարդը կամավոր էր եկել կռվելու:
***
Դե արի ու տղային հերոս մի անվանի:
1 ժամվա մեջ 100 արկ 120մմ ականանետից կրակել է, գնացել է, որ արկղը բերի՝ չի կարողացել կանգնել ոտքի վրա, քանի որ ցնցում է տարել, հոսպիտալ տարան, բայց երբ մենք գնացինք, արդեն մարտադաշտ էր վերադարձել: Ասում են՝ հենց ուշքի է եկել, մի կերպ պոկվել է բժիշկներից ու վերադարձել ընկերների մոտ:
***
Ասում է.
– Կամավորագրվա՞ծ ես եկել:
– Չէ, 21 էի, չգրեցին:
– Բա ո՞նց ես եկել:
– Դու` կամավոր, ես` կամակոր:
***
Գվարդիական Արթուրն ամբողջ 10 օրը զենքը գրկած քնեց, տեսնես՝ երազում ինչե՜ր է տեսել:
***
– Ձյաձյ Նորիկ, էդ ի՞նչ կրակոցներ էին:
– Դե, ձորի մեջ լույս տեսանք:
– Բա չգնա՞նք մենք էլ մի քիչ լույս տենանք:
***
Պոստում էնքան ուտելիք կար, որ զզվեցրեցին հաց տալով՝
– նախաճաշ
– հետնախաճաշ
– լանչ
– ճաշ
– հետճաշ
– նախաընթիք
– ընթրիք
– հետընթրիք և այլն:
***
Ասում է, դե, պոստում X թվով ենք, ու դրա կեսը կկանգնեն պոստի:
Հարցնում եմ՝ բայց ինչի՞, ախր շատ ենք, գոնե 3 հերթափոխով կանգնենք:
– Որ 3 հերթափոխով կանգնենք, քնելու տեղ չի լինի:
***
Մարտակերտում տղերքի հետ փոս էինք փորում, էնքան խնդացրի, էն տղեն ասում է՝ ապեր, հերիք ա, մենք, աչքիս, ոչ թե սնարյադից ենք մեռնելու, այլ՝ խնդալուց:
***
Չնայած քաղաքը գնդակոծում են, բայց Գոռ սարկավագի հայրը մնացել է ու չի ուզում, որ իր հետ մնանք, ասում է՝ մարդ ա 100 եվրո կտաք՝ կմնաք: Ասում է, որ պատերազմի ժամանակ կոշիկն այդ պոստի դիմաց է մնացել, խելոք չմնան՝ կգնա վերցնելու: Գոռ սարկավագի հայրը, մեկ է, չի գնալու, ինքը թեյ է խմում ու օնլայն շախմատ խաղում:
***
– Տղաներն ո՞ւր են:
– Երևանում՝ շտաբում:
– Բա Գոռե՞նք:
– Ստեփանակերտում:
– Փաստորեն, ամենալավ վիճակում մենք ենք՝ Մարտակերտի գնդակոծությունների տակ:
***
Մարտակերտի զինվորներից մեկը, ում հետ զրուցում էինք, մի օր հետո վիրավորվեց: Լավ տղա է, շատ հումորով, ասում է՝ ոնց որ ջոմանջի խաղը լինի, նայում ես՝ տանիքը կա, մեկ էլ տեսնում ես՝ չկա:
***
Ասում է՝ այստեղի կոորդինատները տվել են, հեռու գնացեք, շուտով կգնդակոծեն: Մենք էլ, թե՝ ինչո՞ւ ենք հեռու գնում, իրենք շաշ են, շեղ են խփելու: Ու իրոք այդպես է:
***
– Տեղդ ասա ու մեկ էլ՝ ի՞նչ ուտելիք, որ ուղարկենք:
– Որ տեղս ասեմ, պիտի ասեմ՝ 2 հատ սոկ, մի հատ սնարյադ:
***
Ասում է՝ դու է՞լ ես հոգևորական, ասում եմ՝ չէ, հոգևորականը նա է, ես ոգևորական եմ:
Սիրարփի Աղաբաբյան